ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾԸ IT ՈԼՈՐՏՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի ընդունելության քննությունները տարբերվեցին թե՛ 2019-ի, թե՛ 2020-ի քննություններից: Այս մասին հայտարարել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը: «Բանն այն է, որ 2019-ի ընդունելության քննություններն անցել են իրենց բնականոն հունով, 2020 թվականի քննությունները, ինչպես գիտեք, դիմորդները հանձնել են միայն մեկ քննություն, իսկ 2021-ին առավելագույնը 2 քննություն են հանձնել: Բուհերին անվճար հատկացված տեղեր ունեինք 1800, եւ վճարովի՝ 21 820 տեղ: Միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 11 058 դիմորդ, ընդունվածների թիվը՝ 8083: Մրցույթից դուրս է մնացել 2935, որոնց շարքում կտրվածների թիվը կազմել է 1546»,- ասել է նա: Վերջինիս խոսքով՝ դուրս մնացածները, ինչպես նաեւ քննություններից կտրվողներից նրանք, որոնք երկու քննությունից մեկի դեպքում դրական գնահատական են ստացել, հնարավորություն ունեն մասնակցել թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին: «Թափուր տեղերի թիվը մեծ է, որովհետեւ բացի պետական բուհերից,  ընդգրկված են ոչ պետական բուհերը»,-ընդգծել է նա:

 

Ըստ Նասիբյանի՝ բուհերի ընդունելության քննություններում այս տարի ամենապահանջված ոլորտը IT ոլորտն է: «Պահանջված է իրավագիտությունը, այստեղ դիմորդների կեսն ընդունվել է: Պահանջված են բժշկական մասնագիտությունները: Եթե տարիներ շարունակ պահանված էին տնտեսագիտական մասնագիտությունները, այս տարի այդ մասնագիտություններում նույնիսկ շատ ցածր միավորումներով ընդունվել են, համարյա մրցակցություն չի եղել»,- ասաց նա: Նասիբյանի խոսքով՝ մարզերի բուհերի վիճակը բարվոք չէ: Օրինակ՝ Գորիսի պետական համալսարանում միասնական քննություններով ընդունվել է ընդամենը 52 հոգի: «Այս տարի եւս շատ քիչ դիմորդներ են եղել քիմիային վերաբերող մասնագիտությունների գծով: ԵՊՀ-ում թափուր տեղերի թիվը մեծ է կրոնագիտություն, աստվածաբանություն, արվեստաբանություն, մշակութաբանություն մասնագիտություններում»,-նշել է ԳԹԿ փոխտնօրենը: «Չէի ասի, որ այս տարի ընդունելության քննություններում Հայոց լեզվից գնահատականները ցածր էին. Հայոց լեզվի գնահատականները տարիների միջինն էր: Փորձը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում քննություն անցնողների կա՛մ կեսը, կա՛մ 2/3-ը ստանում են անբավարար գնահատականներ»,- ասել է նա: Նասիբյանը նկատել է, որ տարիներ շարունակ օտար լեզվից միշտ ավելի բարձր են ստանում, քան Հայոց լեզվից. «Այս տարի բարձր ստացան նաեւ Հայոց պատմությունից: Անգլերենի եւ Հայոց պատմության միջին միավորները համարյա հավասարվեցին: Միայն պատմությունից 135 հոգի 20 են ստացել: Դա ես բացատրում եմ նրանով, որ թեստերը թույլ էին: 4 տարի շտեմարանները չեն փոխվել, երիտասարդների համար դժվար չի 4 շտեմարան անգիր անել»,- ասել է նա:

Մասնագետի պնդմամբ՝ արդեն սովորական է դարձել, որ դիմորդի մոտ հայտնաբերում են հեռախոս, էլեկտրոնային այլ սարքեր, որոնք ամրացված են լինում մարմնի տարբեր մասերին:  «Իրենք երբեմն նույնիսկ այդ սարքերը վարձով են վերցնում: Համապատասխան գումարը մուծում են՝ 1-2 օրով օգտագործելու համար: Նման դեպքերը նախկինում ավելի շատ էին: Նախկինում լինում էր, որ դիմորդը քննական կենտրոն գալիս էր 3 հեռախոսով՝ մեկը հանձնում էր, երկրորդը իբր հայնաբերում էինք մենք, մտքովդ չի անցնում, որ կարող է ունենալ 3-րդ, 4-րդ հեռախոսներ: Հիմա այդ դեպքերը քչացել են, կարծում եմ՝ անցել են ավելի բարձր տեխնոլոգիաների»,-ասել է նա:

 

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ԱՆԲԱՐԵԿԱՐԳ

Մի քանի  օր առաջ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այցելել է  Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։ Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանի ուղեկցությամբ եղել է Մ6 ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ՝ շուրջ 51,74 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածի Այրում-Հաղպատ, Սանահին կայարան-Հաղպատ տեղամասերում, ծանոթացել է Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում ասֆալտապատման ավարտված աշխատանքների արդյունքին։ Այցելած տեղամասերում ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը զրուցել է կապալառու կազմակերպությունների, շինաշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների, շինարարների հետ, տվել է ծրագրի կատարման ընթացքին առնչվող հանձնարարականներ։ Ալավերդի քաղաքի բնակիչ, 30 տարվա լրագրող Հրաչյա Պապինյանը գրել է. «Մեր  պանծալի շինարարները. Մ6 մայրուղու Բաղրամյան-Ալավերդի հատվածի թույլ անձրեւի ժամանակ առաջացած այս փակ ծովերը, ըստ մոտիկ օբյեկտներում աշխատողների, ուժեղ անձրեւների ժամանակ վերածվում են օվկիանոսների: Գիտե՞ք ինչու. անձրեւաջրերի հեռացման փոսերը ուղիղ այս օվկիանոսների դեմն են՝ ճանապարհի հակառակ կողմում, իսկ հայտնի է, որ ջուրը վերեւ բարձրանում է միայն Արագածի լանջին: Մյուս նկարում էլ մայրուղուն միացող գրունտային ճանապարհի հոսքն է, ասացին, որ ուժեղ անձրեւների ժամանակ սելավաջրեր են այս ճանապարհից լցվում մայրուղի, չկա ջրահեռացման համակարգ ընդհանրապես, չկա նաեւ տեր՝ ասող, շինարարին կարգի հրավիրող ու էսպես էլ չկա։ Ուղիղ երեք տարի կառուցելուց հետո էս հատվածում հավանաբար մնում է նշագծել ու մայթերն ասֆալտապատել: Բայց էսպես քանի տարի կդիմանա, չէ՞ որ միլիարդներ են ծախսվում» ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավարի, Գորիս համայնքի եւ Որոտան, Քարահունջ բնակավայրերի վարչական ղեկավարների, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ու նրանց ազատությունից զրկելու հետ կապված հարցերն ի սկզբանե գտնվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:

 

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր ներկայացնելուց հետո աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզ, տեղի են ունեցել այցեր ազատությունից զրկված մի շարք ղեկավարների, ինչպես նաեւ քննարկումներ՝ մարզի բնակիչների հետ: Քննարկումներ են տեղի ունեցել նաեւ իրավապահ եւ տեղական ինքնակառավարման նշված մարմիններից մի քանիսի հետ: Առանձին ուսումնասիրվում եւ վերլուծության են ենթարկվում լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի հրապարակումները:

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել համայնքների ղեկավարների փաստաբանները՝ կապված նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումների եւ նրանց ազատությունից զրկելու հետ: Ըստ փաստաբանների՝ քրեական հետապնդումները, ձերբակալումներն ու կալանավորումները չունեն հիմքեր եւ պետք է անհապաղ դադարեցվեն կամ վերացվեն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արդեն իսկ ուղարկվել են մի շարք պաշտոնական գրություններ:

Դրանից բացի, հունիսի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում փաստաբանների հետ: Մանրամասն քննարկվել են Գորիս, Սիսիան, Քաջարան համայնքների ղեկավարների, Մեղրի համայնքի նախկին ղեկավարի փաստաբանների բարձրացրած եւ նրանցից յուրաքանչյուրի վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը: Այլ հարցերի թվում փաստաբանները պնդել են, որ իրենց վստահորդներին բերման ենթարկելն ու ձերբակալելը տեղի են ունեցել նրանց իրավունքների խախտումներով, օրենքի խախտմամբ է տեղի ունեցել նաեւ քրեական հետապնդման նախաձեռնումն ու կալանավորումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան միջոցների ձեռնարկումը:

Սույն հայտարարությամբ հարկ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում շարունակվում է օրենքով նախատեսված միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ քննարկումների, այցերի եւ պաշտոնական հաղորդակցության միջոցով:

 

 




Լրահոս