ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զինծառայողները 2021թ. հուլիսի 19-ի  հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

 

Մասնավորապես, բողոքների եւ ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետեւյալը. նախ՝ պարզվել է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկը 2021թ. հուլիսի 19-ին՝ առավոտյան ժամը 10-10:30-ի սահմաններում, գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել իրեն եւ իր ընտանիքին օրինական փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում: Նա մասնավորապես իրականացրել է հացահատիկի բերքահավաք կոմբայնով:

Տեղ գյուղի նշված բնակչի հողատարածքը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի դիրքերի անմիջական հարեւանությամբ: Չնայած դրան՝ աշխատանքների լիարժեքության համար կոմբայնավարը ստիպված է եղել ցորենը հավաքել նաեւ հողատարածքի եզրային հատվածներով: Երբ կոմբայնավարը եզրային հատվածներից մեկում ավարտել է աշխատանքները եւ այդ վայրից գտնվել է շուրջ 150 մետր հեռավորության վրա՝ դեպի ՀՀ տարածքի խորքը, նկատել է, որ իրեն են մոտենում ադրբեջանական մի շարք զինված ծառայողներ: Մոտենալով ադրբեջանական զինծառայողները զենքով սպառնացել են Տեղ գյուղի բնակչին, գոռգոռացել  ու քաշքշել են վերջինիս, փորձել են նրան ու կոմբայնը hարկադրաբար տեղափոխել դեպի իրենց դիրքեր:

Փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փաստացի ապօրինաբար ազատությունից զրկել են իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում կոմբայնով հացահատիկի բերքահավաք իրականացնող ՀՀ Սյունիքի մարզի տեղ գյուղի բնակչին՝ կոմբայնավարին, տեւական ժամանակով խոչընդոտել են գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը:

Կոմբայնավարն անմիջապես ահազանգել է Տեղ համայնքի ղեկավարին: Դրանից հետո համայնքի ղեկավարի, ՀՀ զինված ուժերի ու տեղի ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարական կազմերի ջանքերի շնորհիվ հուլիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, կոմբայնն ու կոմբայնավարը վերադարձվել են հայկական կողմին: Մարդու իրավունքների պաշտպանը նկարագրված միջադեպի վերաբերյալ օբյեկտիվ ապացույցները կտրամադրի համապատասխան, այդ թվում` միջազգային միջկառավարական մարմինների: Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են նաեւ, որ նշված միջադեպից բացի, ադրբեջանական զինված ուժերը 2021թ. հուլիսի 19-ից լույս 20-ի գիշերը կրակոցներ են արձակել Տեղ համայնքի Խնածախ եւ Արավուս գյուղերի անմիջական հարեւանությամբ՝ խաթարելով գյուղերի բնակիչների անդորրը եւ խաղաղ կյանքը: Կրակոցները դադարել են միայն ՀՀ Զինված ուժերի՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ կրակոցների արդյունքում:

Նշված բոլոր տեղեկությունները հաստատել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարը,  հաստատվել են բնակիչների վկայություններով, լրատվամիջոցների հրապարակումներով, ինչպես նաեւ հուլիսի 19-ի միջադեպի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր բնույթի նշված արարքները պետք է դիտել միասնական դիտավորության մեջ:

Դա հաստատվում է նաեւ այն կրակոցների ֆոնին, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակաբար հրահրում են ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ քաղաքացիական բնակավայրերի հարեւանությամբ, ու դիտավորյալ խաթարում սահմանային բնակչության խաղաղ կյանքը՝ ոտնահարելով նրանց իրավունքները (կյանքի եւ առողջության, սեփականության եւ հոգեկան անձեռնմխելիության եւ այլ կենսական իրավունքներ):

 

 

ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Նախատեսվում է Հրազդան գետի եւ Երեւանյան լճի առափնյա տարածքներում մեծածավալ մաքրման աշխատանքներ իրականացնել: Խորհրդային տարիներից ի վեր Հրազդան գետում եւ Երեւանյան լճում նման ծավալով մաքրման աշխատանքներ չեն իրականացվել։ Տնտեսավարողների ու քաղաքացիների գործողություններով պայմանավորված՝ նախնական հաշվարկներով Երեւանյան լճի ու Հրազդանի գետի առափնյա տարածքներում կա կուտակված մոտ 13 հազար տոննա աղբ:

«Հրազդան գետը եւ Երեւանյան լիճը շատ կարեւոր են մայրաքաղաքի համար, լուծում են ոչ միայն Երեւանի ոռոգման խնդիրը, այլեւ մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի միկրոկլիմայի ձեւավորման համար: Նշված հատվածներում առափնյա տարածքների մաքրման այս մեծամասշտաբ ծրագիրը՝ բուն մաքրման աշխատանքը, իրականացվելու է 2022 թվականին: Ներկայում նախագծման փուլն է»,- նշեց պատասխանատու  Գեւորգ Կարապետյանը:

«Բուն մաքրման աշխատանքներից բացի, այդտեղ բարելավվելու են ենթակառուցվածքները: Մասնավորապես, տեղադրվելու են ճաղավանդակներ, իրականացվելու են աղբաորսիչ միջոցառումներ: Կատարվելու է գետնի հարթեցում, տեղադրվելու են լուսատուներ, որոնց արդյունքում տարածքներն ավելի հրապուրիչ կլինեն քաղաքացիների համար»,- ասաց Գեւորգ Կարապետյանը:

«Մենք պետք է լայնածավալ իրազեկման աշխատանքներ կատարենք եւ լայն հասարակությանը հասցնենք այն, թե ինչ բացասական հետեւանքներ ունի նույն, օրինակ, Երեւանյան լճի, Հրազդան գետի առափնյա հատվածներում աղբ թափելը: Խնդիրները բազմաթիվ են: Պատկերացրեք մեկ տոննա քանակությամբ պլաստիկը կուտակենք արեւի ուղիղ ճառագայթների ներքո: Դրանցում մասնիկներն անջատվում են, ձեւավորվում է գազ, որն էլ, բարձրանալով մթնոլորտ, նպաստում է ածխաթթու գազի ծավալների մեծացմանը: Դրանից բացի, վտանգվում են ջրային ռեսուրսները»,- ասաց Վահե Սալահյանը:

Խնդիր կա նաեւ սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված: Դա սրվում է հատկապես շոգ օրերին, երբ քաղաքացիներից շատերը գնում են Հրազդան գետ, Երեւանյան լիճ զովանալու, իսկ մի քանի մետր այն կողմ մեծածավալ աղբակույտեր են:

Ո՞րն է լուծումը: Ի վերջո, վերը նշված տարածքներն ամբողջությամբ մաքրելուց հետո որեւէ երաշխիք չկա, որ նորից այդտեղ աղբակույտեր չեն հավաքվելու: Պատասխանատուները նախատեսում են խստացնել պատժամիջոցները, սակայն հակված չեն մահակի քաղաքականությամբ առաջնորդվել: Շատ կարեւորում են իրազեկման աշխատանքներն ու կրթական ծրագրերը: Բանախոսները վստահություն հայտնեցին, որ մարդկանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմամբ հնարավոր կլինի ավելի լավ արդյունքների հասնել:

 

 

ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է

Հայաստանում հեղուկ գազի գինն արդեն օր օրի է բարձրանում. ArmLur.am-ը օրեր առաջ գրել էր, որ բարձրացել է ոչ միայն բենզինի, այլեւ բնական սեղմված եւ հեղուկ գազի գները։ Եթե երկու օր առաջ հեղուկ գազի մեկ լիտրի գինը թանկացել էր՝ 190-200 դրամից դառնալով 220 դրամ, ապա հիմա այն վաճառվում է 240-250 դրամով:

 

Պարզվում է, որ հեղուկ գազի շուկան վերահսկողությունից դուրս է, եւ ում խելքին ինչ գին փչի, դա էլ սահմանում է:  Այս շուկան չի վերահսկվում անգամ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից: Ըստ հանձնաժողովի՝ հեղուկ գազի շուկան մրցակցային է եւ ունի ցածր կենտրոնացվածություն: Փաստորեն այս շուկայում գործունեություն են ծավալում ավելի քան 50  տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների,  չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ գների վրա: Բայց, արի ու տես, որ հենց այդ ընկերություններն էլ որոշում են, թե ինչ գին սահմանեն, միեւնույնն է, վերահսկող չունեն:

Բայց հեղուկ գազի վաճառքով զբաղվող տնտեսվարողները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մեր հանրապետությունում այս ընթացքում հեղուկ գազ չկա, դեֆիցիտ է: Սրան զուգահեռ պահանջարկն է ավելացել. այսօր բազմաթիվ են այն վարորդները, որոնք իրենց մեքենաները լիցքավորում են հեղուկ գազով: Բացի այս, խոշոր վաճառողները՝ Ռուսաստանը, Իրանը, Իրաքը, բարձրացրել են գները, որովհետեւ աշխարհում հեղուկ գազի պահանջարկն ընդհանուր աճել է: Մյուս կողմից՝ Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Մասնագետների կանխատեսմամբ՝ առաջիկայում վառելիքը էլի կթանկանա՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների բարձրացմամբ: Նկատենք, որ դիզելային վառելիքի գինը եւս բարձրացել է՝ դառնալով 460 դրամ:

Իսկ եթե այս գինը պահպանվի կամ է՛լ ավելի բարձրանա, ապա բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, այն ավելի շատ կիրառվում է հողագործական աշխատանքների ժամանակ: Բայց, արի ու տես, մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է բենզինի շուկան. մինչեւ երբ, դեռ ծայրը չի երեւում:

Ս.Հ.




Լրահոս