ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է Արցախում, քանի որ արդեն երկու օր է՝ հակառակորդը դիմում է սադրանքների: Նշենք, որ երեկ՝ ժամը 08:29-ի եւ 08:58-ի սահմաններում, հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն եւ փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

 

-Պարո՛ն Բաբայան, ի՞նչ իրավիճակ է այժմ Արցախում:

-Տեսեք, ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է: Ադրբեջանն ընդհանուր առմամբ ունի աշխարհաքաղաքական պայքարի շատ հարուստ եւ հետաքրքիր փորձ, ու շատ բաներ մենք ունենք սովորելու իրենցից:  Պետք է շատ լավ պատկերացնենք, թե ում հետ գործ ունենք: Հիմա կոնկրետ այս միջադեպի մասին. այն ոչ այնքան ռազմական է, որովհետեւ նման անօդաչու թռչող սարքի կիրառումը որեւէ նոր բան չի ստեղծել սահմանին, սակայն ունի հոգեբանական եւ աշխարհաքաղաքական նշանակություն: Նա կարող է վաղն էլ այլ զինատեսակներ օգտագործի, եւ դա մի քանի նպատակ ունի: Նա այդպես ցանկանում է նաեւ ցույց տալ, որ անվտանգ չէ, եւ որ ժողովուրդն ունենա վախ ու անվստահություն ապագայի հանդեպ, ու Արցախը դատարկվի: Նա առանց ծախսելու հսկայական գումարներ եւ առանց կորուստների, փորձում է հասնել իր հիմնական նպատակին: Նա այսպիսի քայլերով փորձում է խալխլել Ռուսաստանի հետ ընկերական հարաբերությունները՝ ասելով, թե քարտուղարն այդպես է, բայց կապ չունի, եւ ցանկանում է այնպես անել, որ հասկանան, որ հայ-ռուսական հարաբերությունները խալխլվում են: Բայց ռուսներն այստեղ չեն եկել պատերազմելու, մենք պետք է դա շատ լավ հասկանանք եւ էմոցիաներով չշարժվենք:

-Դուք նշեցիք, որ Ադրբեջանն այդ ամենը հատուկ է կիրառում, բայց մենք ի՞նչ պետք է անենք՝ ի հակադրություն նրանց:

-Պետք է ունենանք անկոտրում կամք եւ հավատ: Պետք է ճիշտ քաղաքականություն վարենք, սա եւ շատ հեշտ է եւ մեծ դժվարություններ է պարունակում, սակայն մենք այլ տարբերակներ չունենք:

-Հիմա՝ այս ամիսների ընթացքում, Դուք ինչպիսի՞ քաղաքականություն ենք վարում:

-Գիտեք՝ դա ցույց կտա ժամանակը, եւ այս պահի դրությամբ վաղաժամ է ասել, սակայն մեկ բան պարզ է՝ շատ հարցերում պետք է արմատական փոփոխություններ անել: Ես չեմ ուզում շահարկումներ անել, եւ այս պահին մենք պետք է համախմբենք հանրությանը, քանի որ մարտահրավերներն իրոք լուրջ են:  Միեւնույն ժամանակ զինված ուժերը պետք է համապատասխանեն նոր իրավիճակին, եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր արվում են:

-Այս օրերին նաեւ ՀՀ Աժ-ում հնչում են տեսակետներ, որ Հայաստան-Արցախ հարաբերությունները սառել են:

-Արցախը միշտ եղել է հայության անվտանգության երաշխավորներից մեկը, եղել է վահան, հիմա այդ վահանը ջարդված է, սակայն այդ վիճակում նույնիսկ նա շարունակում է իր դերակատությունը: Սա լոկ խոսքեր չեն, եւ նույնիսկ այդ ջարդուփշուր վիճակում նա ունի կարեւոր նշանակություն, սա պարզ է, եւ դրա համար հակառակորդն ուզում է ջարդել վերջնականապես Արցախը՝ արդեն խաղաղ ճանապարհով, նաեւ գաղափարախոսապես մեղ հաղթելով, կոտրելով:  Իհարկե, սա իրենց կարեւորագույն ցանկությունն ու մտահղացումներից մեկն է, որին ցանկանում են հասնել: Արցախը պետք է լինի արժեք հայ ժողովրդի համար լինի Հայաստանում, թե Սփյուռքում, եւ պահպանի իր այդ կարգավիճակը: Եթե հասարակությունը հրաժարվում է Արցախից, դա արդեն իր մեծ ազդեցությունն է ունենալու, եւ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվելու են դրանից: Մենք պետք է տեղեկատվական դաշտում աշխատենք, եւ Արցախը չպետք է ատելություն առաջացնի, դա գիտելիքի պակաս չէ, իսկ եթե կա ատելություն, այդտեղ ոչ մի գիտելիք չի փոխի:

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել. «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել բերման ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գեւորգյանին: Նորություն չէ, որ վերջին երեք տարիների ընթացքում իրավական ամենաթողության նոր բարձունքներ գրավելը բնորոշ է այս իշխանություններին: Դրանց թվին է դասվում նաեւ Ազգային ժողովի մեր երկու գործընկեր պատգամավորների` մինչ օրս կալանավորված մնալը: Սահմանադրության 94-րդ հոդվածը երաշխավորում է պատգամավորի ներկայացուցչական մանդատը: Նշվածն ուղղակի պարտականություն է նախատեսում Ազգային ժողովի պատգամավորների համար` իրենց կարգավիճակից բխող: Նույն դատավորը օգոստոսի 3-ին հարգելի էր համարել Ազգային ժողովի նիստերին մասնակցելու պայմաններում պատգամավորի բացակայությունը, բայց նույն իրավական պայմաններում` Ազգային ժողովի ձեւավորման` Սահմանադրության ուժով գումարվող եւ դեռ շարունակվող նիստերի պայմաններում, դատավորն ամբողջովին հակառակ մոտեցում է որդեգրում: Նման վարքագծով, փաստացի, դատավորը որոշել է միջամտել Ազգային ժողովի բնականոն գործունեությանը եւ հենց պատգամավորի ներկայացուցչական մանդատին, ինչն իրավական որեւէ գործընթացի հետ աղերս չի կարող ունենալ: Հրավիրում ենք Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վարքագծին: Հարկ ենք համարում ընդգծել, որ Արմեն Գեւորգյանը մշտապես պահպանել է հարգանքը դատարանի նկատմամբ, եւ ցանկացած հանգամանք նախապես պատշաճ կերպով տեղեկացվել է դատարանին»։

 

 

ՊՆ-Ն ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է

Օգոստոսի 11-ին պաշտպանության նախարարների մակարդակով Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, բացի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերից, հայկական կողմից բարձրացված եւ առանցքային կարեւորություն ներկայացնող խնդիրներն են եղել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, սահմանային միջադեպերի կանխումը, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը եւ, այդ համատեքստում, այնպիսի միջադեպերի բացառումը, ինչպիսին էր, օրինակ, օգոստոսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի ՊԲ մարտական դիրքերի վրա հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառումը, եւ հայ ռազմագերիների վերադարձի խնդրի արագ հանգուցալուծումը։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

 

 

ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերին արդիականացման եւ բարեփոխումների հարցերում:

 

ՁԸհհ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ողջունելով ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին: «Մենք շատ ենք կարեւորում ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Միեւնույն ժամանակ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Առաջադրանքը հեշտ չէ, սակայն, կարծում եմ, որ ձեր փորձով դա իրագործելի կլինի», – ասել է Շոյգուն:

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՀՀ տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, որը լավ հագեցած է եւ հանդիսանում է անվտանգության երաշխավոր: «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում, եւ մենք չափազանց շահագրգռված ենք այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ», – հավելել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Շոյգուն նաեւ շնորհավորել է Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ դա տեղի է ունեցել «դժվարին ժամանակաշրջանում, երբ երկրի պաշտպանական ոլորտը բարեփոխելու բարդ խնդիրներ կան»: Իր հերթին Կարապետյանը երախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի զինված ուժերի մարտունակության վերականգնման, զորքերի վերազինման եւ վերապատրաստմանն օժանդակելու պատրաստակամության համար: Կարապետյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաջին օտարերկրյա այցը կատարում է հենց Ռուսաստան, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: «Ռուսաստանը միակ պետությունն է, որն իսկապես շոշափելի արդյունք է ցույց տալիս հայ ժողովրդի անվտանգության համար եւ այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ անմիջապես Հայաստանի սահմաններին: Մենք պատրաստ ենք շատ սերտ եւ արդյունավետ համագործակցության»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 




Լրահոս