ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները Հայաստանի տարածքների վերաբերյալ բացահայտ կեղծիք են եւ մանիպուլյացիա տարածաշրջանը թուրքական-ադրբեջանական ներկայացնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ մեկնաբանելով Քարվաճառում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած հայտարարությունները Հայաստանի սուվերեն տարածքների՝ Սյունիքի, Սեւանի եւ Վարդենիսի մասին:

 

Նրա խոսքով՝ Ալիեւը ասում է, թե, իբր, Սյունիքը, Սեւանը, Վարդենիսը, Երեւանը «պատմական ադրբեջանական հողեր են», մինչդեռ, նախ, ներկայիս Ադրբեջան կոչվող հանրապետության տարածքը ոչ մի կապ չունի պատմական Ատրպատականի՝ Իրանի հյուսիսային շրջանների հետ, որից թուրքերը պարզապես գողացել են անվանումը 1918թ. այդ արհեստածին պետությունը ստեղծելիս: Եվ երկրորդ՝ մինչեւ 14-15-րդ դդ., երբ տարածաշրջան ներթափանցեցին թուրքմենական ցեղերը, եւ առավել եւս՝ մինչեւ 11-րդ դ., երբ առաջին անգամ տարածաշրջանում հայտնվեցին սելջուկ-թուրքերը, մեր տարածաշրջանում՝ ներառյալ Արեւելյան Հայաստանը, Վրաստանը, Արեւելյան Անդրկովկասը եւ Հյուսիսային Իրանը, թուրքական որեւէ տեղանվանման կամ թուրքական տարրի մասին խոսելը պարզապես ծիծաղելի է:

«Ուրեմն, Ադրբեջանի Բաքու մայրաքաղաքից սկսած՝ Ատրպատականի, Շաքիի, Շիրվանի, ամբողջ «Հայոց արեւելից կողմանց», այսինքն՝ Մեծ Հայքի Ուտիք, Արցախ, Փայտակարան նահանգների տարածքները բոլորը եղել են հայանուն եւ հայաբնակ ու հայկական, որտեղ խոսել թուրքական որեւէ տարրի մասին մինչեւ 11-րդ դարը ուղղակի ծիծաղելի է»,-ընդգծեց Աշոտ Մելքոնյանը:

Պատմության ինստիտուտի տնօրենը իր այս պնդումը հիմնավորում է պատմական այն հայտնի փաստերով, որ մինչեւ 14-15-րդ դդ., երբ Արեւելյան Հայաստան եւ Արեւելյան Անդրկովկաս ներթափանցեցին թուրքմենական ցեղերը, առավել եւս՝ մինչեւ 11-րդ դարը, երբ առաջին անգամ մեր տարածաշրջանում հայտնվեցին թյուրքական ցեղերը՝ ի դեմս սելջուկ-թուրքերի, որեւէ թուրքական տեղանուն այս տարածաշրջանում չի եղել:

«Համենայնդեպս, կարծում եմ, որ քաղաքակիրթ աշխարհի մեծագույն մասը, մասնավորապես նկատի ունեմ Եվրոպան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը՝ իրենց մտավորական շրջաններով եւ մասնագիտական հանրություններով հանդերձ, շատ լավ գիտեն իրական պատմությունը: Երբ առիթ է ներկայանում, օրինակ, ռուսաստանցի մտավորականները միշտ ասում են, որ ծիծաղելի է խոսել ադրբեջանական հնագույն մշակույթի մասին, որովհետեւ դա շինծու, թուրքացած իրանական էլեմենտի հիմքի վրա Արեւելյան Անդրկովկասում ստեղծված կեղծ մշակույթ է, էլ չեմ ասում՝ նաեւ քաղաքական հանրույթ՝ ի դեմս այսպես կոչված Ադրբեջանական Հանրապետության»,- ընդգծեց զրուցակիցը:

Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ ադրբեջանցիները եւ Ադրբեջան կոչվող պետությունը այսօր ինքնության փնտրտուքի մեջ են, քանի որ գրպանել են իրենց գրեթե բոլոր հարեւանների՝ հայերի, վրացիների, լեզգիների, իրանցիների եւ նույնիսկ ցեղակից թուրքմենների պատմությունն ու մշակույթը: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ ինչպես Ալիեւի սանձարձակ հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի», Սեւանի, Երեւանի, հիմա էլ՝ Վարդենիսի մասին, այնպես էլ առհասարակ Ադրբեջանի ագրեսիվ եւ ռազմատենչ վարքագիծը սահմանին պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, օգտվելով 44-օրյա պատերազմում արձանագրած հաջողություններից, կարծում են, թե հիմա ամենահարմար պահն է պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելու համար: Իլհամ Ալիեւը օգոստոսի 17-ին՝ Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական հսկողության տակ անցած Շահումյանի շրջանի (պատմական հայկական Վայկունիք գավառի) Քարվաճառ քաղաքում ադրբեջանական դրոշ բարձրացնելու արարողության ժամանակ, հայտարարել էր, թե, իբր, Վարդենիսի շրջանի (ՀՀ Գեղարքունիքի մարզ) «իսկական անունը» «Բասարգեչար» է, եւ կոչ էր արել ադրբեջանցի լրագրողներին եւ քաղաքացիներին այսուհետ իրենց ռեպորտաժներում եւ խոսակցական լեզվում Վարդենիսի փոխարեն օգտագործել այդ տեղանունը: Ալիեւը չի խորշել նաեւ հերթական անգամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելուց՝ հայտարարելով, թե իրենք այդ «միջանցքը» կօգտագործեն ադրբեջանցիներին «Զանգեզուր եւ Սեւան վերադարձնելու» նպատակով:

 

ԴԵՌ ՆԻՍՏԵՐ ՉԵՆ ԿԱՅԱՑԵԼ

2021թ. մայիսի 10-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ   ակտիվիստ, 1985 թ. ծնված Սեւադա Ղուկասյանը Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ  ակցիա է  իրականացրել։ Նա էշով գնացել  է  Ազգային ժողովի դարպասների մոտ եւ   սպասել Նիկոլ Փաշինյանին, հայտարարել, որ Իջեւանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են՝ էշի վրա թարս նստեցրած։ Սեւադան հայտարարել է, որ  սպասում է Փաշինյանին ԱԺ-ի մոտ, որ նրան, էշին թարս նստեցրած, տանի Իջեւան: Մայիսի 11-ին ոստիկանությունը  հաղորդագրություն է տարածել, որ  մայիսի 10-ին ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ծառայողները Բաղրամյան  պողոտայից բերման են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու, նրա տաբատի գրպանից  հայտնաբերվել է կանեփի նմանվող  դեղնականաչավուն  զանգված, նշանակվել են փորձաքննություններ։

Ս. Ղուկասյանի ակցիայից հետո ոստիկանները խուզարկել են Աչաջուր գյուղում Ղուկասյանների առանձնատունը՝ օժանդակ բոլոր կառույցներով։ Սեւադան նախկինում հայտնել է, որ իր տան խուզարկությունից  ոստիկաններն էական ոչինչ չեն հայտնաբերել, սակայն գիտի, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում քրեական գործ են հարուցել, որը կապված է թմրանյութեր պահելու հետ։ Նրա շահերի պաշտպանությամբ զբաղվել է  նախկինում որպես Տավուշի մարզի դատախազ, ապա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի եւ  Լոռու մարզային վարչությունների  պետեր աշխատած Աննա Մանթաշյանը, որն  այժմ զբաղվում  է փաստաբանական գործունեությամբ։  Աննա Մանթաշյանը հայտնեց, որ Սեւադա Ղուկասյանի  շահերի պաշտպանությամբ ներկայումս չի զբաղվում, սակայն միշտ էլ պատրաստակամ է նրան փաստաբանական աջակցություն ցուցաբերել։  Ս. Ղուկասյանը հայտնեց, որ ապօրինի թմրանյութի հետ կապված Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրից հուլիսի 14-ին՝  ժամը 13:45-ի սահմաններում, ինքը ծանուցագիր է ստացել,  ծանուցագրում նշված է, որ նույն օրը՝ ժամը 14:00-ին, իր վերաբերյալ քրեական գործով դատական նիստ է նշանակված։ Սեւադան ասաց. «Զանգեցի ծանուցագրի մեջ նշված հեռախոսահամարով, ասացի՝ կներեք, վերտալյոտս  փչացած է, ավտոմեքենայով էլ չեմ հասցնի 15 րոպեում այդտեղ հասնել»: Դատարանից նրան  հայտնել են, որ դատական հաջորդ նիստի մասին նախապես կտեղեկացնեն, սակայն մինչ օրս  նա դատարանից  նոր ծանուցագիր չի ստացել։ Ս. Ղուկասյանը ծանուցագիր է ստացել նաեւ  Սեւանի վարչական դատարանից, որը կապված է  էշով Երեւան քաղաք մտնելու հետ, նման արարքի համար Երեւանի  ավագանու որոշմամբ տուգանք է սահմանած։ Սեւանի վարչական դատարանից ստացված ծանուցագրում նշված է, որ այդ գործը ընդունվել է նշված դատարանի վարույթ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԲԱՆԿԵՐԸ ՏԵԽԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Հայաստանում արդեն երկու շաբաթ է, ինչ տեխզննման կտրոն չի պահանջվում, բայց քաղաքացին տեխզննում անցնելուց խուսափելու համար կտուգանվի:

 

Հայաստանում վարորդները հայտնվել են անհարմար դրության մեջ. արդեն մի քանի օր է, ինչ իրենք մոտենում են ՀՀ առեւտրային բանկեր ավտոմեքենայի տեխզննման կտրոն ստանալու նպատակով, սակայն բանկերից պատասխանում են, որ չունեն: Վարորդներն այս հարցով դիմել են ArmLur.am-ին եւ հայտնել, որ այս օրերին տեխզննման կտրոն եթե կարողանում են ձեռք բերել, ապա մեծ դժվարությամբ, քանի որ ոչ բոլոր բանկերն են այն տալիս:

Բայց ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչեւ այս տարվա հուլիս ամիսն է գործել հին կարգը, երբ կտրոնով տեխզննման կայան այցելելը դեռ պարտադիր էր, իսկ այժմ ստուգումն անցնելուց հետո տեխզննման կայանը մեքենայի տվյալներն ու զննության արդյունքները մուտքագրում է էլեկտրոնային շտեմարան: Հսկողությունն իրականացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը: Տեխզննում չանցնելու դեպքում վարորդը տուգանվելու է 20 հազար դրամի չափով:

Նշենք, որ տեխզննության չեն ենթարկվում մինչեւ 4 տարեկան մեքենաները, իսկ 4-ից մինչեւ 10 տարին տեխզննության կներկայանան 2 տարին մեկ պարբերականությամբ, իսկ 10 տարուց հին մեքենաները պետք է ամեն տարի տեխզննման ներկայանան:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ տաքսու, ավտոբուսի կամ վտանգավոր բեռ տեղափոխող մեքենայի վարորդը 4-ից 10-ը տարեկան ավտոմեքենաները զննություն անցնելու են ամեն տարի, ավելի տարեցները՝ 6 ամիսը մեկ: Ի դեպ, փոփոխության կենթարկվեն նաեւ տեխզննության անցկացման համար պարտադիր պահանջները: Հստակեցվելու են այն թերությունների եւ անսարքությունների ցանկը, մի դեպքում ընդհանրապես կարգելվի մեքենայի շահագործումը, իսկ մնացած դեպքերում պետք է շահագործելուց թերությունները վերացնել:

Անսարքությունները պետք է 20-օրյա ժամկետում վերացվեն: Դրանք վերացնելուց հետո կրկնակի զննության համար հավելյալ գումար չի գանձվում վարորդից:

Մյուս կողմից՝ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուժեղացված վերահսկողություն իրականացվելու է տեխզննման կայանների նկատմամբ: Ծրագիրը հստակ կֆիքսի, թե ավտոմեքենան քանի րոպեում անցավ զննությունը կամ բարձրացավ արդյոք արգելակման ստենդի վրա, թե ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս