Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Բաքուն հաղորդում է, թե «նախարարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին», ռուսական կողմի հաղորդագրության մեջ էլ նշված է, որ «տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը կարգավորելու ուղիների վերաբերյալ»:
Թե ինչ եզրահանգման են եկել Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարները Հայաստանի սահմանին վերաբերող հարցերում, չի հստակեցվում:
Մոտ տասն օր առաջ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում առաջարկել էր սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայել: Մոսկվան Փաշինյանի այս առաջարկին պաշտոնապես չի արձագանքել։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, սակայն, օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր` դա մի հարց է, որ պետք է որոշվի եռակողմ ձեւաչափով՝ նաեւ Ադրբեջանի մասնակցությամբ:
«Նախ, այդ գաղափարը մասնակիորեն արդեն իրագործվել է Սյունիքի մարզում, որտեղ ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված հայ-ադրբեջանական սահմանի վիճահարույց հատվածներում՝ ի հավելումն այն տարածքների, որոնք ավանդաբար վերապահվել են ռուս սահմանապահների հսկողությանը: Հիշեցնեմ՝ դա Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանն է: Հիմա Ռուսաստանից լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում`անձնակազմ, որպեսզի նաեւ խնդրահարույց հատվածներում տեղակայենք, մասնավորապես այնտեղ, որտեղ ճանապարհը, այսպես ասած, երկու երկրների տարածքով է անցնում: Ինչ վերաբերում է խնդրահարույց մյուս հատվածներին, ապա միայն կարող եմ ասել, որ այս հարցերը քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ: Մենք հասկանում ենք խնդրի ողջ կարեւորությունը, ռուսական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել, սակայն դա այն հարցն է, որը դեռ եռակողմ ձեւաչափով լրացուցիչ քննարկման կարիք ունի: Այդպիսի աշխատանք տարվում է, գործնական աշխատանք», – ասել էր դեսպանը:
Կոպիրիինի այս հարցազրույցից հետո՝ անցած շաբաթ, լրագրողները Ռուսաստանի արտգործնախարարությունից փորձել էին ճշտել` ստացվում է, որ Հայաստանի սահմանին ռուսական ուղեկալների տեղակայման համար անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը ստանալ, եւ եթե Բաքուն դեմ լինի, հայկական կողմի այս նախաձեռնությունը չի իրագործվի արդյոք: Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալելքսանդր Բիկանտովը, մի կողմից, ասել էր, թե այդ հարցը գտնվում է Ռուսաստանի իշխանությունների իրավասության ներքո, մյուս կողմից` ընդունել, որ, այդուամենայնիվ, կան խնդիրներ:
«Հարկ է նշել, որ սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայմանը խոչընդոտող հարցերից մեկը միջազգային-իրավական ձեւակերպման բացակայությունն է, ինչին ավելանում է նաեւ կողմերի միջեւ փոխվստահության պակասը։ Կարծում ենք, որ սահմանին կայուն դեէսկալացիան կարող է ապահովել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման, հետագայում նաեւ սահմանազատման աշխատանքների անհետաձգելի գործարկումը։ Ռուսաստանը կողմ է այդ հարցի շուտափույթ լուծմանը», – ասել էր նա։
Երեւանը հայտարարում է, թե կողմ է Ադրբեջանի հետ սահմանազատմանն ու սահմանագծմանը, սակայն վարչապետ Փաշինյանը երկու նախապայման է դրել` բոլոր գերիների վերադարձ ու ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի սահմաններից: Բաքուն մինչ օրս դրական պատասխան չի տվել: Ավելին, նախագահ Ալիեւը շաբաթներ առաջ պնդել էր, թե անցած մայիսից Սյունքիում եւ Գեղարքունիքում մի քանի կիլոմետր խորացած ադրբեջանական զորքը ետ չի քաշվելու:
«Մենք դուրս ենք եկել մե՛ր սահմաններ։ Ինչու ենք դա արել միայն մայիսի՞ն։ Որովհետեւ երկու-երեք մետր նստած ձյունը թույլ չէր տալիս ավելի վաղ մոտենալ: Ձնհալից հետո, սակայն, մենք անմիջապես դուրս եկանք, զբաղեցրինք անհրաժեշտ բարձունքները, տեղակայվեցինք եւ կշարունակենք ամրապնդվել այնտեղ», – ասել էր նա:
Կողմերի՝ առայժմ իրարամերժ այս հայտարարությունների ֆոնին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, թե տարածաշրջանը հնարավոր է վերածել անվտանգության ու բարգավաճման գոտու` նախագահ Պուտինի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ու հունվարի11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների օգնությամբ: Փաստացի եռակողմ այդ համաձայնություններից առայժմ թղթի վրա են մնացել երեքը` հայ գերիների հայրենադարձումը, փախստականների եւ տեղահանվածների վերադարձն ու տարածաշրջանի բոլոր ուղիների, այդ թվում` Նախիջեւանը Ադրբեջային կապող ճանապարհի ապաշրջափակումը: Այս դեպքում եւս Երեւանն ու Բաքուն դեռ ընդհանուր հայտարարի չեն գալիս. Ադրբեջանը հատուկ կարգավիճակով միջանցք է ուզում դեպի Նախիջեւան, Երեւանը պնդում է` նման տրամաբանությամբ որեիէ հարց չի քննարկելու:
Երեկ, ի դեպ, Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ ճանապարհների ապաշրջափակման հարցն է քննարկել Ադրբեջանի արտգործնախարարի հետ՝ ընդգծելով այս նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները շուտափույթ վերսկսելու կարեւորությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ի դեպ, Հայաստանի արտգործնախարարի հետ Սերգեյ Լավրովը վերջին անգամ մոտ երեք ամիս առաջ է զրուցել`անցած մայիսին, երբ Արա Այազյանը դեռ հրաժարական չէր ներկայացրել: Մոտ մեկ ամիս է` նախարարի պարտականությունները կատարում է ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, սակայն մինչ օրս Սերգեյ Լավրովի եւ նրա միջեւ ուղիղ կապի մասին պաշտոնապես չի հաղորդվել:
Ն.Հ.
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ
Օգոստոսի 1-ին հաղորդվել էր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին եւ նրա պապին՝ Ազատ Անտոնյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մասին: Նույն օրը Նաիրիի քննչական բաժնում հարուցվել էր քր. գործ՝ ՀՀ քր. օր. 118 հոդ., 147 հոդ. 1-ին մասի եւ 34-104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով: «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արման Անտոնյանին եւ Ազատ Անտոնյանին ծեծի է ենթարկել Սուրեն Պ-ն, որը «Հայաստան» մարզական ՀԿ Երեւանի հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված դպրոցի պարետն է եւ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Արման Անտոնյանին եւ Ազատ Անտոնյանին:
Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Իսկ ինչո՞ւ է Ս. Պետրոսյանը գնացել այդ քայլին: Բանն այն է, որ, ArmLur.am-ի տեղեկություններով, ավագանու անդամը քաղաքապետարանում հեծանվասպորտի ոլորտում բարեփոխումների նախագիծ է ներկայացրել, որը հեծանվասպորտի ոլորտի ներկայացուցիչների գրպանին է կպնելու: Ի դեպ, մինչ այս դաժան դեպքը Երեւանի դանակահարված ավագանու անդամը խոսակցություններ է ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ:
Իրավապահները, հանելով հեռախոսային խոսակցությունները, պարզել են, որ ավագանու անդամին սպառնացել են, վախեցրել են, ինչի մասին նա հեռախոսազանգով հայտնել է քաղաքապետարանի պաշտոնյաներին, թե հեծանվասպորտի բարեփոխումների նախագծի համար իրեն սպառնում ու վախեցնում են:
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Զոլաքարում 16-ամյա որդու կողմից հորը սպանելու դեպքից, թե ինչու է 16-ամյա տղան գնացել այդ քայլին: Վերջինս իրավապահներին պատմել է, որ իրեն տանն անընդհատ ճնշած են պահել, ասել են, թե ինչու դու ծնվեցիր, չծնվեիր՝ լավ կլիներ, ու միշտ խիստ են եղել, ինչից դրդված, նսեմացումերին չդիմանալով՝ գնացել է այդ քայլին: Հիշեցնենք, որ 2021թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 12:05-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի տներից մեկում մարդ է մահացել: Նույն օրը՝ ժամը 13:00-ին, հաղորդում է ստացվել նաեւ մահացած տղամարդու կնոջից այն մասին, որ առավոտյան իր որդին դանակով հարվածներ է հասցրել հորը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել տղամարդու դի՝ կրծքավանդակի, պարանոցի շրջաններում բազմակի ծակած-կտրած վերքերով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ԱԶԱՏՈՒՄ- ՆՇԱՆԱԿՈՒՄ
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Առաքել Մարտիկյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Արայիկ Հարությունյանը։ Նա ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Նախագահի հրամանագրով՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Վահրամ Գրիգորյանը։
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի հեռախոսազրույցով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղիները: «Մտքերի առարկայական փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
ԿԱՐՏՈՖԻԼԻ ԽՆԴԻՐ
Հայաստանում տեղական արտադրության կարտոֆիլի խնդիր կա. ներքին շուկան լցվել է ներկրված կարտոֆիլով: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը ArmLur.am-ը զրույցում վրդովվեց՝ հայտարարելով. «Դա մեր կառավարության խիզախ քաղաքականության արդյունքն է. այս տարի քիչ սերմ է ներկրվել, բնականաբար երաշտն էլ իր վատ գործն արեց Շիրակի մարզում, այնպես որ, ունենք ցածր բերք, նախորդ տարվա համեմատ՝ 30-40 տոկոս պակաս»: Մասնագետի խոսքով՝ Հայաստանում մայիս եւ հունիս ամիսներին երաշտ է եղել, որի մասին կառավարությունը լռում է: «Թող բացատրեն, թե ինչու է գյուղմթերքը թանկանում, երբ մենք շատ լավ արտադրանք ունեն, եթե ունենք իհարկե: Դատարկագլուխների մտածելակերպն է: Առաջինը՝ մենք երկու ամիս համարյա տեղումներ չենք ունեցել, խոսքը գյուղատնտեսության համար տեղումների մասին է, հորդառատ անձրեւներ չենք ունեցել: Եւ երկրորդը՝ ջրամբարներում ոչ թե քիչ է ջուր եղել կամ էլ դիտմամբ չեն լցրել կամ վաճառել են, եւ արդյունքում Շիրակում ունենք ջրի լուրջ պակաս»,- նկատեց Բերբերյանը: