ԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է խորհրդարանի ղեկավարության պահվածքից՝ իրենց ելույթների հետ կապված: Ըստ Օհանյանի՝ անհասկանալի է այն պահվածքը, որը ցուցաբերում են իշխանության ներկայացուցիչներն իրենց նկատմամբ:  

 

-Ինչո՞ւ է որոշել խորհրդարանի ղեկավարությունը ամեն անգամ ձեր դաշինքի եւ ընդդիմության մյուս անդամներին պարբերաբար նկատողություն անել, կոճակ անջատել եւ այլն: Ինչո՞վ եք վախեցնում կան անհանգստացնում իրենց:

-Ես չգիտեմ՝ ինչով են վախեցած այս խորհդարանի մեծամասնությունն ու ՔՊ անդամները: Ես գտնում  եմ, որ այս խորհրդարանում արմատական ընդդիմությունն անհրաժեշտություն է: Նախկինում չգիտեմ՝ ինչպես է եղել, բայց կարծոււմ եմ, որ որոշումներ ընդունելու ընթացակարգերի մեջ քննարկումների մշակույթը չափից ավելի կարեւոր է, եւ քննարկումների ժամանակ լինում են սուր քննադատություններ եւ այլն, հատկապես որ նաեւ անցած շաբաթվա ընթացքում, երբ ներկայացնում են հանձնաժողովներ ու նախագահներ, չկա որեւիցե մեկ կետ, որ իրենք իրենց վերաբերեն ինքնաքննադատությամբ:  Ինքնաքննադատության դերը, անկասկած, պետք է կատարի ընդդիմությունը, որը կա՛մ ճիշտ որակ կդնի նրանց, կա՛մ էլ պարզապես պայմաններ կսեղծվեն, որ նրանք հեռանան: Մտավախությունը միգուցե առաջին օրվա մեջ կայանում էր նրանում, որ իրենք մեզանից սպասում էին ավելի կտրուկ քայլեր, բայց մենք փորձում ենք քաղաքակիրթ ձեւով՝ քննադատության տարբերակով հասնել մեր նպատակներին:

-Իսկ կա՞ն քայլեր, որոնք դուք կձեռնարկեք այդ ուղղությամբ՝ կարգապահական դրույթները չեղարկելու կամ այլ ձեւաչափով աշխատելու: Ո՞րն է լինելու ձեր պատասխանն իշխանություններին:

-Ես գտնում եմ, որ «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ բոլոր գործառույթները, որոնք կզսպեն քաղաքական մեծամասնության գործողությունները, մենք կկիրառենք:

-Այսինքն՝ քայլեր կա՞ն, որ առաջիկայում կարող եք ներկայացնել:

-Իհարկե, քայլեր կան: Այդ քայլերի մասին հետագայում կխոսենք:

-Դուք նշեցիք, որ կարծում էին, թե դուք այդ ձեւ եք աշխատելու: Ի՞նչ եք անելու: Բոյկոտելո՞ւ եք, ի՞նչ քայլեր ունեք նախատեսված:

-Նախ իրենք անընդհատ կոչ են անում կառուցողական մոտեցում ունենալ ամեն ինչի հանդեպ: Ես, իհարկե, չգիտեմ, թե իրենք ինչ նկատի ունեն՝ կառուցողական մոտեցում ասելով. առաջին դասարանցիների նման պետք է ամեն ինչին համաձայնե՞նք: Իսկ այն, որ իրենք մտածում էին, որ միգուցե կբոյկոտվեն նիստերը, մեր իրավունքների շրջանակներում գործելու ենք:

-Ձեր սրտո՞վ են այն հանձնաժողովները, որոնք պետք է լինեն ձեր վերահսկողության տակ:

-Գոյություն ունի համապատասխան բանաձեւ, մենք դրա շրջանակներում ընտրել ենք: Անձամբ իմ սրտով չեն, ես կուզեի Պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովը լիներ մեր վերահսկողության տակ, որի շրջանակներում մենք կստեղծեինք քննիչ հանձնաժողով եւ համապատասխան գործողություններ կծավալեինք՝ այս պատերազմի հետ կապված: Բայց դե, գոյություն ունի հատուկ բանաձեւ, որի շրջանակներում ենք գործել: Կարծում եմ, որ ներկայություն այլ հանձնաժողովներում մենք կունենանք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում վերջին մի քանի ամիսներին անշարժ գույքի շուկան ավելի է ակտիվացել: Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ մինչեւ տարեվերջ ավելի են բարձրանալու: ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեի տեղեկացավ, որ այս տարվա հունիսին, մայիսի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում հունիսին բնակարանի մեկ քմ գերազանցում է 1200 դոլարը:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` կենտրոնում բնակարանի մեկ քմ հունիսին վաճառվել է 622 հազար դրամ, մինչդեռ մայիսին այն կազմել է 615 հազար 500 դրամով, այսինքն` մեկ ամսվա ընթացքում 6500 դրամով թանկացել է: Բնակարանի այսչափ թանկացումը մեկ ամսվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է շատ բարվոք համարվելուց: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 5200 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 2700 դրամով, իսկ, ահա, Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 4100 դրամով: Աջափնյակ վարչական շրջանում հունիսին, մայիսի համեմատ, բնակարանի մեկ քմ-ի գինը զգալի բարձրացել է 4500 դրամով: Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում հունիսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 312 հազար 500 դրամով, Ավանում` 293 հազար 50 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 290 հազար դրամով, Նոր-Նորքում` 300 հազար դրամով: Բնակարանի գինը բարձրացել է նաեւ Նուբարաշենում, որտեղ մայիսին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 176 հազար 100 դրամ, իսկ հունիսին՝ 178 հազար դրամ:

 

 

ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Ութերորդ գումարման խորհրդարանն ունի 107 պատգամավոր՝ 71-ն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 29-ը՝ «Հայաստան» խմբակցությունից եւ 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից: Ինչպես պարզ դարձավ նիստի հենց առաջին օրը, խորհրդարանի տարիքով ամենաավագ պատգամավորը Կնյազ Հասանովն է, եւ սա արդեն երրորդ անգամ էր, երբ հենց նա էր որպես տարիքով ավագ պատգամավոր նախագահում նիստը մինչեւ ԱԺ նախագահի ընտրությունը: Յոթերորդ գումարման խորհրդարանում տարիքով ամենաերիտասարդ պատգամավորը «Իմ քայլը» խմբակցությունից Սոնա Ղազարյանն էր՝ ծնված 1993 թվականին: Եվ չնայած նա այժմ էլ պատգամավոր է, սակայն այլեւս ամենաերիտասարդը չէ. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ծնվել է 1994 թվականին եւ հենց նա  է ամենաերիտասարդը:

 

 

ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ

«Կառուցողական աշխատանքի մասին խոսքերով չի կարելի դատողություններ անել կամ առաջակել կառուցողական լինել, ինչպես անում է իշխանությունը:  Մենք տեսանք, թե այս մեկ շաբաթվա ընթացքում ինչպես է իրեն պահում իշխանությունը. հենց ստանում է անհարմար հարց, ուղղակի չի պատասխանում  այդ հարցին»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինիս կարծիքով` այս խորհրդանում հնարավոր չէ խոսել կառուցողական աշխատանքի մասին: «Քննիչ հանձնաժողովն իշխանության գործիքը չէ, դա բացառապես ընդդիմության համար նախատեսված գործիք է։

 

Այն, բացի քաղաքական եզրակացություն անելուց, որեւէ այլ իրավասություն չունի: Քննիչ հանձնաժողովը պետք է օգտագործի ընդդիմությունը` իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալու համար: Եթե իշխանությունն է խոսում քննիչ հանձաժողովի մասին, նշանակում է՝ ապաշնորհ է եւ չի կարողանում օգտագործել իրեն տված լծակները եւ նպատակ ունի թաքցնել պատերազմի իրական մեղավորներին»:

Անդրադառնալով այն հարցին, որ մինչեւ այժմ Արտաքին գործերի նախարարությունը չունի նախարար, Վանեցյանը նշեց. «Այս իշխանությունները ոչ թե ինքնիշխան Հայաստանի շահն են առաջ տանում, այլ ցանկանում են հաճոյանալ այլ երկրների, գերտերությունների շահերին: Երկրորդ պատճառն այն է, որ այս իշխանությունները չունեն կադրային ռեզերվ եւ չեն կարողանում այդ կարեւորագույն պաշտոնի համար ընտրել թեկնածու»։

Վանեցյանի կարծիքով՝ մի շարք առանցքային հանձնաժողովների ղեկավարումը չհանձնվեց ընդդիմությանը, քանի որ իշխանություններին դա պետք է գալու բարդ որոշումներ կայացնելու եւ քաղաքական նպատակները իրականացնելու համար:

Անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի մեղադրանքին՝ Վանեցյանն ասաց. «Նոյեմբերի 9-ից հետո ինձ ձերբակալեցին, դիմեցին դատարան՝ կալանավորելու միջնորդությամբ, բայց դատարանը չբավարարեց հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Գործը հարուցված է, ես երկու քրեական գործերով ունեմ մեղադրյալի կարգավիճակ, բայց արդեն անցել է 7-8 ամիս, եւ որեւէ անգամ որեւէ քննչական գործողության ինձ չեն հրավիրել։ Մեղադրող կողմն ընդունել է, որ հրապարակած տեսանյութը մոնտաժված է»։ Վանեցյանը բոլոր մեղադրանքները «աբսուրդի ժանրից» որակեց եւ չբացառեց, որ այս հարցազրույցից հետո իրեն սկսեն նորից կանչել քննչական մարմիններ։

 

 




Լրահոս