ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրից դուրս գալու ժամանակ ՍԷԿՏ համակարգի սահմանափակումները մարդկանց լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում: Քրեական գործի հետ կապված՝ շարունակում է խնդրահարույց լինել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման եւ մարդուն շարունակաբար անորոշ վիճակում պահելու պրակտիկան: Խոսքը մասնավորապես սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին վերաբերող խնդիրների մասին է։ Դրանից գլխավորներից է այն, որ մարդը չի իմանում կամ տեղյակ չի պահվում, որ իր նկատմամբ կիրառվում է երկիրը հատելու արգելք, ու երբ նույնիսկ տարիներ անց փորձում է դուրս գալ երկրից, չի կարողանում։

 

Մարդու իրավունքների պաշտպանին տարիների ընթացքում հասցեագրված բողոքները վկայում են, որ պրակտիկան այդպես էլ չի բարելավել։ Միայն 2020 թվականին, պայմանավորված ռազմական ու արտակարգ դրույթներով, բողոքների թիվը եղել է տարբեր։ Պետական սահմանով անցման սահմանափակումները վերացնելուց հետո զուգահեռ բողոքները շարունակվում են հասցեագրվել։

Մտահոգիչ է հատկապես այն, որ նշված սահմանափակումների առկայության պայմաններում ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքում, այլեւ հենց քրեական գործ քննող մարմիններն են արձանագրել կասկածյալի կամ մեղադրյալի ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակմանն առնչվող խնդիրներ։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը, նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի եւ դատարանի կանչով եւ նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:

Մասնավորապես, անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները մուտքագրվում են ՍԷԿՏ (Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ): Այդ համակարգի խնդիրը Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների եւ պետական կառավարման այլ մարմինների կողմից ՀՀ մուտք (ելք) գործող անձանց եւ տրանսպորտային միջոցների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ձեւավորումն է, տեղեկատվության ստացման, կուտակման եւ մշակման ապահովումն է, ինչպես նաեւ համապատասխան շահագրգիռ մարմիններին անհրաժեշտ տվյալների տրամադրումն է։

Ինչպես 2017, 2018, 2019, այնպես էլ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի քննությանն առնված դեպքերում չնայած անձինք կրած են եղել դատարանի կողմից նշանակված պատիժը, սակայն վերջիններիս՝ հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից չէր հանվել՝ դեռեւս նախաքննության փուլում կիրառված արգելանքի հիման վրա:

Պաշտպանին ներկայացված բողոքների շարունակականության, ինչպես նաեւ խնդրի համակարգային բնույթի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը համակողմանի ուսումնասիրության առարկա է դարձրել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի ապահովման սահմանադրաիրավական հիմքերն ու միջազգային իրավական սկզբունքները, արտասահմանյան երկրների օրենսդրական փորձը, ոլորտի ներպետական օրենսդրական կարգավորումների որոշակիությունն ու կանխատեսելիությունը:

Արդյունքում, Պաշտպանը խնդիրը ներկայացրել է օրենսդրության եւ իրավակիրառման սահմանադրականության տեսանկյունից՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրացմամբ։

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքների բովանդակության ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ կառավարության խնդրո առարկա որոշման մեջ խափանման միջոցի վերացման մասին որոշման վերաբերյալ տեղեկատվությունը ՍԷԿՏ համակարգ ուղարկելու ուղղակի պարտականության բացակայությունը հարցականի տակ է դնում այդ ընթացակարգի որոշակիությունը, քանի որ կոնկրետ իրավասու մարմնի վրա դրված այդպիսի պարտականություն չկա: Քանի դեռ օրենսդրական համապատասխան փոփոխություններ չեն նախաձեռնվել, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն սկզբունքով, որ խափանման միջոցի կիրառմամբ իրավասու մարմնին տեղեկություններ տրամադրելու պարտականությանը զուգահեռ ապահովվի հակառակի՝ խափանման միջոցի վերացման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պարտականությունը:

Ուստի Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խնդրի լուծումը պետք է տրվի օրենսդրական բացի հաղթահարման ճանապարհով՝ համապատասխան ընթացակարգերի ամրագրմամբ: Միաժամանակ, անհրաժեշտ է նկատել, որ, եթե անձն ունի որեւէ դատավարական կարգավիճակ, օրինակ՝ մեղադրյալի, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ, ապա որեւէ կերպ չի կարող սահմանափակվել հանրապետությունից դուրս գալու նրա իրավունքը:

 

 

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքի ընդհանուր թվով 96 ընտրական տեղամասերի ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել  է 108  հազար 773: Դրանցից քվեարկությանը մասնակցել է 57 հազար  698-ը:  2021թ. հունիսի 20-ի ընտրություններում Տավուշի մարզի ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը եղել է 109 հազար 692, դրանցից քվեարկությանը մասնակցել է 58 հազար 677-ը։ Մարզում բնակչության բնական աճ գրեթե չկա, սահմանամերձ Տավուշից արտագաղթը շարունակվում է, այն թափ առավ 2020թ. Արցախում պատերազմից հետո. երկուսուկես տարում ցուցակային ընտրողների թիվը ո՞նց ավելացավ 919-ով։

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ

Դիլիջան  խոշոր համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղում տեղեկություններ են տարածված, որ գյուղի վարչական ղեկավար, Հաղարծնի հարեւան՝ Թեղուտ համայնքի նախկին ղեկավար Գեւորգ Թամրազյանին ազատել են Հաղարծնի վարչական ղեկավարի պաշտոնից։ Գեւորգ Թամրազյանի բջջային հեռախոսահամարին կատարված բազմաթիվ հեռախոսազանգերս անպատասխան մնացին. նա անհասանելի է։ Զանգահարեցի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սոնա  Եգանյանին։ Նա, ի պատասխան  Գեւորգ Թամրազյանի վերաբերյալ հարցի, հայտնեց, որ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ Գեւորգ Թամրազյանը արձակուրդ է գնացել, այդ կարգադրությունն առկա է համայնքապետարանի ինտերնետային կայքում։ Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքում որոնեցի, սակայն  համայնքի ղեկավարի պաշտոնակատարի այդ  կարգադրությունն այնտեղ չգտա։

 

 

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

Օգոստոսի 8-ին  ԱԺ   «Հայաստան»  խմբակցության պատգամավորները Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ  Ոսկեպար եւ Բաղանիսում գյուղեր էին այցելել, նրանք սահմանագոտու  այդ գյուղերի  բնակիչների  հետ զրուցեցին սահմանի խնդիրների մասին։ Այդ հանդիպումների գլխավոր թեման սպասվող սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները եւ նախկինում ադրբեջանաբնակ գյուղերի տարածք հանդիսացող անկլավների հնարավոր հանձնումն  է Ադրբեջանին։ Սահմանագոտու բնակիչներին հուզում էր  հիմնական մի  հարց, թե ինչու են ռուս զինվորականները տեղակայվել Ոսկեպար բնակավայրի առանձանատներից մեկում, նրանք ինչ աշխատանքներ են կատարելու  այնտեղ։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԽԱՆՈՒԹՆԵՐ ԵՆ ԹԱԼԱՆԵԼ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է  Բերդ համայնքի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի բնակիչներ Թեհմինե Բաբասյանի, Արմեն Ամիրխանյանի եւ Արամ Բաբայանի դատավարությունը։ Նրանք մեղադրվում են այն բանում,  որ նրանք նախնական համաձայնությամբ 2020թ. մայիսի 22-ին՝ ժամը 22-ի սահմաններում, մուտք են գործել Տավուշի մարզի Վազաշեն գյուղում գտվող Ռայա Գաբրիելյանին պատկանող մթերային խանութ եւ այնտեղից գաղտնի հափշտակել 1 միլիոն 166 հազար 650  դրամի ապրանքներ։ Բացի այդ, 2020թ. մայիսի 26-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, Թեհմինե Բաբասյանը Արմինե Ամիրխանյանի  եւ Արամ Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ գնացել է Տավուշի մարզի Վարագավան գյուղում գտնվող Արթուր Եղիկյանին պատկանող խանութ, մուտք գործել խանութ եւ այնտեղից գաղտնի հափշատակել 1միլիոն 200 հազար  դրամի մթերային եւ տնտեսական ապրանքներ։  Արմեն Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ  եւ 3-րդ կետերով` 2 դրվագով, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, Արամ Բաբասյանին՝  177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, Թեհմինե Բաբասյանին՝ 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով՝ 2 դրվագով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

 

 

Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՆ ՈՍԿԵՊԱՐՈՒՄ

Սահմանամերձ Ոսկեպար գյուղի ծայրին՝ միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող Հուսիկ Պապյանի երկհարկանի առանձնատանը տեղակայվել են շուրջ 30 ռուս զինվորականներ, որոնց հրամանատարը գնդապետ է։ Տանտերը գտնվում է Ռուսաստանում, տունը բնակեցված չէր։ Ռուս զինվորականները եկել են բեռնատար եւ մարդատար տրանսպորտային միջոցներով. դատելով ամեն ինչից՝ նրանք եկել են երկարաժամկետ ծրագրով, նրանք իրենց կեցավայրը՝ նշված տունը, հարմարեցնում են բնակության համար։  Ռուս զինվորականները հայտնում են, թե եկել են մոնիտորինգ իրականացնելու, սակայն իրական նպատակները հայտնի չեն։ Ոչ մի իրավական հենք, փաստաթուղթ չկա նրանց՝ Ոսկեպարում երկարաժամկետ ներկայության համար։ ՀՀ ՊՆ հայտարարել է, որ  Ոսկեպարում  տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով, տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։ Նշեմ, որ առայժմ ոչ մի շինարարական աշխատանք ռուս զինվորականները չեն իրականացրել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս