ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը բավարարել  է փաստաբան Երեմ Սարգսյանի  հայցը, ինչը ենթադրել է տալիս, որ ՀՀ պաշտոնյաներ պետք է պատասխան տան սահմանը չկահավորելու, չվերահսկելու համար, ինչի հետեւանքով թշնամին 2 ամիս է, ինչ մտել է մեր հայրենիք ու դուրս չի գալիս:

 

ArmLur.am-ը գրել էր, որ փաստաբան Երեմ Սարգսյանը սահմանի չկահավորման մասով գործընթաց է սկսել եւ անգամ դատախազության գործողությունների մասով դիմել է դատարան: Փաստաբանի հայցը  դատարանը բավարարել է: Փաստաբանը մեզ հայտնեց. «Ինչպես արդեն հայտնել էի, սույն թվականի մայիսի 17-ին ադրբեջանի զինված զինծառայողների կողմից Հայաստան ներխուժելու, Հայաստանի տարածքի մի մասը զավթելու, Հայ զինվորների նկատմամբ բռնություն գործադրելու դեպք առթիվ մայիսի 20-ին հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Դատախազությունը գրությամբ էր պատասխանել՝ նշելով, թե իբրեւ իրենք արդեն իսկ այդ դեպքի առթիվ քրեական գործ հարուցել են, սակայն գրությունից ակնհայտ էր, որ քրեական գործը չի հարուցվել քրեական օրենսգրքի այն բոլոր հոդվածներով, որոնց մասին նշել էի։ Դատախազության անգործությունը բողոքարկել էի դատարան եւ 14.07.2021թ. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ, բավարարեց բողոքս եւ դատախազությանը պարտավորեցրեց վերացնել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի իրավունքների եւ օրինական շահերի խախտումները։ Դատարանի որոշումը դեռ չեմ ստացել, ստանալուց հետո առավել մանրամասն կանդրադառնամ դրան։ Մի բան ակնհայտ է, որ այս քրեական գործերը պետք է քննվեն ոչ միայն ադրբեջանցիների նկատմամբ, ինչը շատ դեպքերում անիմաստ է լինում, այլեւ այն ղեկավար իշխանավորների վերաբերյալ, ովքեր պարտավոր էին նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո անհապաղ եւ գործուն ջանքեր գործադրել ՀՀ պետական սահմանի պահպանության, թշնամու հարձակման մասին նախապես տեղեկացվելու եւ այլնի համար։ Այս նպատակով առնվազն պետք է ձեռք բերվեին եւ սահմանի երկայնքով տեղադրվեին տեսախցիկներ, որոնք տեսանկարահանում են թշնամու տարածքը մի քանի կիլոմետր խորությամբ, այդ եղանակով մշտադիտարկումներ կատարել եւ նրանց շարժը պահել անընդհատ հսկողության տակ, որպեսզի անհրաժեշտության դեպքում արագ ուժեր ուղարկվեն կոնկրետ հատված եւ դիմագրավեն թշնամուն։ Դրա եւ նմանատիպ գործողությունների փոխարեն ՊՆ-ն եւ ավելի բարձր ղեկավարությունը զբաղված են միայն սուտ հերքումներով, ինչպես նաեւ արդարացումներով, թե իբրեւ ձմեռվա պատճառով չեն կարողացել նման գործողություներ կատարել։ Թշնամուն ձմեռը չխանգարեց, որ նախապես որոշի կարեւորագույն ստրատեգիական կետերը եւ գրավի դրանք ու այլեւս հետ չգնա։ Հիշեցնեմ, որ ՀՀ գլխավոր դատախազից պահանջել էի այդ քրեական գործի քննությունը հանձնարարել կենտրոնական քննչական մարմիններին եւ անձամբ հսկողություն կատարել դրանց նկատմամբ, սակայն այդպիսի բազմաթիվ քրեական գործերը քննվում են Սեւանի կայազորային քննչական բաժնի կողմից։ Դե, իհարկե, սա էլ հո պաշտոնեական դիրքի չարաշահում չէ, որ քննեն:

Հատկապես կարեւոր գործերի գլխավոր վարչությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը։ Այս մամինները նման «երկրորդական» գործեր չեն քննում»։

Ի դեպ, մայիսի 3-ին  ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խորհրդարանում  եւս վարչապետի ընտրության առաջին փորձի ժամանակ սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն սփոփող պատասխանի փոխարեն Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց եւ ավելին՝ պատգամավորին մեղադրեց գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեջ:

Սակայն նկատենք, որ պատգամավորի այս հարցի բարձրացումից հետո Գլխավոր դատախազությունը քրեական գործ  հարուցեց, սակայն  մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական գործը հարուցել են  պարզապես հանրությանը ցույց տալու համար, թե հարուցել են ու զբաղվում են  անպատասխանատու պաշտոնյաների հարցով, մինչդեռ քրեական գործը զինվորական քննչականում մի անկյունում անտեսված է: Ինչեւէ, փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանատվության  է կանչում դատախազությանը, որ գործը չքնեցնեն, այլ կոնկերտ զբաղվեն պատասխանատու հայ պաշտոնյաների հարցով եւ ոչ թե ձեւական քրեական գործ հարուցեն հակառակորդի գործողությունների մասով՝ շատ լավ իմանալով, որ անհեռանկար գործով են զբաղված:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԴԱՏԻՑ

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում երեկ շարունակվել էր շիրակցի 13 ռազմագերիների նկատմամբ շինծու քրգործով դատական նիստը, որն ընթանում է դատավոր Ֆայիգ Հասանովի նախագահությամբ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ գործին առնչվող փաստաթղթերն են ուսումնասիրվել, որից հետո դատաքննությունը համարվել է ավարտված։ Իր ելույթում մեղադրող դատախազը խնդրել է մեղադրանքից հանել 214.2.1 ու 214.2.3՝ ահաբեկչության կատարման, 279.2՝ անօրինական զինված խմբավորման ստեղծման հոդվածները։ Պետական մեղադրողը պահանջել է հայ գերիներին պատժել 318.2՝ սահմանի անօրինական հատման եւ 228.3՝ զենքի անօրինական ձեռքբերման հոդվածներով։ Դատախազը պահանջել է հայ գերիներին 7 տարվա ազատազրկման դատապարտել՝ պայմանով, որ պատժի կրումից հետո նրանք արտաքսվեն Ադրբեջանից։ Դատարանը վճռել է հայ գերիներից յուրաքանչյուրին դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Դատավճռում նշվում է, որ պատժի կրումից հետո նրանք պետք է արտաքսվեն Ադրբեջանից։

13 հայ ռազմագերիներն են Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գեւորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գեւորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Էդուարդ Կիրակոսյանը։

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 03:30-ից 03:45-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի հետեւանքով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հրազենային վնասվածք է ստացել ավագ լեյտենանտ Հ.Ս.-ն: Դեպքի առթիվ Սեւանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 13-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ, եւ ձեռնարկվում է նախաքննություն:

 

ՀԱՆՑԱՎՈՐ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել եւ պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը, որոնց արդյունքում ձեռք են բերվել բազմաթիվ առերեւույթ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:

 

Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Մասնավորապես, պարզվել է, որ ընկերությունում շինարարական աշխատանքներն անորակ կատարելու, փաստացի չկատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերով հաշվարկելու եւ դրանց դիմաց վճարելու, գնումների ընթացակարգերում թույլ տրված չարաշահումների, ընկերության համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով պայմանագրեր կնքելու եւ այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21.010.739.100 ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ՊՎԾ կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել փաստաթղթեր կեղծելու, ընկերության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության եւ ընկերության իրավունքների ու օրինական շահերի խախտման առումով էական վնաս պատճառելու եւ ծանր հետեւանքներ առաջացնելու, իրենց վստահված դրամական միջոցները վատնելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով ու 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

 




Լրահոս