Երգչուհի Անահիտ Շահբազյանը տեւական ժամանակ է, ինչ հեռուստաէկարններին չի երեւում: ArmLur.am-ը երգչուհուց հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված նրա պասիվությունը, եւ առաջիկա ինչ պլաններ կան:
Անահիտը մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ ակտիվ գործունեության հիմնական պատճառներից մեկը 44-օրյա պատերազմն է, որը խորապես ցնցել էր երգչուհուն, սակայն նա, վերագտնելով իրեն, շուտով կներկայացնի նոր աշխատանքներ իր երկրպագուներին:
«Իմ պասիվության պատճառը պատերազմն էր, չէի կարողանում վերգտնել ինքս ինձ, որ կարողանամ կրկին երգել, բայց մոտ մեկ ամիս առաջ փորձեցի նորից վերգտնել ինձ, նորից անցնել ստեղծագործական գործունեության: Պատերազմի օրերին այնպիսի ծանր հոգեվիճակում էի, որ նույնիսկ որոշում էի կայացրել այլեւս չերգել: Այնքան հուսալքված էի, այնքան կոտրված, կարծես աշխարհը փուլ էր եկել գլխիս: Մտածմունքներս տարբեր էին, մեր երկրի վիճակն էր, մեր անմեղ զինվորներն էին, որոնք զոհվեցին: Հիմա փորձում եմ ուժ գտնել իմ մեջ, նորից սկսել երգել, ստեղծագործել, երգել այնպիսի երգեր, որ բոլորիս տխրությունը մի փոքր փարատվի, եւ բոլոր հերոսների շիրիմներին այցելելով՝ մեր հոգուն մխիթարություն բերենք»,- մեզ հետ զրույցում ասում է երգչուհին:
Անահիտ Շահբազյանը ընդգծում է, որ տեւական դադարից հետո նորից ասպարեզ մուտք գործելու համար ունի մեծ ծրագիր. «Ունեմ ե՛ւ պատրաստի, ե՛ւ կիսատ թողած երգեր, որոնք պատերազմի պատճառով այդպես էլ չներկայացրեցի հանդիսատեսին եւ չհասցրեցի էլ ավարտին հասցնել, եւ կարծում եմ՝ դեռ այդ երգերի կարիքը չկա՝ տեսնելով երկրի ներկայիս վիճակը: Առաջինը պետք է ավարտին հասցնեմ բոլոր կիսատ թողած աշխատանքները, հետո անցնեմ արդեն նոր համագործակցություններին, որոնց մասին դեռ վաղ է խոսելը: Համագործակցությունների մասին միայն կարող եմ ասել, որ կլինեն իմ եւ իմ հանդիսատեսի համար նորություններ, կլինեն երգեր նոր երգիչների, նոր խմբերի հետ կատարումներ եւ, իհարկե, տեսահոլովակներ: Այս պահին չեմ ուզում շատ մանրամասնել, նշել անուններ, քանի որ, ինչպես ասում են, տառապանքս փորձ ունի, եւ այս եզրույթից ելնելով՝ չեմ ցանկանա նշել, քանի որ երբ բարձրաձայնում ես, չեն իրականանում: Պարզապես մեծ-մեծ չեմ ուզում խոսել, առաջ Աստված, երբ կլինի, բոլորն էլ կիմանան»:
Անդրադառնալով դստերը՝ Նարեին, Անահիտ Շահբազյանը նշեց, որ պատերազմի օրերին կորցրել էր կապը դստեր հետ, քանի որ իր լարված հոգեվիճակն ազդել էր նաեւ դստեր ներաշխարհի վրա:
«Նարեն շատ անհանգիստ էր դարձել ինձ հետ միասին, բայց միասին կարողացանք նաեւ հաղթահարել այս դժվարությունները: Նա շատ հասկացող երեխա է, եւ մենք միմյանց կես բառից հասկանում ենք: Աշխարհը տեսնում եմ միայն իր գոյությամբ»,-նշում է նա:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՐԻ ՓԱՌԱՏՈՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը օգոստոսի 23-29-ը առաջին անգամ Երեւանում կանցկացնի «SUMMEET» ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախագիծն իրականացվում է Սանկտ Պետերբուրգի «Kannon Dance» պարային տան, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի եւ «Balmanukyan Dance Project» ընկերության հետ համատեղ։ Փառատոնի հիմնական հարթակը կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի դահլիճն է։ «SUMMEET» փառատոնը ներառում է ժամանակակից պարի բոլոր դրսեւորումները՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած պարուսույցների բեմադրած պարային ներկայացումներ եւ պերֆորմանսներ, հրավիրված մասնագետների վարպետաց դասեր ու դասախոսություններ, ինչպես նաեւ կինոպարի հատուկ ծրագիր, որին նվիրված է առանձին հարթակ։ «Այսօր մենք պարային նոր փառատոն ենք անում, որը մեր երկրում եւս մեկ մշակութային սյուն կդառնա։ Համոզված եմ, որ «SUMMEET»-ը կվերածվի Հայաստանի ժամանակակից պարի մի այնպիսի հարթակի, որ այն տարեցտարի դուրս կբերի համաշխարհային ասպարեզ»,- նշել է «SUMMEET» փառատոնի միջազգային պրոդյուսեր, «Kannon Dance» պարային տան տնօրեն Վադիմ Կասպարովը։ Տեղեկացնենք, որ փառատոնը կբացվի Վալերիա Կասպարովայի «Սեւ այգի» ներկայացումով՝ արցախյան առաջին պատերազմին նվիրված պարային բեմականացմամբ, որի ստեղծագործական աշխատանքները սկսվել են արցախյան երկրորդ պատերազմի նախօրեին:
«SUMMEET» փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի «Dancewalk» պարային նախագիծը, որը ստեղծել է շվեյցարացի հայտնի պարուսույց Ֆուֆուա դ՛Իմոբիլիտեն։ «Dancewalk»-ը պարային արտահայտություն է ժամանակի եւ տարածության մեջ, որտեղ պարը դառնում է աշխարհագրություն, իսկ մարդը՝ բնապատկերի մի մաս։ Այս արտասովոր պերֆորմանսի շնորհիվ փառատոնի օրերին պարը դուրս կգա փակ դահլիճներից եւ կձգվի երեւանյան փողոցներով։ Ժամանակակից պարին նվիրված մեկշաբաթյա տոնի փակումը կազդարարի ռուսական հանրահայտ «Բալետ Մոսկվա» ընկերությունն իր՝ «Բոլոր ճանապարհները տանում են հյուսիս» ներկայացումով: Այս ներկայացումը Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» 2017 մրցանակաբաշխության դափնեկիր է «Ժամանակակից պար/Լավագույն ներկայացում» անվանակարգում: