Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար կառավարության ներքո հաստատված միջոցներից 8.9 մլրդ դրամ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնելու մասին: Ընդհանուր առմամբ, նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 50.7կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 44.9կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 1.7կմ, եւ մարզային նշանակության ավտոճանապարհներ` 4.15կմ: Ակնկալվող արդյունքն է պետական նշանակության ավտոճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում:
Որոշումը պայմանավորված է 2021 թվականի համար նախատեսված Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ108+400 – կմ126+100 հատվածի հիմնանորոգման, Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ150+700-կմ167+600 հատվածի հիմնանորոգման, Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ374+000 – կմ384+300 հատվածի հիմնանորոգման, Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+500 փլուզված հատվածի վերականգնման, Մ-10, Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ122+000 – կմ124+000 հատվածում հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի եւ կառուցվածքների վերակագնման, Հ-11, մոտեցում Խոր Վիրապին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ1+700 հատվածի հիմնանորոգման, Տ-7-52, /Հ-21/ (Արթիկ)-Անուշավան-Փանիկ (Տ-7-53) ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+000 հատվածի հիմնանորոգման եւ Իջեւան քաղաքի Սարիբեկ-Օհանյան փողոցի կմ0+000-կմ1+145 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով, շինարարության, տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ: Անդրադառնալով թեմային՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ընդհանուր առմամբ, ճանապարհաշինարարությունը մեզ համար շատ կարեւոր ուղղություն է։ Ուզում եմ ընդգծել, որ այստեղ եւս մի թիրախային նպատակի միջանկյալ առումով հասել ենք: Խոսքը մեր ճանապարհների որակի մասին է։ Այսօր մենք կարող ենք ասել, որ ճանապարների շինարարության որակի առումով ունենք տեսանելի առաջընթաց, բայց եկեք, պարո՛ն Պապիկյան, արձանագրենք, որ մենք դեռ չենք հասել այն նպատակին, որի մասին խոսում էինք 2018թ։ Խոսքը մեր ճանապարհների որակի բոլորովին նոր ստանդարտի հասնելու մասին է: Ուզում եմ նաեւ բարձրաձայնել այն թեմաները, որոնց մասին մենք մի քանի անգամ աշխատանքային քննարկումների ժամանակ խոսել ենք։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով պարտավորվել ենք առաջիկա հինգ տարիներին կառուցել 2600կմ ճանապարհ, 500 մանկապարտեզ, 300 դպրոց, սկսել կամ ավարտին հասցնել 15 ջրամբարների շինարարություն»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանում գործող շինարարական ներուժը հնարավորություն չի տալիս այս ծրագրերն ամբողջությամբ իրականացնել՝ մանրամասնելով, որ բոլոր շինարարական կազմակերպությունները չունեն այնքան պոտենցիալ։ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է միջազգային գործընկերների ուշադրությունը այս խնդրի վրա եւ հրավիրել քննարկումների՝ առաջիկա հինգ տարվա այս հսկայածավալ ներդրումային ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ համագործակցելու։ Վարչապետի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ այդ շինարարական ընկերությունների հետ Հայաստան կգան շինարարական նոր ստանդարտներ, շինարարական աշխատանքի կազմակերպման նոր որակ: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի կարծքով՝ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ուղերձում խոսք է գնում միջազգային գործընկերների մասին, բայց տեղական ընկերությունները, տեսնելով այն մեծ պոտենցիալը, որն ընձեռվում է իրենց, պետք է ջանք գործադրեն որակի բարձրացման ուղղությամբ:
ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԿՓՈՓՈԽՎԻ
Կառավարության նիստում հավանության է արժանացել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին որոշման նախագիծը։
Ըստ այդմ՝ նախկինում ուսուցչի, ուսումնական հաստատության եւ վերապատրաստող կազմակերպության միջեւ կնքվող եռակողմ պայմանագիրը փոխարինվել է երկկողմ պայմանագրի ձեւաչափով՝ այն թողնելով ուսումնական հաստատության եւ վերապատրաստող կազմակերպության միջեւ: Այս փոփոխությունը բխում է գործընթացի ֆինանսավորման մեխանիզմի ձեւաչափից, ինչպես նաեւ պայմանագրի կնքման ընթացքն ավելի դյուրին դարձնելու եւ փաստաթղթային լրացուցիչ աշխատանքից ուսումնական հաստատություններին ազատելու նկատառումներից:
Եռակողմ պայմանագիր կնքելու դեպքում ուսումնական հաստատության ուսուցիչների՝ օրենքով սահմանված 20 տոկոսի վերապատրաստման ընթացակարգը կազմակերպելիս հաստատությունը վերապատրաստող կազմակերպության հետ ուսուցիչների թվով պայմանագրեր է կնքում, որն ավելորդ եւ ժամանակատար աշխատանք է: Բացի դրանից, ուսուցչին եռակողմ պայմանագրում ներառելը որեւէ նպատակ չի հետապնդում, ուստի պայմանագրից ուսուցչին դուրս թողնելը որեւէ հետեւանք չի կարող ունենալ:
Ավելին՝ ատեստավորման համար նախատեսված ֆինանսավորումը տրվելու է մարզպետարաններին, որոնք էլ իրականացնելու են բաշխումն ուսումնական հաստատություններին, եւ ուսուցիչը որեւէ առնչություն չի ունենալու այդ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, հետեւաբար եռակողմ պայմանագրի կնքումը դառնում է ինքնանպատակ:
Այսպիսով, որոշման ընդունման արդյունքում վերապատրաստող կազմակերպության եւ ուսումնական հաստատության միջեւ երկկողմ պայմանագիր կնքելը եւ այդ գործընթացում երրորդ կողմին՝ ուսուցչին չներառելը հնարավորություն կընձեռի վերապատրաստման նախապատրաստական աշխատանքներն ավելի արագ, արդյունավետ եւ դյուրին իրականացնել, քանի որ ուսումնական հաստատության ուսուցիչները կարող են ընտրել տարբեր կազմակերպություններ, որոնց հետ առանձին պետք է կնքվեն պայմանագրեր: Արդյունքում ուսուցչին որպես կնքվող պայմանագրի կողմ չներառելը նրան կազատի լրացուցիչ աշխատանքից, ինչպես նաեւ հնարավոր կլինի առանց ավելորդ գործողությունների կիրառել ֆինանսավորման մեխանիզմը՝ մարզպետարանների միջոցով այն տրամադրելով ուսումնական հաստատություններին:
Միայն ուսումնական հաստատության եւ վերապատրաստող կազմակերպության միջեւ կնքվող պայմանագիրը բավարար հիմք է գործընթացն իրականացնելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿԻԲԵՐՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ
Վերջին օրերին միանգամից մի քանի միջազգային կազմակերպություններ արել են բացահայտումներ, որոնք վկայում են, որ Հայաստանը ենթարկվում է շատ լուրջ կիբերհարձակումների, ընդ որում՝ պետական մակարդակով աշխատող հաքերային խմբերի կողմից։ Այս մասին ասել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Մեկը բացահայտվել է google-ի կողմից, երբ պարզ է դարձել, որ ինչ-որ մի հաքերային թիմ, որը google-ը համարում է պետական կառույցների հետ աշխատող, օգտագործել է google chrome-ի անհայտ խոցելիություն, այսինքն՝ ոչ մի տեխնիկական միջոցով չբացահայտվող։ Այս հաքերային թիմը տարբեր մեթոդներով՝ նամակներով, մեսսենջերներով, ուղղորդել է թիրախ հանդիսացող մարդկանց դեպի կեղծ հայկական լրատվական կայքեր»,- ասել է նա:
Չնայած նրան, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ, դա դեռ չի նշանակում, որ միայն այդ 2 երկրները կարող են հաքերային հարձակում իրականացնել։ «Եթե նայենք՝ վերջին 10 տարվա մեջ ինչ երկրների հետք է եղել հաքերային հարձակումների, ապա խոսքը գնում է պետական կառույցների հետ աշխատող հաքերների մասին, ապա այստեղ կա Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանի հետքը, ԱՄՆ-ի հետքը կա, նաեւ հյուսիսկորեական հաքերային թիմը նույնպես փորձել է բանկային ոլորտի վրա հարձակումներ անել»,- նշել է Մարտիրոսյանը։
Հաքերների երկրորդ հարձակումը եղել է իսրայելական կազմակերպության կողմից վաճառվող վիրուսով, իսկ թե որ երկրին է վաճառվել, հայտնի չէ. «Չունենք կիբեռանվտանգությամբ զբաղվող պետական կամ ազգային մակարդակի աշխատող կառույց։ Միշտ նման հարձակումների մասին մենք իմանում ենք այլ երկրների զեկույցներից»։
Մարտիրոսյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի օրերին պարզ դարձավ, որ Հայաստանը չի կարողանում դիմադրել հաքերային հարձակումների դեմ, իսկ այդ հարձակումներն ունեցել են լուրջ ազդեցություն նաեւ պատերազմի ընթացքի վրա։
225 ՆՈՐ ԴԵՊՔ
Հուլիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 161 դեպք, որոնցից 218 676 -ը` առողջացած, 4575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3797 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 287 379 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 5034 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 նոր դեպք: Ունենք 91 առողջացած եւ 2 մահվան դեպք: