ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 8 ԱՆՁԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրանքների անօրինական ներկրման, կաշառք ստանալու եւ այլ չարաշահումներ թույլ տալու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձի, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյաների. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հարուցված եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի ապրանքների` Վրաստանից ՀՀ տարածք ապօրինի ներկրման, ինչպես նաեւ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող անձին օժանդակելու դեպքեր, որոնց հետեւանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 73 մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարներ:

Մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող Լեւոն Ավագյանը 2019թ. դեկտեմբերից 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում 4 վարորդների օժանդակությամբ, առանց մաքսային հայտարարագրման եւ համապատասխան մաքսային ձեւակերպումների, Բագրատաշենի մաքսակետով Վրաստանից Հայաստանի Հանրապետություն է ներկրել ընդհանուր 9 բեռնատար սննդամթերք եւ ավտոյուղեր: Այդ ընթացքում Բագրատաշենի մաքսակետի ուղեփակոցում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչ Հայկ Մարտիրոսյանը, չկատարելով իր ծառայողական պարտականություները, ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում թույլատրել է Լ. Ավագյանին պատկանող բեռների ապօրինի ներկրումը ՀՀ տարածք:

Քննությամբ հիմնավորվել է նաեւ, որ Բագրատաշենի մաքսակետի կշեռքավար Տիգրան Ավետյանը հանցավոր համաձայնության է եկել Լեւոն Ավագյանի հետ` վերջինիս կողմից ապրանքներն առանց հայտարարագրման ներկրելուն օժանդակելու, ինչպես նաեւ մաքսատան տեսուչի կողմից Լ. Ավագյանից խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու հարցերում: Մասնավորապես` Տիգրան Ավետյանը բեռների անօրինական ներկրումներին օժանդակելուց հետո Լեւոն Ավագյանից ընդհանուր շուրջ 6000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարներ է վերցրել եւ փոխանցել մաքսատան պաշտոնատար անձին: Տ. Ավետյանը հերթական 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը չի հասցրել վերցնել եւ փոխանցել մաքսային տեսուչին իրավապահ մարմինների կողմից հանցագործության դեպքը բացահայտվելու պատճառով:

Բացի այդ, Բագրատաշենի մաքսակետի հերթափոխի պետ Վոլոդյա Ասատրյանն իր հերթին, ծառայության նկատմամբ ցուցաբերելով անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք, Լ. Ավագյանի կողմից վերը նշված ապօրինի ներկրումներ կատարելու օրերին իր ղեկավարած հերթափոխում ընգրկված կշեռքավարի եւ մաքսային տեսուչի գործունեության նկատմամբ վերահսկողական գործառութային պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Նկարագրված հանցավոր արարքների հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 73 մլն դրամի վնաս, որի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է, իսկ մնացած մասի չափով արգելանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերեւույթ կատարված շորթման, մարդու առեւանգման դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմտիեն։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ քրեական հեղինակություն համարվող եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացուն Երեւանի բնակչի կողմից գումար պարտք լինելու վերաբերյալ առաջացած վեճը լուծելու համար, անօրինական օգուտ ստանալու շահադիտական նպատակով քրեական ենթամշակույթ կրող եւ իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների միջոցով կազմակերպել եւ 2021թ. հունվարի 18-ին Երեւան քաղաքի Դ. Անհաղթ փողոցում գտնվող ֆրանսիական համալսարանի դիմացից «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայով իրականացրել է Երեւանի բնակչի առեւանգումը:

Մասնավորապես, տղամարդուն, իր կամքին հակառակ, խաբեությամբ նստեցրել են ավտոմեքենան, կապել աչքերը եւ տարել ինչ-որ առանձնատուն՝ այդկերպ վերջինիս իր կամքին հակառակ կտրելով իր միկրոսոցիալական միջավայրից: Այնուհետեւ նշված խմբավորման անդամներից մեկը եւ քննությամբ դեռեւս չպարզված այլ անձինք առանձնատան սենյակում ծեծի են ենթարկել տղամարդուն: Նույն օրը՝ գիշերը՝ վերջինիս Երեւան վերադարձնելիս, ավտոմեքենայի մեջ քրեական հեղինակություն համարվող անձը սպանության սպառնալիքով նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափի՝ 5.221.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումար մինչեւ հետագա հարցերի պարզաբանումը, որը օրեր անց քրեական ենթամշակույթ կրող եւ իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամի օժանդակությամբ ստացել է Երեւանի բնակչից՝ շորթման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումարը: Որոշում է կայացվել՝ քրեական հեղինակություն համարվող անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ վերոնշյալ խմբավորման անդամներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով, 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.3-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վերջիններիս հայտնաբերելու նպատակով 2021թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է հետախուզում, միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՄԻՊ-Ն ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ԲՆԱԿՉԻ ԽՆԴՐԻՆ

Տեղ գյուղի բնակչի՝ վարկով գնած 120 եղջերավոր կենդանիներն ադրբեջանական զինծառայողները հափշտակել ու չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը. կինը խնդիրը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանին. «Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Նազիկ Բաղդասարյանի՝ վարկով գնած 120 ոչխարները պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողներն այդպես էլ չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը շարունակում է պահանջել վճարումները։

 

Չնայած հափշտակված սեփականությունն այլեւս չկա, տիկին Բաղդասարյանը վարկային կազմակերպությանը շարունակում է նույն պայմաններով վճարել գումարը եւ վերջնական մարումների համար դեռ 3 տարի ունի: Կինն այս պահին անտոկոս վարկ ստանալու հարցում դժվարություններ ունի, քանի որ որդին մեկ ամիս ուշացրել է վճարումը հենց այն ժամանակահատվածում, երբ պատերազմի ժամանակ գտնվել է սահմանին: Տիկին Բաղդասարյանը Տեղ համայնք իմ այցի ընթացքում տեղեկացրեց, որ հատուցման համար դիմել է ՀՀ Սյունիքի մարզպետարան եւ 120 ոչխարի համար ստացել է ընդամենը 100.000 ՀՀ դրամ հատուցում: Բայց այս հարցերն այնպիսին են, որ համակարգային լուծում են պահանջում: Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքների պատճառով բազմաթիվ մարդիկ են ընկել այսպիսի պատմությունների մեջ: Մարդիկ զրկվել են սեփականության իրավունքից, եկամուտը վաստակելու հնարավորությունից եւ բախվել են սոցիալական լուրջ խնդիրների: Մենք արձանագրել ենք այս այցի ընթացքում վեր հանված խնդիրները: Մեր պետությունը պետք է միջազգային հարթակներում նախաձեռնի այնպիսի գործընթացներ, որոնք այս փաստերի օգտագործմամբ հնարավորություն կտան ադրբեջանական իշխանություններին պարտադրել հատուցել մարդկանց՝ նրանց նման խնդիրների առաջ կանգնեցնելու համար: Մենք, իհարկե, ինչպես սահմանված կարգն է նախատեսում, գրություններ կհասցեագրենք Կառավարություն՝ հասկանալու համար մինչ միջազգային հարթակներում այսպիսի գործընթացի նախաձեռնումը այդ մարդկանց խնդիրներին անմիջական լուծում տալու հետ կապված դիրքորոշումը: Պատրաստ ենք ցանկացած հարցով համատեղ աշխատանքի»:




Լրահոս