ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, երեկ անդրադառնալով սահմանային միջադեպերին եւ ադրբեջանական կողմի գործողություններին, ասաց, որ յուրաքանչյուր միջադեպի առնչությամբ կարեւոր է, որպեսզի քրեական գործեր հարուցվեն։ Պաշտպանն ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու կառավարության թերացումները սահմանային բնակիչների խախտված իրավունքների պաշտպանության հարցում: «Քրեական գործեր հարուցելով` մենք ապացույցներ ենք ապահովում, որպեսզի հետագայում պաշտպանենք մեր քաղաքացիներին միջազգային ասպարեզներում, որովհետեւ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցն այլ բան է, քրեական գործով հարուցված ապացույցները՝ այլ՝ միջազգային ատյանների համար»,- ասաց Արման Թաթոյանը։

 

Նրա համոզմամբ՝ նման լարված պայմաններում սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա (սահմանագծում եւ սահմանազատում) չի կարելի անել. «Իմ կարծիքով՝ այս պայմաններում սահմանային դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց չի կարող տեղի ունենալ: Դա, նախ, խախտումները կլեգիտիմացնի, երկրորդ՝ կարող է նույնիսկ ավելի մեծ լարվածություն բերել բնակիչների իրավունքների պաշտպանության առումով, որոնք շարունակում են մնալ խախտված»: Ըստ պաշտպանի՝ եթե, այնուամենայնիվ, սկսվի այդ գործընթացը, դա պետք է տեղի ունենա հայկական տարածքներից ադրբեջանցի զինվորականների հեռացմանը զուգահեռ։ Ադրբեջանական զինվորականների ներկայությունը խախտում է սահմանային բնակիչների կյանքի, ջրի, ազատ տեղաշարժվելու իրավունքները: Ունենք պաշտոնյաներ, որոնք իրենց հայտարարություններով պարզապես նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին: Պաշտպանի խոսքով, ճիշտ դելիմիտացիան եւ դեմարկացիան մարդու իրավունքների պաշտպանության կարեւորագույն երաշխիք է. «Չնայած այսօր մարդիկ ունեն օրինական փաստաթղթեր իրենց իրավունքներով, բայց զրկված են դրանք օգտագործելու հնարավորություններից: Հիմա եթե մենք ադրբեջանցիների չհեռանալու պայմաններով ենք դա կատարում, խնդիր է առաջանում»։ Նա նաեւ ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հովանավորել հայատյացությունը, թշնամանքը մեր ժողովրդի նկատմամբ. «Անգամ ես միջազգային կառույցներին ցույց եմ տվել, որ դա ֆաշիզմի հասնող թշնամանք է»:

«Ադրբեջանական զինծառայողները 5 տարուց ավելի է՝ փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը, այն այլեւս չի միախառնվում գետին»,- ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանցիները հատուկ փոխել են հունը Զվարագետ վտակի, այն այլեւս չի միանում Մեղրի գետին, այդ իսկ պատճառով, օգոստոսից սկսած, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լրջագույն խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու եւ ոռոգման ջրի հասանելիության հետ»,- հայտարարեց Թաթոյանը։

ՄԻՊ-ը հավելեց, որ Հայաստանը ՄԱԿ-ում, ԵԽ-ում եւ այլ միջազգային կառույցներում այդ հարցերը բարձրացնելու լայն հնարավորություններ ունի։

Մյուս հարցը, որ ջրի հասանելիության խնդիր է, Արման Թաթոյանի խոսքերով, Սեւ լճի հատվածն է, ուր ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը ու իրենց հանցավոր ներկայությամբ խախտում են Հայաստանի քաղաքացիների իրավունքները։

«Այդ ջրային պաշարները նրանց վերահսկողության ներքո են»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ այս հարցերը Հայաստանը ՄԱԿ-ում, ԵԽ-ում եւ այլ միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորություններ ունի։

Թաթոյանի խոսքերով՝ Գեղարքունիքի մարզում կան ջրային ավազաններ, որոնք այս պահին գտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ն.Հ.

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՏԵՍՈՒՉԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արամ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ՀՀ ոստիկանության պետի՝ 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 303-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի պաշտոնը, իրեն տրված լիազորությունների շրջանակում հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

 

ԿԱՇԱՌՔ Է ՊԱՀԱՆՋԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Միքայել Եգանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, Նարեկ Հայրապետյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողության համար 2021թ. մարտի 22-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.638.800 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն Անդրանիկ Ղլացյանի օժանդակությամբ կաշառքի չափը նվազեցնելու վերաբերյալ խորհուրդներ ստանալու եւ Նարեկ Հայրապետյանի հետ սակարկությունների արդյունքում պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.111.048 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք:

Անդրանիկ Ղլացյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Միքայել Եգանյանին իր ծանոթ Նարեկ Հայրապետյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Էդգար Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Միքայել Եգանյանին՝ Նարեկ Հայրապետյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:

 

 

 

ՎԵՐՍԿՍՈՒՄ Է

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ ս.թ. հուլիսի 14-ից Երեւանում գործող BLS International Armenia Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկների համար։ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։

 

 

ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ֆրանսիայի դեսպանատունը պատասխանել է haqqin.az-ի խմբագրական խորհրդի հարցմանն այն մասին, թե ինչ շարժառիթներ եւ պատճառներ են դրդել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին մերժելու Ադրբեջանի կառավարության՝ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Շուշի քաղաք մեկնելու հրավերը: Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանություններն անցած հանգստյան օրերին շրջագայություն էին կազմակերպել օտարերկրյա դեսպանների համար դեպի Վարանդա (Ֆիզուլի) եւ Շուշի, սակայն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի դեսպաններն անտեսել էին Ադրբեջանի կառավարության հրավերը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումը հանրային ընդվզում է առաջացրել Ադրբեջանում: Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը բացատրել էր՝ ինչու դեսպանն այդ երկրում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչների հետ չի մեկնել Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք: «Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցին վերաբերող մանրամասները կամ պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների: Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ Բաքվում կային մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, որոնք ի վիճակի չէին մեկնել Ֆիզուլի եւ Շուշի»,- ասված է ԱՄՆ դեսպանատան նամակում:

 

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՑ

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ բանկի կողմից սահմանվել են հետեւյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.28 դրամով եւ կազմել 496.16 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով եւ կազմել 587.55 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով եւ կազմել 6.70 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.14 դրամով եւ կազմել 687.38 դրամ: Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 200.69 դրամով եւ կազմել 28592.21 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.13 դրամով եւ կազմել 413.55 դրամ: Պլատինի գինն աճել է 249.09 դրամով եւ կազմել 17626.86 դրամ:

 

 

 

 




Լրահոս