Պարզվում է Չիչոյանի ողջ ազգուտակը ցանկություն ունի դատավոր դառնալ կամ աշխատել դատական համակարգում, ինչը ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն իրականացնում է՝ այդկերպ շնորհակալություն հայտնելով Չիչոյանին իր կատարարծ համարձակ քայլի համար:
Իսկ ի՞նչ արեց նա: Ինչպես հայտնի է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման համար անհրաժեշտ էր 6 ձայն: 5 ձայն ապահովել էին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման համար իշխող քաղաքական մեծամասնության կողմից ընտված իրավաբան-գիտնականները, իսկ մյուս մեկ ձայնը տվել է դատավոր Սերգեյ Չիչոյանը: Ստացվում է՝ Չիչոյանի շնորհիվ Գագիկ Ջհանգիրյանը կարողացավ ազատվել Ռուբեն Վարդազարյանից եւ նշանակվել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Եվ, ահա, դատական համակարգը վճարում է Չիչոյանի կատարած քայլի գինը: Խոսենք փաստերով. ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԲԴԽ անդամ դատավոր Սերգեյ Չիչոյանի փեսային՝ Անուշավան Մուշեղյանին, որոշում է կայացվել նշանակել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Որոշումը ուղարկվել է նախագահ Արմեն Սարգսյանին, որ նա ստորագրի:
Ինչպես հայտնի է, Գոռ Թորոսյանը վերջերս նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, նրա տեղը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում թափուր է մնացել։ Մի շարք դատավորներ են դիմել նշանակման համար, ընդ որում՝ նրանց մեջ բավականին արժանավոր անուններ կան։
Օրինակ՝ Երեւան տեղափոխվելու համար դիմել է դատավոր Սամվել Մատինյանը, ում մայրը՝ Գոհար Մատինյանը, ժամանակին Վերաքննիչ դատարանում է աշխատել։ Դիմել է նաեւ Շիրակից դատավոր Հովհաննես Ղազարյանը, որը եւս դատավորի զավակ է, նրա մայրը Նոյեմ Հովսեփյանն է, սակայն դատական համակարգը նախընտրել ու առաջ է բրդել Չիչոյանի փեսային:
Նկատենք, որ Չիչոյանի փեսան միակ անձը չէ, որ դատական համակարգում տեղավորվել է: Պարզվում է, որ Չիչոյանի երկու դուստրերը դատական համակարգում են աշխատում: Մասնավորապես՝ դուստրը՝ Լիլիա Չիչոյանը, դատական դեպարտամենտում դատավորների ընդունելության վարչությունում աշխատում է որպես գլխավոր մասնագետ: Չիչոյանը անգամ հարսին՝ Սոնա Խաչատրյանին է լավ տեղով ապահովել. վերջինս ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի օգնականն է, սակայն ներկայումս ֆիզարձակուրդում է: Իսկ, ահա, Չիչոյանի եղբոր տղան՝ Ժորա Չիչոյանը, ցանկանում է դառնալ քրեական դատարանի դատավոր: Պարզվում է՝ Ժորա Չիչոյանը քննությունից կտրվել է, սակայն արդյունքները բողոքարկել է եւ երջանիկ պատահականությամբ կամ դատավոր հորեղբոր թեթեւ ձեռքով կարողացել է բողոքարկման արդյունքում համապատասխան ցուցանիշը ապահովել եւ ներկայումս բանավոր քննության է պատրաստվում:
Ստացվում է, որ ԲԴԽ անդամ Չիչոյանի ողջ ազգուտակը այլ մասնագիտություն կամ այլ համակարգի տեղ չգիտի, ու բոլորը իրենց գտնում են դատական համակարգում՝ լուրջ պաշտոններ զբաղեցնելով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽԱԽՏՈՒՄ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը Հայաստանի Հանրապետության Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է»,- հայտնում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի M2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերն են տեղակայված: Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղեւորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Մենք ինքներս, իհարկե, քաղաքացիական մեքենաներով էինք:
Գորիսի Շուռնուխ եւ Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջեւ ճանապարհի հատվածը ցույց է տալիս ադրբեջանական տեղակայումներից մեկը: Մեր կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողը նկատեց մեզ, անմիջապես մտավ շինություն (տնակ) եւ ինքնաձիգը ձեռքին դուրս եկավ ու այն պարզեց մեր ուղղությամբ:
Մեկ այլ տեղում 1-2 րոպե կանգնելուց հետո ադրբեջանական զինծառայողները զինված սկսեցին անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետեւելով մեզ, ապա սկսեցին սուլոցներ արձակել ու ինչ-որ գոռգոռցներ։
Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է: Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կդրվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում կներառվեն ու նույնպես կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին»:
ՎԻՐԱԲՈՒՅԺԸ ԿԵՂԾ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ Է ՏՎԵԼ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային պաշտոն զբաղեցնող Երեւանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության վիրաբույժ Ա.Չ-ն իր մտերիմ Ն.Ն-ի օժանդակությամբ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերած Տ.Մ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է` առանց պատվաստվելու Տ.Մ-ին «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատ տրամադրելու, իսկ այնուհետեւ երկու դեղաչափով պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահական միասնական «ArMed.am» համակարգում զետեղելու համար 2021 թվականի օգոստոսի 16-ին պահանջել է ապօրինի վարձատրություն, որից հետո` 2021 թվականի օգոստոսի 19-ին, իր աշխատասենյակում Տ.Մ-ից ստացել է նախապես պայմանավորված գումարը՝ միաժամանակ պայմանավորվելով վերջինիս հետ եւս ապօրինի վարձատրություն ստանալ՝ իբրեւ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ներարկվելու եւ պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային համակարգ մուտքագրելու համար հաջորդ այցելության ժամանակ, ինչից հետո հրահանգել է նույն պոլիկլինիկայի բուժքույր Գ.Գ-ին կազմել, հաստատել եւ իր ստորագրությամբ վավերացնել բովանդակությամբ կեղծ` «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատը, որը վերջինս կազմել եւ օգտագործելու նպատակով հանձնել է Տ.Մ-ին:
2021 թվականի օգոստոսի 19-ին՝ ապօրինի վարձատրության գումարը ստանալուց անմիջապես հետո, հանցավոր խմբի անդամները բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ բերման ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Ա.Չ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված ապօրինի վարձատրության գումարը, իսկ Տ.Մ-ի մոտ հայտնաբերվել է «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատը:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, Ա.Չ-ն եւ Ն.Ն-ն ձերբակալվել են, իսկ Գ.Գ-ի եւ Տ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Վերջիններս որպես կասկածյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու եւ արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում առկա նույնաբնույթ կոռուպցիոն դրսեւորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում, եւ հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ՝ նկատի ունենալով նաեւ այն, որ համավարակի դեմ պատվաստման գործընթացն ուղղված է հենց հիվանդության տարածման կանխարգելմանը: