ԱՐՑԱԽԸ ՉՊԵՏՔ Է ՄԻՋԱՄՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ` պարզելու համար, թե որքանով է Արցախի համար ընդունելի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նշանակումը: Ըստ Բաբայանի` պետք չէ ինչ-որ անձերի վրա կենտրոնանալ, գլխավորն այն է, որ պետք է աշխատել ու պլանավորել առաջնային հարցերը: Մենք խոսել ենք նաեւ Արցախում ջրի ու հոսանքի պլանային անջատումներից:

 

-Մի քանի օր առաջ հանդիպում ունեցաք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ի՞նչ օրակարգի շուրջ եք զրուցել: Ինչի՞ց եք սկսելու աշխատանքը երկու պետությունների միջեւ:

-Զրուցել եմ Արարատ Միրզոյանի հետ: Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների արտաքին գործերի նախարարները պետք է սերտ աշխատեն միմյանց հետ, այն չպետք է կախված լինի որեւէ անհատից, այսինքն՝ թե այսօր ով է Արցախում կամ Հայաստանում արտգործնախարարը: Անկախ ամեն ինչից՝ մենք պետք է պահպանենք համագործակցության շատ բարձր մակարդակ, որովհետեւ սա բխում է ժողովրդի շահերից, պետականության շահերից: Խոսել ենք տարբեր հարցերի մասին: Տարբեր ստորաբաժանումների միջեւ մեր կապը մշտապես պահվում է:

-Հայաստանում միանշանակ չի ընդունվում Արարատ Միրզոյանի՝ նախարար նշանակվելու փաստը: Խոսում են, որ թույլ օղակ է, չունի դիվանագիտական փորձ, ընդդիմության համար նա ընդունելի նախարար չէ: Դուք ի՞նչ եք կարծում, այս բանակցային փուլում պե՞տք էր նրան նշանակել այս պատասխանատու պաշտոնին: 

-Մենք՝ Արցախը, չպետք է միջամտի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին: Գործող իշխանությունն այդպես է որոշել, եւ հիմա Արցախն ինչ պետք է անի: Մարդ կա՝ մի կարծիք ունի, մյուս խումբն այլ կարծիք ունի: Մեզ համար կարեւորն այն է, որ երկու երկրների փոխհամագործակցությունը արտաքին քաղաքական ոլորտում շարունակվի, արտաքին գերատեսչությունները սերտ կապի մեջ լինեն: Պետք է մենք անհատների մակարդակով չդատենք  այդ ամենը՝ անկախ նրանից, թե ով է Արցախի կամ Հայաստանի նախարարը:

-Արդյոք միջազգային հանրությունում մենք կկարողանա՞նք ինչ-որ բան փոխել: Կա՞ ինչ-որ առաջընթաց: Հիմա մենք ի՞նչ փուլում ենք գտնվում: Որտե՞ղ ենք կանգ առել, ո՞րն է այս պահին գլխավոր հարցը:

-Ամեն ինչ էլ կարելի է փոխել: Լավ աշխատենք՝ լավ արդյունք է լինելու, վատ աշխատենք՝ փոփոխությունները լինելու են դեպի վատը:

-Պարո՛ն Բաբայան, ըստ Ձեզ՝ այդ աշխատանքը տարվո՞ւմ է միջազգային հարաբերություններում: 

-Սառեցված են որոշ գործընթացներ, բայց չէ՞ որ մենք տեսնում ենք, թե աշխարհաքաղաքական ինչ ակտիվ զարգացումներ են տեղի ունենում:

-Վերջին օրերին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ նշել է, որ Արցախի հարցը չպետք է փակել, պետք է պայքարել, եւ կետեր էր նշել պայքարի: Ծանո՞թ եք Օսկանյանի առաջարկած տարբերակին: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:       

-Իհարկե ծանոթացել եմ: Յուրաքանչյուր ժամանակահատվածում կան նմանություններ ու տարբերություններ: Հիմա մենք պետք է պարզապես ճիշտ աշխատենք: Իրավիճակը արմատապես փոխվել է: 90-ականների համեմատ՝ որոշ բաղադրամասեր նույնն են, բայց կան նաեւ խորը տարբերություններ: Այնուամենայնիվ, մի բան մնացել է հստակ. նախ եւ առաջ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեզի պահպանենք մեր պետականությունը: Ճիշտ քայլեր պետք է ձեռնարկենք, այլեւս էմոցիանորի տակ չընկնենք,  պրոֆեսիոնալ մոտացմամբ առաջ գնանք, չհուսահատվենք: Մնացածն արդեն, եթե ճիշտ աշխատենք, արդյունքները կտեսնենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Երեկ նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը եւս բանակից փաստացի ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար:

ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Սարգսյանի ծառայության մասին: Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայկ Սարգսյանը բավականին արտոնյալ պայմաններում է ծառայել հայկական բանակում: Նա իր ծառայությունն իրականացրել է զինվորական դատախազության Գորիսի կայազորի վարչական շենքում, որը, ըստ էության, բուն զինվորական ծառայության հետ կապ չունի: Այդ ստորաբաժանումներում ծառայության են անցնում հայտնի հայրիկների կամ լավ միջնորդներ ունեցող անձինք: Ավելին՝ գիշերը զինվորները հիմնականում տուն են գնացել, առավոտյան կայազորի պաշտոնյաները տարել են իրենց հետ ծառայության վարչական շենքում: Եվ, ահա, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայկ Սարգսյանի համար միջնորդել է ներկայումս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանից: Ի պատասխան՝ նա հայտնել է. «Հայկ Սարգսյանի՝ բանակում ծառայելու ժամանակահատվածում ես աշխատել ու ապրել եմ Ռուսաստանի Դաշնությունում եւ Հայաստան եմ վերադարձել 2018 թվականի հեղափոխությունից հետո: Որեւէ առնչություն չեմ ունեցել Հայկ Սարգսյանի՝ բանակի ծառայության կազմակերպման գործընթացի հետ»:

Ուսումնասիրելով Շատվորյանի աշխատանքային գործունեւթյունը՝ նա 2013-2017 թվականներին եղել է «Բոնի Ֆրի» ՍՊԸ հիմնադիր տնօրեն: Հավելենք, որ Հայկ Սարգսյանի արտոնյալ ծառայությունն իրականացվել է Հայաստանի Հանրապետության զինդատախազ Գեւորգ Կոստանյանի օրոք:

 

 

 

ԱՉՔԸ ՎՆԱՍՎԵԼ Է

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի աչքը  վնասվել է երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: Նա տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն։

 

 

«ԴՈՒՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՔ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԼՍԵԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»

«Կառավարության ծրագրում գեղեցիկ պատկերացումների շարան կա մարդու իրավունքների պաշտպանության գլխում: Մինչ մենք ԱԺ ոչ լիագումար նիստերի ժամանակ քննարկում էինք այս ծրագիրը, ֆիզիկայի գիտավանում բիրտ ուժ կիրառվեց մի խումբ երիտասարդների եւ երեխաների նկատմամբ»,- ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

 

«Կառավարությունը, մի կողմից, հռչակում է մարդու իրավունքների մասին անբեկանելի թեզեր, մյուս կողմից՝ ոտնահարում մարդկանց իրավունքները: Հենց երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ բոլոր իմաստներով աննախադեպ միջադեպ, որովհետեւ երբեք որեւէ կին պատգամավորի քաշքշելով, բռնությամբ իր արտահայտած խոսքի համար չեն հեռացրել դահլիճից: Ինձ համար շատ անհասկանալի էր ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի ագրեսիվ վարքագիծը, որին ես միշտ համարել եմ պարկեշտ սպա»,- ասաց Թովմասյանը:

Դիմելով իշխանական պատգամավորներին՝ Թովմասյանը հորդորեց քաղաքական խոսքի նկատմամբ հանդուժող լինել:

«Դուք իշխանություն եք եւ պարտավոր եք լսել քննադատություն: Այս դահլիճում ընդունվել են տարբեր օրենքներ, որոնք կարող են ապահովագրել պատգամավորներին: Ստացվում է՝ մենք, մի կողմից, օրենք ենք ընդունում, մյուս կողմից՝ բռունցքներով ենք հարցեր լուծում»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց՝ անընդունելի է, երբ տարիքով երիտասարդ պատգամավորները քննադատում են պատմություն եւ կնեսագրություն ունեցող պատգամավորներին, հատկապես երբ դա անում են վիրավորական բառերով. «Բոլորը մեզ են նայում, 2 օր է՝ քաղաքացիները մեր մասին շատ վատ կարծիք են ձեւավորում, մեր խորհրդարանը ամբոջությամբ դեռ չի էլ ձեւավորվել, վստահաբար մենք սրա համար չենք այստեղ հավաքվել: Մենք առաջնային մանդատով օժտված պատգամավորներ ենք, պետք է հարգենք քաղաքացու քվեն: Հիմա մենք ի՞նչ ենք ցույց տալու քաղաքացուն՝ որ մենք պետք է իրար անընդհատ ծեծե՞նք, թե՞ որ տղամարդիկ կանանց ներկայությամբ հայհոյեն»:

Թագուհի Թովմասյանը անդրադարձավ նաեւ լրագրողների նկատմամբ վերաբերմունքին:

«Արդեն որերորդ անգամ, երբ դահլիճում որեւէ իրադարձություն է տեղի ունենում, անմիջապես լրագրողներին օթյակից դուրս են հրավիրում: Ինչո՞ւ եք վախենում, որ քաղաքացիներին պետք է տան իրենց հասանելիք տեղեկությունը, մարդիկ թող տեսնեն՝ ինչ է կատարվում, եւ տան իրենց գնահատականը»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Ն. Պ.

 




Լրահոս