Խորհրդարանը երեկվանից շարունակեց 8-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները: Անցած մեկ շաբաթվա ընթացքում դեռ միայն ԱԺ նախագահ եւ 3 տեղակալներ են ընտրվել. պիտի 12 հանձնաժողովների նախագահներ եւս ընտրվեն: Ու եթե աշխատանքի այս տեմպերը շարունակվեն, առաջիկա շաբաթը եւս նոր խորհրդարանի համար բուռն է լինելու: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ընդամենը երկու հանձնաժողովների նախագահի թեկնածուներ են ելույթներ ունեցել եւ պատասխանել հարցերին. դեռ 10-ը պիտի ներկայացնեն ելույթները, հարցերին պատասխանեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր աղբյուրներից, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի անհարմար հարցեր տա «Վերածնվող հայաստան»-ի առաջնորդ Վահե Հակոբյանին, որը առաջադրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Հատկապես շեշտը դնելու են նրա ունեցվածքի վրա: Հաջորդ թիրախում Արմեն Գեւորգյանն է, որի ունեցվածքից սկսած մինչ պետակսն ծառայություն մանրադիտակով ուսումնասիրել են: Այսինքն՝ առաջիկա օրերին եւս նախկինի ու ներկայի բախման պակաս չի զգացվի ԱԺ-ում: Ընդդիմությունն էլ իշխանական թեկնածուներին է հարցախեղդ անում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիրները որոշել են ընդդիմության թեկնածուներին միայն «կողմ» քվեարկել, իսկ իշխանական խմբակցությունը ձայներն այնպես պետք է բաշխի, որ բոլոր հանձնաժողովների նախագահներն օր առաջ ըտրվեն, եւ ԱԺ-Ն սկսի իր գործունեությունը: Այդ քվեարկությունները ամենատարբեր կանխատեսումներով հազիվ թե այս շաբաթվա վերջ հասցնեն կազմակերպել: Նկատելի է, որ խորհրդարնական ընդդիմությունը ամբիոնի կարիքը շատ ուներ եւ օգտագործում է խորհրդարանական բոլոր վայրկյանները: Իշխանությունը ստիպված է լսել ամենասուր քննադատություններ իր հասցեին:
Նախարարներին նշանակելուց հետո պետական համակարգում սկսվել է փոխնախարարների փնտրտուքը։ Եղածներից ոմանք կպահպանեն իրենց պաշտոնները, բայց նոր անուններ նույնպես շրջանառվում են, չնայած որ գործող իշխանության համար այդքան էլ հեշտ չէ իրենց շարքերից պրոֆեսիոնալներ գտնելը։ Դա է պատճառը, որ նրանք երբեմն դիմում են «լավ մոռացված հինը» տարբերակին։ Օրինակ՝ առողջապահության համակարգից մեզ հասած տեղեկություններով՝ որպես առողջապահության փոխնախարար շրջանառվում է ոմն Սամվել Խարազյանի անունը, որը «նախկինների օրոք» երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում՝ որպես բաժնի պետ, եւ որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով (այդ թեմային «Ժողովուրդը» մի քանի անգամ անդրադարձել է։ Հիշեցնենք, որ երկար տարիներ ՊԱԳ-ում էր աշխատել Արսեն Թորոսյանի կողմից փոխնախարար նշանակված Արսեն Դավթյանը, որը վերջերս դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափէվ կաշառք ստանալու համար։ Վերջին շրջանում Սամվել Խարազյանն ու Սարո Ծատուրյանը հաջողացրել էին ներգրավվել առողջության պարտադիր ապահովագրության հայեցակարգի մշակման գործընթացներում՝ որպես միջազգային փորձագետներ, եւ ոլորտում հենց սրանով են բացատրում Սամվել Խարազյանի թեկնածության քննարկումը։ Եթե ընտրությունը, այնուամենայնիվ, կանգնի սույն անձի վրա, ապա հնարավոր է պատկերացնել կադրային սովի աստիճանը, երբ հեղափոխական իշխանությունների միակ հույսը մնացել են «նախկիններից» մնացած, բայց ոչ թե իրական պրոֆեսիոնալ, այլ կոռումպացված կադրերը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի կառավարությունում եւս արշալույսները խաղաղ չեն: Բանն այն է, որ ՀՀ փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանը ամեն ինչ անում է կառավարության կորիզն իր ձեռքը վերցնելու, տարբեր նախարարություններ իրեն ենթարկացնելու համար: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Սուրեն Պապիկյանը իրեն լիովին վարչապետի կարգավիճակ է տվել, ու, կարելի ասել, բոլոր հարցերը զեկուցվում են հենց Պապիկյանին: Կադրային հարցերը եւս Պապիկյանի հսկողության տակ են գտնվում, վերջինս անձամբ է որոշում՝ ով պետք է մնա իրենց թիմում աշխատելու, ով պատերազմից հետո իրենց հետ չէ ու պետք է հեռանա կառավարության տարբեր գերատեսչություններից: Պարզվում է՝ Պապիկյանը, հեռանալով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, որոշել է, որ իր հետ պետք է տանի ասֆալտի փռման մենաշնորհը, ու ամենախոշոր գումարները աշխատելու մեխանիզմը եւս Պապիկյանի ձեռքերում է: Վերջինս անձամբ է վերահսկում ճանապարաշինության հետ կապված բոլոր աշխատանքներին, գնումների գործընթացին, մի խոսքով, բոլոր ֆինանսական լծակները նրա ձեռքում են: Ի դեպ, նշենք, որ նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը անակնկալի է եկել, երբ տեղեկացել է, որ իր ղեկավարած գերատեսչության ամենամեծ հատվածը Պապիկյանն իր հսկողության տակ է տարել ու իրեն որեւէ բան չի մնում, քան մարզպետների հետ աշխատանքը: Ասել է թե՝ Սանոսյանը կղեկավարի «տակը մնացած» լծակները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը մեծ ցանկություն է ունեցել նոր խորհրդարանում որեւէ պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ լինելու որեւէ հանձնաժողովի նախագահ: Ըստ մեր տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն ընդունել այդ տարբերակը, եւ մեծամասնության համար ընդունելի չի եղել նրա կողմից հանձնաժողով գլխավորելու տարբերակը: Ավելին, թիմում չեն ընդունել նաեւ հանձնաժողովի փոխնախագահ լինելու տարբերակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս խմբակցության փակ քննարկումների ժամանակ ամեն ինչ արել է, որ դառնա գոնե Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի նախագահ, որը, սակայն, տվել են Վահե Ղալումյանին: Այսինքն՝ Արփի Դավոյանը առաջադրվել է ներքին քվեարկության ժամանակ այդ պաշտոնում, սակայն թիմը նախընտրել է ձայն տալ Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանին: