ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված ապօրինի ծառահատումների, հանցավոր խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետության եւ օրինականության վիճակը: Մտահոգիչ ծավալներով ավելացել են ապօրինի անտառահատումների դեպքերը, դրանով պայմանավորված՝ նաեւ հարուցված քրեական գործերը:

 

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների գործունեության արդյունքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 43 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15 դեպքի փոխարեն, այսինքն՝ դեպքերն ավելացել են 28-ով կամ շուրջ 186%-ով: Դրանցից 20-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (5 քրեական գործ), ավելի են 4 անգամ: Հարուցված եւ քննվող քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 35մլն ՀՀ դրամ: Շուրջ 5մլն ՀՀ դրամի չափով վնասի հատուցմանն ուղղված քրեական գործերը կասեցվել են որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու հիմքով, իսկ մնացած շուրջ 30մլն ՀՀ դրամի չափով վնասի հատուցմանն ուղղված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Թեեւ ապօրինի անտառահատման դեպքերի եւ դրանցով քրեական վարույթների քանակական աճը մեծապես պայմանավորված է բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի գրանցման, բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ, սակայն ակնհայտ է, որ անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների կանխարգելման, փայտանյութի տեղափոխման ճանապարհների, անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության առումով առկա են խնդիրներ:

Դրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ 2021թ. 1-ին կիսամյակում արձանագրված ապօրինի ծառահատումների դեպքերով պետությանը պատճառված վնասների մի մասը հնարավոր չի դառնում վերականգնել հիմնականում հանցանք կատարած անձանց բացահայտելու անհնարինության պատճառով: Բացի այդ, արձանագրված ապօրինի ծառահատումների կեսից ավելիի դեպքերում հնարավոր չի լինում քրեական գործեր հարուցել եւ ապօրինի ծառահատումներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել հատումները փոքր ծավալներով կատարելու եւ պետությանն ու բնությանը պատճառված վնասի՝ քրեական գործերի հարուցման համար անհրաժեշտ նվազագույն չափը չգերազանցելու պատճառով: Ապօրինի ծառահատումների քանակական աճի վրա ազդում են նաեւ հետպատերազմյան շրջանում պահպանվող անտառային տարածքների նկատմամբ վերահսկողության հարցերում առաջացող օբյեկտիվ բարդությունները:

Հաշվի առնելով մարզի տարածքում ապօրինի անտառահատումների դեպքերի աճի նման մտահոգիչ դինամիկան՝ Սյունիքի մարզի դատախազը համապատասխան գրություններ է հասցեագրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարին, ՀՀ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին եւ ՀՀ Սյունիքի մարզպետին: Մարզի դատախազը բարձրացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման, ապօրինի ծառահատումները նախականխելու եւ կանխելու ուղղությամբ գործադրվող միջոցների արդյունավետությունը բարելավելու հրատապ անհրաժեշտությունը:

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՆՈՐՈԳՎՈՒՄ Է

Այրում  քաղաքի համար  մեծ նշանակություն ունեցող կառույց   է  Մշակույթի կենտրոնի շենքը, որը հառնում է քաղաքի սկզբնամասում։ Անցյալ դարի 60-ական թվականներին կառուցած շենքը նախկինում չի վերանորգվել,  մեկ տասնամյակ առաջ   շենքի  տանիքի ծածկի մի մասն է փոխվել։ Շենքի արտաքին տեսքը նորոգման խիստ կարիք ունի։ Այրում համայնքապետարանից հայտնեցին, որ համայնքի 1,5 միլիոն դրամ ֆինանսավորմամբ սկսվել են մշակույթի կենտրոնի արտաքին տեսքի վերանորոգման աշխատանքները, կատարվում  է շենքի ճակատի երեսպատում։

 

ԱՆԿԼԱՎԻՑ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ ԵՆ ՏԱՐԵԼ

Նոյեմբերյան խոշոր համայնքի մաս կազմող սահմանամերձ Ոսկեպար գյուղից  տեղեկացա, որ գյուղի բնակիչ Սեյրան Գեւորգյանը գյուղի մոտակա  հոնուտի  մոտ տարիներ առաջ  կուտակել է սահմանագոտու հին, չգործող ջրագծերից իր  հանած խողովակները։  Գյուղացիները նկատել են, որ խողովակների թիվը պակասում է։ Ոսկեպարցիները, ուշադրության կենտրոնում պահելով այդ վայր, նկատել  են  կուտակված խողովակների մոտ ժամանած բեռնատար, որի մեջ երկու մարդ է եղել։ Գյուղացիները նրանց հարցրել են, թե ինչ նպատակով են եկել  Ոսկեպարի սահմանագոտի։ Եկվորները պատասխանել են, որ եկել են անասնակեր խոտ տանելու։ Ոսկեպարցիները տարակուսել են՝ եթե խոտ տանելու եք եկել, ուր են նրանց եղանները։ Երկու անձինք, ովքեր Իջեւանի բնակիչներ են, հետո ասել են, որ եկել են Ադրբեջանին պատկանող անկլավից խողովակներ տանելու։ Նոյեմբերյանի ոստիկանության հարուցած նյութերում հիշյալ  երկու անձինք են նշված, ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Իջեւանում նրանց հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ։

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ 

Օգոստոսի 1-ի ժամը 2:00-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 57-րդ կմ-ում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանի վարած Jinbei մակնիշի եւ  Գեղարքունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Համլետ Խանզադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով Jinbei մակնիշի մեքենան, որը Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան է, կողաշրջվել է։ Այդ ավտոմեքենայով Բերդ քաղաքից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին՝ Բերդի բնակիչ,  60-ամյա Սուսաննա Գեւորգյանին, տեղափոխում էին Երեւանի հիվանդանոցներից մեկը: Կողաշրջման հետեւանքով Սուսանննա Գեւորգյանը տեղում մահացել է, իսկ նրա քույրը՝ 62 ամյա Սվետլանա Գեւորգյանը, որը եղել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ, տեղափոխվել է «Սեւան» բժշկական կենտրոն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՔԱՇՈՒՆԻ ԳՅՈՒՂԸ ՄԵԿ ԵՐԵԽԱ ՈՒՆԻ

ArmLur.am-ը իր նոր շարքով կներկայացնի, թե ինչ խնդիրներ ունեն Հայաստանի Հանրապետության գյուղերն ու բնակավայրերը: Այս անգամ զրուցել ենք Սյունիքի մարզի Քաշունի բնակավայրի վարչական ներկայացուցիչ Սասուն Սիմոնյանի հետ: Նշենք, որ 2016 թվականին Քաշունին խոշորացվել եւ միացվել է Տաթեւ համայնքին:

 

-Պարոն Սիմոնյան, քանի՞ բնակիչ ունի այս պահին Քաշունին:

-Հիմա մի 10 տուն ապրում են, 10 ընտանիք:

– Քանի՞ երիտասարդ ընտանիք կա:

-Երիտասարդ մենակ ես եմ այստեղ, մյուսները տարիքով են, ծեր են, երկու չամուսնացած երիտասարդ տղա կա:

-Ինչո՞ւ չեն ամուսնանում:

-Այ մարդ, էդ ի՞նչ հարց ես տալիս (ծիծաղում է-Ս.Հ.):

-Գյուղեր կան, որտեղ երիտասարդները չեն ամուսնանում, քանի որ աշխատանք չունեն:

-Այս մարդկանց էլ չունեն աշխատանք, անասուն են պահում: Այստեղ մարդիկ գյուղատնտեսությամբ են զբաղվում ու ապրում են: Բոստան են անում, անասուն են պահում:

-Պարո՛ն Սիմոնյան, դպրոց չունե՞ք:

-Դպրոց էլ չունենք, մանկապարտեզ էլ չկա, նման բաներ չկան:

-Երեխա՞ էլ չկա:

-Երեք երեխա գյուղում կա, իմոնք են, որից երկուսին ուղարկել եմ Երեւան՝ դպրոց: Մինչեւ պատերազմը Աղվանի էին գնում, հիմա տեղափոխել եմ Երեւան երկուսին էլ:

-Ձեզանից հեռու դպրոց են գնալո՞ւ:

-Հա, հարազատի տանն են ապրում, բայց պուճուրը մոտս է: Դպրոցն ավարտեն, պետք է ինստիտուտ դիմեն:

-Քաշունիում վերջին երեխան ե՞րբ է ծնվել:

-Մի տարի առաջ, այն էլ իմն է՝ 2 տարեկան չկա, այս ամիս կդառնա: Ծերացող գյուղ է, ձմռանն այստեղ մարդ չի մնում, իմ ընտանիքն է ու մի տատի, պապի: Հիմա ամառ է, եկել են: Պետք է վերաբնակեցնեն այս գյուղը, այլ ելք չկա. պայմանները կան, մենք ո՞նց ենք ապրում: Ես չեմ էլ ուզում Քաշունիից գնամ, ֆերմա ունեմ, գյուղատնտեսությամբ եմ զբաղվում: Տխուր է, բայց հույսեր ունենք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 




Լրահոս