ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՂԵԿԱՎԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանը բավականին բուռն քննարկեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը, որի զեկուցողը ՀՀ ՏԿՆ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն էր: Նա երեկ վերջնականապես ի ցույց դրեց իր գիտելիքների մերկությունը: Մասնավորապես, Սարգսյանը չէր կարողանում պատասխանել պատգամավորների կողմից հնչեցված մասնագիտական որեւէ հարցադրման, որի արդյունքում էլ կրքեր բորբոքվեցին դահլիճում, եղան բղավոցներ միմյանց վրա: Այս ամենից հետո «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ով է Կարեն Սարգսյանը ու ինչպես է հայտնվել կոմիտեի ղեկավարի այդ պատասխանատու պաշտոնին, ում միջնորդությամբ եւ, ամենակարեւորը, մասնագիտական ինչ կրթություն ունի: Ուսումնասիրելով նրա կենսագրականը՝ բացահայտեցինք, որ խորհրդանշական հոկտեմբերի 27-ին ծնված Սարգսյանը մասնագիտությամբ մարզական լրագրող է: Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը ավարտելուց հետո նա մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: 2016-ին զգացել է ուսման քաղց. ընդունվել եւ մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժնում: Այսինքն՝ ՀՀ ջրային կոմիտեի նախագահն այսօր փաստացի ուսանող է: Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային փորձին, ապա այն Սարգսյանը կուտակել է բացառապես 2019  թվականի հեղափոխությունից հետո: 2009-ից ՌԴ-ում գտնվող Սարգսյանը հայրենադարձվել է 2019-ին: Կարեն Սարգսյանին ճանաչողները փոխանցում են, որ նա ՌԴ-ում զբաղված է եղել դասական խոպանչիությամբ, իրականացրել է ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաեւ աշխատել ավտոլվացման կետում: Գուցե հետո ունեցել է ավտոլվացման ծառայության անհատական կետ: Այսինքն՝ նրա առնչությունը ջրային ոլորտին բացառապես եղել է ավտոլվացման կետում, բայց դա չի խանգարել, որ հիմա այդ ոլորտը ղեկավարի:

Իսկ ո՞ւմ միջոցով է հայտնվել այս պաշտոնում. նա ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մտերիմ ընկերն է եւ 2019-ին «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ընտրակարգով առաջադրվել էր Գեղարքունիքում պատգամավորի թեկնածու, սակայն չընտրվեց պատգամավոր: Որպեսզի հայրենադարձվածն անգործ չմնա, նրան տեղավորեցին «Գեղարքունիք» ՋՕԸ-ում՝ որպես փոխտնօրեն, հետո՝ 7 ամիս ժամկետով, որից հետո աշխատեց  «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն, այնուհետեւ՝ 3 ամսով «Մելիորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժ/պ: Հետո, սակայն, «տեղ հասավ»՝ որպես Ջրային կոմիտեի նախագահ: Ու այս խայտառակ աղքատիկ կենսագրական տվյալներ ունեցող անձը հոխորտում էր փորձառություն ու լուրջ կենսագրական ունեցող պատգամավորների վրա:

Ի դեպ, Կարեն Սարգսյանը նախկին կոմունիստ պատգամավոր Խորեն Թռչունիչի եղբորորդին է:

 

 

 

Հայրենի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանում իր ծրագիրը ներկայացնել օգոստոսի 24-ին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործադիրը մինչեւ օգոստոսի 23-ը պետք է խորհրդարանական խմբակցություններին ուղարկի կառավարության ծրագիրը, որպեսզի ընդդիմությունն էլ իր հերթին ուսումնասիրի ու դիրքորոշում ներկայացնի: Երեկ արդեն երկրորդ անգամ ԱԺ ՔՊ իշխանական ֆրակցիան կառավարության ծրագիրը քննարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ հիմնականում Փաշինյանն է խոսում, ներկայացնում իրենց տեսլականը: Իշխանությունը ցանկանում է իր խմբակցության սրտով «տեսակավորել» կառավարության ծրագիրը, նոր ուղարկել   ԱԺ ընդդիմությանը: Մենք տեղեկացանք, որ թեժ քննարկվում է իշխանության ներսում, թե կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ինչպես պետք է իրեն պահի Նիկոլ Փաշինյանը, կամ ընդհանրապես արժե, որ Փաշինյանը ներկայանա խորհրդարան, ելույթ ունենա, թե այս փակ հանդիպումների ժամանակ պատասխանի իր թիմի հարցերին, ու այդքանով ամեն ինչ ավարտվի: Կարելի է ասել՝ իշխանությունը սպասում է խորհրդարանի ընդդիմության ամենօրյա պահվածքին. եթե իրավիճակը այս օրերին թեժանա, ընդդիմությունը սկսի քննադատել Փաշինյանին, ապա հնարավոր է՝ վերջինս անգամ կառավարության ծրագրի ներկայացմանը չգա: Ամեն ինչ կախված է առաջիկա օրերից:

 

 

 

Մովսես Հակոբյանի գործով նոր հրահանգ կա: Դատական տեղեկատվական համակարգում աահմանափակելով   ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի քրեական գործը՝ քաղաքական իշխանությունը չի բավարարվել: Արդեն հրահանգ կա  դատական նիստը անցկացնել դռնփակ ռեժիմով: Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել: Գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին, որը հրաժարվել էր քննել գործը՝ նշելով, որ Մովսես Հակոբյանի զինվորն է եղել  ու նրա կողմից խրախուսանքի է արժանացել, ինչի արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին, որին էլ հրահանգել են նիստն անցկացնել դռնփակ, քանի որ այդպես է պետք: Դատելով իրավիճակից՝ իշխանությունները վախենում են, որ Մովսես Հակոբյանը պատերազմի մասով դատարանում այնպիսի փաստեր կներկայացնի, որոնց հանրայնացումը անհարմար դրություն կստեղծի, ուստի իրավիճակը լուծելու լավագույն տարբերակը  դատական տեղեկատվական համակարգը փակելն է ու քրեական գործով նիստը դռնփակ անցկացելը, թեեւ, հիշեցնենք, Հակոբյանն իր ասուլիսի ժամանակ ամեն ինչի մասին հրապարակավ էր խոսել:

 

 

 

Հայաստանում խարդախության արդեն որերորդ դեպքն է գրանցվում տուրիստական ընկերության կողմից: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Դավինչի թրավել» -ից գնել են արտերկրում հանգստի ուղեգրեր, հետո պարզվել է, որ իրենց անունով տոմսեր չկան, հյուրանոցները գումարը չեն ստացել, ամրագրումներ չեն արվել։ Խարդախության նման դեպքեր գրանցվում են ամեն տարի՝ ամառային հանգստի սեզոնին:  Պատճառն այն է, որ տուրօպերատորները որեւէ պետական կառույցի կողմից չեն վերահսկվում: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշրջային ընկերությունները Հայաստանում չեն էլ լիցենզավորվում: «Զբոսաշրջային կոմիտեն չունի նման մեխանիզմ եւ լիազորություններ, որպեսզի վերահսկողություն իրականացնի: Ուղիղ լիազորություն, որ ընկերության գործունեություն կասեցնի, եթե խարդախություն են անում, կոմիտեն չունի: Օրենքով նախատեսված է, որ փաթեթ վաճառելիս զբոսաշրջային օպերատորը սպառողի հետ պայմանագիր կնքի, եւ պայմանագրում ենթակա դրույթներ եւս նախատեսված են, կոմիտեն չի կարող վերահսկել՝ կնքվում է այդ պայմանագիրը, թե ոչ»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Այսինքն՝ հերթական անգամ համոզվում ենք, որ զբոսաշրջային ոլորտը գտնվում է բարձիթողի վիճակում: Դա է պատճառը, որ մեր երկրում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել տուրիստական ընկերության. դրանք ամենուր են՝ բազմաբնակարան բնակելի շենքերում, նկուղներում, կրպակներում, անգամ «դալաններում»: Փաստ է՝ ամեն տարի գրանցվող խարդախության դեպքերը չեն սթափեցնում կառավարությանը:

 

 

 




Լրահոս