Առանց ընդդիմության ցանկության էլ մենք կհասնենք մեր առաջիկա խնդիրների լուծմանը. Վահե Ղալումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:

-Պարո՛ն, Ղալումյան, Դուք նորից վերադարձել եք իշխանության, ի՞նչ եք պատրաստվում անել, որպեսզի հանրությունը չհիասթափվի Ձեզանից: Պատերազմական վիճակը շարունակվում է, կրակոցներ ու լարվածություն կա, ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել, որպեսզի չհիասթափեցնեք մարդկանց:

-Բանակցելու ճանապարհներով պետք է փորձենք հարցին լուծում տալ:

-Բայց կա՞ այդ ճանապարհը: Այս պահի դրությամբ հանրությունը չի տեսնում այդ ճանապարհը: Ո՞րն է Ձեր տեսլականը:

-Այդ ճանապարհը փշոտ է, բայց պետք է գնալ այդ ճանապարհով:

-Այս պահին, դեռ պատերազմական վիճակը շարունակվում է Հայաստանում: Ի՞նչ է պետք է անել, որպեսզի հնարավոր լինի լռեցնել թշնամուն:

-Բանակը պետք է միշտ պատրաստ լինի, բայց բանակցությունները առաջնահերթ եմ համարում:

-Եթե մենք այս պահին չունենք արտաքին գործերի նախարար, եւ չեն կողմնորոշվում, թե ում պետք է նշանակել, ի՞նչ պետք է անել, որպեսզի այս հարցը լուծում ստանա:

-Դա չի նշանակում, որ այդ գերատեսչությունը չի աշխատում:

-Այսինքն կա՞ բանակցող:

-Այո, իհարկե:

-Ո՞վ կարող է այս հարցին լուծում տալ: Ո՞վ կարող էլ բանակցել ռուսական կամ ադրբեջանական կողմի հետ: Կա՞ նման անձ, օրինակ նշում են ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին:

-Շատերի անուններ են նշում, բայց հստակ մարդ դեռ չկա:

-Դուք ունեք անձնական տեսակետ, թե ով կարող է լինել այդ անձը:

-Ոչ:

-Ինչո՞ւ: Ձեր թիմակիցներին թո՞ւյլ եք համարում:

-Ոչ, թույլ չեմ համարում: Դա առանձին նեղ մասնագիտական ոլորտ է, որի մասնագետը չեմ ես:

-Պարո՛ն Ղալումյան, ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմության հետ աշխատանքը խորհրդարանում: Ընդդիմությունը նշում է, որ որեւէ ձեւով չի ցանկանում Ձեր հետ քննարկումներ ունենալ ցանկացած հարցի շուրջ: Ո՞րն է Ձեր տեսլականը:

-Ժողովրդի քվեն բավարար է: Առանց ընդդիմության ցանկության էլ մենք կհասնենք մեր առաջիկա խնդիրների լուծմանը:

-Առանց ընդդիմության հետ հաշվի նստելո՞ւ:

-Մենք ընդդիմության հետ հաշվի ենք նստւմ, հորդորում ենք, որ գան կառուցողական դաշտ, փորձենք աշխատել: Բայց ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք ուրիշ ձեւ են արձագանքում եւ ռադիկալ դեմ են այդ համատեղ աշխատանքին:

-Դուք վախ ունե՞ք ընդիմությունից:

-Բացարձակապես ոչ:

-Այդ դեպքում ինչո՞ւ եք խորհրդարանում անվտանգությունը խստացրել:

-Անվտանգության հզորացումն իմ որոշում չէ, այն ելնում է անվտանգության նկատառումներից:

-Դուք Ձեզ Երեւանում, խորհրդարանում անվտա՞նգ եք զգում:

-Ես վտանգ չեմ տեսել բացառությամբ նոյեմբերի 9-10-ի գիշերվա այդ լարված դեպքերից:

-Նաեւ քննարկվում է, որ ՏԻՄ ընտրություններում իշխանությունը մեծ մասնակցություն է ունենալու, բոլոր մարզերում առաջադրելու է համայնքապետեր: Կա՞ արդեն որոշում Տավուշի մարզի Իջեւան քաղաքում առաջադրվող թեկնածուի մասով:

-Եթե չեմ սխալվում հոկտեմբեր ամսին Իջեւանի խոշորացված համայնքի ընտրություններ կկայանան:

-Ո՞ւնեք թեկնածու: Ո՞վ է լինելու:

-Ժամանակավոր պաշտոնակատար ունենք, ում աշխատանքը բավարար ենք համարում, բայց կուսակցության որոշումը կլինի, թե ում ենք առաջարկելու:

-Իսկ Տավուշում գո՞հ են Ձեր առաջադրած թեկնածուից:

-Համոզված եմ, որ կընտրեն:

Ձեր մարզում հիասթափություն չկա՞:

-Ինչի՞ց:

-Իշխանության վարած քաղաքականությունից:

-Մարդկանց որոշակի շրջանակ ամեն տեղ կա: Տավուշում առանձնացված չկա:

-Շրջո՞ւմ եք մարզում: Մարդիկ ինչի՞ց են դժգոհ:

-Հետպատերազմյան շրջան է, համաճարակն է: Տավուշի մարզի խնդիրները չեն առանձնանում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս