Համաճարակային վիճակը Հայաստանում լարված է. 3-5 տարեկան երեխաները՝ ռիսկային խմբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում համաճարակային իրավիճակը լարված է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Վերջին 14 օրվա տվյալները եթե համեմատենք, ապա կտեսնենք, որ նախորդ 14 օրվա հետ համեմատած 55 տոկոսով նոր դեպքերի աճ ունենք: Մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում նոր դեպքերի աճ ունենք՝ 1.5-2.15 անգամ: Օրինակ 3.5 տարեկանների շրջանում 2.15 անգամ է աճել դեպքերի քանակը, իսկ 6-17 տարեկանների շրջանում՝ 1.89 անգամ: Բոլոր մարզերում այս պահի դրությամբ, բացի Շիրակի մարզից, ունենք դեպքերի աճ: Առավել բարձր ցուցանիշներ են արձանագրել Երեւանը, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերը»,- նկատեց մասնագետը:

Նրա խոսքով, Եվրամիության չափանիշներով, եթե մենք նախորդ ամիսներին կանաչ գոտում էինք, ապա հիմա նարնջագույն ենք մտել: «Ոչ թե մտել ենք, այլ նարնջագույնից արդեն օրական կտրվածքով, երբ վերլուծություն ենք անում, պարզում ենք, որ կամաց-կամաց մոտենում ենք կարմիր գոտուն: Այսօրվա վերլուծության արդյունքներով արդեն իսկ կարմիր գոտում ենք»,- ասաց Ռոմելլա Աբովյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանում իրականացվել է 30 նմուշի հետազոտություն, որից միայն 25 նմուշը եղել է «դելտա» շտամ:

Մասնագետը ArmLur.am-ին հայտնեց, որ հետազոտվել են նաեւ օդային սահմանային անցման կետով մուտք գործած անձինք, որից չորս անձանց մոտ «դելտա» շտամ է արձանագրվել: «Ըստ ԱՀԿ տվյալների՝ ախտանշանները հիմնականում ուղղորդվում են գլխացավով, կոկորդի ցավով, քթարտադրությամբ, նաեւ՝ ջերմությունով: Չի բացառվում նաեւ այլ ախտանշաններ ունենա, քանի որ նոր շտամ է եւ դեռեւս ուսումնասիրության փուլում է: Բայց տեղեկացնեմ, որ ըստ ԱՀԿ-ի, վերջինս արդեն ներառվել է անհանգստություն առաջացնող շտամերի ցանկում»,- մտահոգվեց Ռ. Աբովյանը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ի տարբերություն նախորդ շտամերի, այս՝ «դելտա»շտամի դեռեւս ապացուցողական հիմքն այն է, որ երկու անգամ ավելի արագ է տարածվում: Իհարկե, զրույցի ավարտին եւս մեկ անգամ մասնագետը հորդորեց պահպանել անվտանգության անհրաժեշտ միջոցները. ամենառաջինը պատվաստվել, փակ տարածքներում դիմակ կրել, պահել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը: «Եթե ես պատվաստված եմ, կապ չունի ինչ շտամով, կվարակվեմ, բայց 100 տոկոս՝ չեմ մահանա», – ավելացրեց մասնագետը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս