«ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՆԵՐՈՒՄ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ»    

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք տեղյակ է, թե ինչ փակ հանդիպում է ունեցել Արցախի նախագահը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Մենք փորձել ենք ընդդիմադիր պատգամավոր Գալստյանից պարզել, թե ինչու Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը չցանկացավ, որ ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծվի:

 

-Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այն պարագայում, երբ պատերազմի օրերին Արայիկ Հարությունյանը մերժել էր հանդիպել նախագահներին: Ի՞նչ է նշանակում սա: Այս պահին ինչո՞ւ նման որոշում կայացվեց: Արդյոք իշխանությունների հետ համաձայնեցվա՞ծ էր:

-Ինչպես բազմիցս մենք նշել էինք՝ Արայիկ Հարությունյանը կամակատար է եւ նա ինքնուրույն որոշումներ չի կայացնում: Այդ որոշումը եւս Արայիկ Հարությունյանին պարտադրված որոշումներից էր, որ անպայման պետք է հանդիպեր Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ստանար հետագա հրահանգավորումները: Քանի որ  ո՛չ Արայիկ Հարությունյանը, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը չբացահայտեցին, թե ինչի մասին են խոսել հանդիպման ընթացքում,  սա եւս մեկ անգամ փաստում է, որ Արայիկ Հարությունյանն օր առաջ պետք է հեռանա, որ Արցախը կարողանա դուրս գալ այս ճգնաճամային իրավիճակից:

-Այսինքն՝ Ձեզ համար եւս հասկանալի չէ՞ր հանդիպման թե՛ բովանդակությունը, թե՛ պատճառը:

-Հասկանալին նա է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե ասում ենք նախկին, ապա ամենանախկինն է, եւ Արայիկ Հարությունյանը այսօրվա Հայաստանի իշխանությունների հետ  զբաղված են նախկիններին քարկոծելով, բայց տեսեք, որ ամենանախկինի հետ հանդիպում է, իսկ  պատերազմի օրերին  առաջին նախագահի հետ հանիդպումը մերժել է, որ Արցախում ընդունվել է փշերով: Արցախցիները դա չեն ներում Արայիկ Հարությունյանին:

-Նաեւ այդ ժամանակահատվածում խորհրդարանում Հայաստանի քննարկվում էր Արցախի հարցով հանձնաժողով ստեղծել, եւ անակնկալ կերպով  Հայաստանի եւ Արցախի Աժ նախագահները հանդիպեցին: Կարծես թե, ասաց, որ պետք չէ նման հանձնաժողով ստեղծել: Ի՞նչ կասեք այդ անակնկալ հանդիպման մասին: Ինչո՞ւ մերծվեց հանձնաժողով ստեղծելու առաջարկը:

-Ես չեմ ուզում հիմնվել Ալեն Սիմոնյանի ասածների վրա: Լսել եմ Աժ նախագահի հարցազրույցը, որտեղ ասում էր, որ ինքը կբողոքեր, որ այդ հանձնաժողովը ստեղծվեր, ու եթե իրա ասածով 107 պատգամավորները պետք է զբաղվեն Արցախի հարցով, իսկ անվտանգության հարցով չպե՞տք է զբաղվեն: Շատ զարմանալի էր, որ Արթուր Թովմասյանը չողջունեց  նախաձեռնողներին: Ընդհանուր առմամբ, եթե վերցնենք, ապա Թովմասյանի այդ հանդիպումը եւս անակնկալ էր: Դա Արայիկ Հարությունյանի հանիդպման տրամաբանական շարունակությունն էր:

Արցախի ժողովուրդն ավելի  պետականամեդ մտածելակերպ ուներ, քան Արցախի իշխանությունները, որովհետեւ Արցախի ժողովուրդը հասկանում է, որ փողոցով իշխանության էկածների դառը պտուղները այսօր քաղեցինք մենք: Չեն ուզել նույն սցենարը լինի Արցախում, իսկ դրա տակ նրանք հասկանում են, որ հանրային պահանջ չկա: Նույն իրենց քաղաքական թիմի մեկ ուրիշ պատգամավոր սրանից մի քանի շաբաթ առաջ  հայտարարում է, որ Արցախի Սահմանադրությունը քաղաքական պատվեր էր. Հրայր Թովմասյանը կատարել է, եւ փաթաթել են Արցախի վզին: Մենք որ հիմա ասում ենք, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, նրանք ասում են, որ հանրային պահանջ չկա: Իսկ նրանք հանրային պահանջին չեն տիրապետում: Իրենց շփումներ չունեն հանրության հետ, որ իմանան հանրային պահանջ կա, թե ոչ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԹԱՂԱՊԵՏԻ ԴԵՄ

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արաբկիրի թաղապետի դեմ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել Հակոբ Հակոբյանը եւ հայտնել, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ապօրինի թույլտվություն է տվել Սեւքարեցի Սաքոյի փողոց 44/2 հասցեում իրականացվող շինարարությանը, որը չի համապատասխանում ՀՀ քաղաքաշինության նորմատիվ ակտերին, եւ վարչական շրջանի ղեկավարը միջոցներ չի ձեռնարկում այդ ամենը կանխարգելելու ուղղությամբ: Ոստիկանությունում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանի գործով նախաքննական մարմինը որոշում է կայացրել: Armlur.am-ի տեղեկություններով՝  ՀՀ քննչական կոմիտեն  Մեղրիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարել: Վերջինս կալանքի տակ է եւ գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2016թ. Մեղրին ղեկավարած Զաքարյանը կազմակերպել է համայնքին պատկանող եւ վաճառքի ոչ ենթակա արգելոցի տարածքի վաճառքն իր մտերիմին։ Այս գործով մեղադրյալ են նաեւ Զաքարյանի նախկին տեղակալն ու քաղաքապետարանի գլխավոր մասնագետը։ Զաքարյանի փաստաբանները շարունակում են այս քրեական գործը համարել քաղաքական հետապնդում։ Վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ իշխանությունները խնդիր ունեն Սյունիքի համայնքապետերի հետ։ Բացի Զաքարյանից, տարբեր, այդ թվում եւ՝ ընտրական հանցագործություններով մեղադրյալներ են նաեւ Գորիսի, Սիսիանի, Քաջարանի, նաեւ Որոտան եւ Քարահունջ համայնքների ղեկավարները. «Էստեղ, իմ կարծիքով, ավելի շատ Սյունիքի պրոբլեմն ա։ Սյունիքի համայնքապետերին փորձում են մեկուսացնել ինչ-որ այլ նպատակների համար։ Այլ նպատակները բոլորս հասկանում ենք, եւ վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք կտեսնենք, թե սա ինչի համար է արվում, ինչը բացարձակապես ո՛չ կապ ունի իրավական պետության հետ, ո՛չ ժողովրդավարական, ո՛չ էլ ընդհանրապես իրավական օրինական պրոցեսների հետ»։

Ի դեպ,  «Հայաստան» դաշինքի պատգաավորները շարունակաբար հայտարարում են, որ ինչպես Զաքարյանը, այնպես էլ մեկ այլ քրեական գործով անցնող կալանավորված Սիսիանի նախկին քաղաքապետ, դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը պատգամավորի անձեռնմխելիություն ունեն եւ չեն կարող քրեական հետապնդման ենթարկվել։ Մինչդեռ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը պնդել էր, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել մինչեւ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը, եւ դրանից հետո պատգամավոր դառնալը ոչինչ չի կարող փոխել. «Այդ պահին ինչ կարգավիճակ որ ունեցել են, այդ անձեռնմխելիությունը հաղթահարվել է, եւ նրանք ստացել են կարգավիճակ։ Մնացածը՝ Ազգային ժողովի նիստերին մասնակցություն եւ այլն, քրեական դատավարության հետ որեւէ կապ չունեն»։

 

 

ՍԵՎԱՆԻՑ ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ

Հայաստանի կառավարությունը ոռոգման նպատակով Սեւանա լճից այս տարվա ոռոգման շրջանում ջրառի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը մտադիր է փոխել՝ դարձնելով մինչեւ 245 մլն մ3: Այս մասին որոշման նախագիծը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն արդեն շրջանառության մեջ է դրել:

 

Բնապահպաններն այս կապակցությամբ լրջորեն մտահոգված են` ահազանգելով, որ նման չափերի ջրառը կհանգեցնի լճի ջրի մակարդակի նվազմանը: Մինչդեռ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով լճի մակարդակի իջեցումը չի թույլատրվում:

Իր այս որոշման համար որպես պատճառաբանություն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բերել է շոգ եղանակը: Բացի այս, ըստ նախարարության՝ սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ եւ Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, եւ ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սեւանա լճից իրականացվել է պլանավորածից շուտ ջրի բացթողումներ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սեւանա լճից 2021 թվականի, նախորդ տարվա համեմատ, ոռոգման նպատակով ջրբացթողումները սկսվել են 10 օր շուտ, եւ այդ ընթացքում արդեն իսկ իրականացվել է 29 մլն մ3 ջրառ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Սեւան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի եւ Մարմարիկի ջրամբարներից չնախատեսված ջրալրում իրականացնելու պատճառով օգոստոսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ջրամբարներում առաջացել է շուրջ 21 մլն մ3 ջրի դեֆիցիտ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Սեւանա լճից օգոստոսի 5-ի դրությամբ 2020 թվականին բաց է թողնվել 99.759 մլն մ3, իսկ 2021 թվականին՝ 154.606 մլն մ3 ջուր:

Սակայն, մասնագետների պնդմամբ, Սեւանա լճից ջրի բացթողումը բացասական է անդրադառնում լճի էկոհամակարգի վրա, բացի այն, որ ջրի մակարդակն է ցածրանում, նաեւ այլ խնդիրներ են առաջանում՝ կապված ջրի ջերմաստիճանի հետ: Այն ջրային պաշարները, ջրաշխարհը, ջրային էկոլոգիան, որը նախկին տարիներին ունեինք, այսպես Սեւանա լճից անընդհատ բացթողումներով վերականգնել հնարավոր չէ: Մինչդեռ ամեն տարի մեր Կառավարությունը նույն պատճառն է բերում, թե սակավաջուր տարի է, եւ նման չափերի ջրառ է անում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս