ՊԵՏՔ Է ՄՈՒՏՔԱԳՐՎԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ են կատարվել, որոնք վերաբերում են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներին։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացվել է հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով, ըստ որի՝

 

սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներ` գազաբալոնների եւ դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի եւ դրանց միացման հանգույցների, բարձր եւ ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ եւ ապահովիչ սարքերի ամբողջությունը,

գազաբալոնների պարբերական վկայագրում` գազաբալոնների պատրաստման եւ շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ եւ ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որով սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը։

Օրենքում ավելացել է նաեւ նոր՝ 26?1 հոդվածը՝ Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրումը, գազաբալոնների պարբերական վկայագրումը եւ լցավորումը, ըստ որի՝

  1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա (այսուհետ` լիցենզավորված անձ):
  2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումից, գազաբալոնների պարբերական վկայագրումից հետո լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), իսկ ավտոտրանսպորտային միջոցի եւ գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում է էլեկտրոնային շտեմարան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
  3. Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման:
  4. Արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում՝ բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների:
  5. Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով եւ շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը եւ վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
  6. Արգելվում է ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը:
  7. Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արեւի ուղիղ ճառագայթներից, ձյան եւ անձրեւի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայցեւ պետք է ապահովվի հասանելիություն գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունն ստուգելու նպատակով:
  8. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը եւ պարբերականությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Մինչեւ օգոստոսի 16-ը տեղադրված գազաբալոնային սարքավորումներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրման վկայագիր ունեցող կազմակերպությունների կողմից վկայագրված գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ նրանց ներկայացուցիչները օգոստոսի 16-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում, պետք է դիմեն լիցենզավորված անձանց ավտոտրանսպորտային միջոցի եւ գազաբալոնների մասին տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար: Այս դեպքում գազաբալոնների նոր վկայագրում չի կատարվում, եւ հաջորդ վկայագրման ներկայացման ժամկետը չի փոխվում:

 

 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է

Օգոստոսի 9-ին «Ճառագայթ» ՓԲԸ բանվորները Քոբայրի մոտ փակել են Մ6 Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը։ Ճանապարհի հիմնանորոգումը կիսատ է, թվով  մոտ 60  բանվորներ  բողոքում են, որ ընկերությունը իրենց  8 ամսվա աշխատավարձը չի վճարել, փոշիացրել է ճանապարհի կառուցապատման համար հատկացված գումարները։ Ճանապարհը 10-15 րոպե փակվելուց հետո Թումանյանի բաժնի ոստիկանապետը   բանվորներին հորդորել է ճանապարհը բացել եւ ընկերության դեմ դատական հայց ներկայացնել։ Ավտոճանապարհի կառուցապատումը կիսատ է, արդեն 3 տարի Ալավերդի քաղաքի գլխավոր փողոցը կորած է  փոշու մեջ։ Թումանյանի տարածաշրջանի բնակիչները բողոքում են, որ միջպետական ավտոճանապարհի Սանահին-Թումանյան հատվածի  կառուցապատման վատ որակի  մասին միայն տեսնողները, այդ հատվածով երթեւեկողները կարող են պատկերացում կազմել: Բնակիչներն ասում են, որ հիմնանորոգվող  ճանապարհները գծագրել են, փոխել, գծագրած հատվածները բազում անգամ նորից գծագրել, հիմնանորոգվող ճանապարհին հատվածներ կան, որոնց կառուցապատման խնդիրը լուծված չէ, դեռ պարզ չէ, թե ինչ տեխնիկական լուծումներ են գտնելու։ Ճանապահաշինարարներն այժմ գծագրումներ են անում նաեւ այն հատվածներում, որտեղ ասֆալտապատումն արդեն արված է։ Ներկայումս շինարարական տեխնիկան  Քոբայրի հատվածում  հանված է, ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները դադարեցված են։ Ալավերդի քաղաքի տարածքում միջպետական ավտոճանապարհի ասֆալտապատումը կատարված է, սակայն ճանապարհի եզրին մետաղյա ցանցերով գաբիոններ կամ հենապատեր չեն կառուցվել, ճանապարհի եզրից վերեւ հառնող ժայռերից քարերը թափվում են ճանապարհին, ժամանակի ընթացքում ճանապարհի վրա բազում քարաթափումներ են լինելու։  Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ 51,74 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցապատումը սկսվել է 2018թ. աշնանը եւ պետք է ավարտվեր 2019թ. դեկտեմբերին, սակայն դրա ավարտը չի նշմարվում։ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածը կառուցապատվում է Ասիական զարգացման բանկի (44.04 մլն եվրո) եւ ՀՀ կառավարության (10.14 մլն եվրո) համաֆինանսավորմամբ, կապալառու կազմակերպություններն են «Հորիզոն-95», «ԱԱԲ Պրոեկտ» եւ «Սուարդի» ընկերությունները: Տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Սաֆեժ ՍԱՍ եւ Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկությունը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար, այժմ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը պարբերաբար աշխատանքային այցեր է  կատարում, ծանոթանում միջպետական ավտոճանապահի հիմնանորոգման ընթացքին, սակայն դրանից  գործն ամենեւին առաջ չի գնում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՉՎԵՐԹՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ

Cham Wings ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 4-ից կմեկնարկի Հալեպ- Երեւան-Հալեպ երթուղով չվերթեր: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ յուրաքանչյուր շաբաթ օր:

 

 

ՊԱՇՏՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։

 

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆՈՒՄ Է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչեւ 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ: Այն հարկ վճարողներն, որոնք հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են 23-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում եւ ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից, միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները պետք է ներկայացնեն նշված ժամկետում: Դիմումները լրացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետեւալ տվյալների ճշտությանը.

  1. բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին,
  2. դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ,
  3. պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:

Կոմիտեի փոխանցմամբ՝ այն շահառուները, որոնք արդեն իսկ ներկայացրել են դիմումներ, սակայն դրանցում ապահովված չեն վերոնշյալ պայմանները, պետք է ճշտված դիմումները ներկայացնեն կրկին մինչեւ 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ։

 




Լրահոս