Ո՞Վ Է ՍԻՍԻԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Ղեկավարվելով ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-333-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Արմեն Հակոբջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-նշված է որոշման մեջ։ Նկատենք, որ Արմեն Հակոբջանյանը Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդին է: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը նախկինում քրեական գործերի մեջ թաթախված Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդուն է նշանակում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ ի՞նչ էր արել նախկին քաղաքապետը:

2012թ. Սյունիքի մարզպետարանը Սիսիանի քաղաքապետարանում իրականացրած վարչական հսկողության արդյունքում բացահայտել էր մի շարք խախտումներ: Դրանց հիմքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում)՝ քրեական գործ էր հարուցվել այն ժամանակվա համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ, եւ վերջինս ազատազրկվել էր երեք տարի ժամկետով: Նրա նկատմամբ կիրառվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը, եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալն ազատվել է պատիժը կրելուց: Անփոփոխ է մնացել, որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի փոխհատուցում, Աշոտ Գրիգորյանից հօգուտ տուժողի 11 մլն 250 հազար դրամ բռնագանձման մասին դատարանի որոշումը:

Նույն հսկողության արդյունքներով՝ 2014թ. մայիս-հունիս ամիսներին «խոշոր չափի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խարդախություններ կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու» հիմքով՝ քրեական գործ է հարուցվել լրատվական գործունեություն իրականացնելու նպատակով Սիսիանի քաղաքապետարանի հիմնադրած «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հովակիմյանի եւ ընկերության ֆինանսական պատասխանատու Հասմիկ Եսայանի նկատմամբ:

Սույն գործում որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանը եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանը: Ընդ որում, ըստ նախաքննության՝ վերջիններիս արարքը գնահատելիս նշվում է, որ պատշաճ չեն կատարվել ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս, իսկ «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի աշխատակիցների դեմ քրեական գործը հարուցված է այն հիմքով, որ կեղծվել է իրավունք վերապահող պաշտոնեական փաստաթուղթ, եւ այն օգտագործելով՝ խարդախությամբ հափշտակվել է խոշոր չափի` 1 մլն 260 հազար դրամ գումար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Նախօրեին «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետեւանքով Մասիս քաղաքի՝ 1995թ.  ծնված բնակիչը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկվել Մասիս քաղաքի Հանրապետության եւ Դպրոցական փողոցների խաչմերուկում: Դեպքի վայրի զննությամբ նշված փողոցների խաչմերուկում հայտնաբերվել են արնանման հետքեր»,- տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 25-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նշված խաչմերուկում վրաերթի է ենթարկել վերջինիս, վարել նրա վրայով եւ հեռացել դեպքի վայրից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նույն օրը Մասիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցում հայտնաբերվել է նշված «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ դրա դիմացի աջ հատվածում հայտնաբերվել են քսվածքի հետքեր, իսկ ժամը 22.40-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել Մասիս քաղաքի 20-ամյա բնակիչը եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք: Վերջինս ձերբակալվել է սպանության փորձ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ ՉՈՐՍ ՀՈԳՈՒ

2021թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 00:24-ին, քաղաքացուց  ահազանգ է ստացվել, որ Տիչինա փողոցում գտնվող ռեստորաններից մեկի հետնամասում դանակահարել են չորս հոգու: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-Ն: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երեւան քաղաքի Շերամի փողոցից մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք տղամարդ:   Ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երեւան քաղաքի բնակիչ է՝ 41 տարեկան: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

 

 

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել խորհրդարանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումների ու կիրառվող բռնությունների վերաբերյալ:

 

«Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում վերջին երկու օրերին Ազգային ժողովում տիրող անընդունելի իրավիճակի եւ գործընթացների, հատկապես՝ դրանք լուսաբանող լրագրողների ու օպերատորների աշխատանքները խոչընդոտելու կամ ապօրինաբար դադարեցնելու փաստերի առնչությամբ։

Այսպես, օգոստոսի 24-ի նիստին, երբ ԱԺ պատգամավորների թեժ վեճերը վերածվեցին ծեծկռտուքի, անվտանգության աշխատակիցները բռնի ուժով հեռացրին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մամուլի համար նախատեսված օթյակից՝ թույլ չտալով շարունակել նկարահանումները։ Լրագրողների ու օպերատորների գործունեությունը խոչընդոտվել է նաեւ նիստերի դահլիճի մուտքի մոտ։ Նույն իրավիճակը կրկնվել է այսօր՝ (երեկ-խմբ.) օգոստոսի 25-ին. որպեսզի խորհրդարանականների ծեծկռտուքը չնկարահանվի, ԶԼՄ-ների ներկայացուցիչները դարձյալ հեռացվել են օթյակից, ընդ որում՝ նաեւ ֆիզիկական բռնության կիրառմամբ։ Նրանց մասնագիտական գործունեությունն անհիմն արգելվել է նաեւ նիստերի դահլիճի մուտքի մոտ։

Մենք պնդում ենք, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների ու օպերատորների նկատմամբ իրականացվող այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ապօրինություններ՝ ուղղված խոսքի ազատության եւ հասարակության տեղեկացված լինելու իրավունքի դեմ։ Դրանք հակասում են նաեւ լրագրողական երեք կազմակերպությունների՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավարների եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ս. թ. օգոստոսի 23-ին կայացած հանդիպման եւ քննարկման բովանդակությանն ու էությանը։ Անքննելի է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ինչպես է աշխատում եւ ինչ վարքագիծ է դրսեւորում յուրաքանչյուր պատգամավոր։ Ավելին՝ խորհրդարանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը չի պարունակում պետական կամ այլ գաղտնիք, պետք է դառնա հանրության սեփականությունը, իսկ դա հնարավոր է ապահովել նախեւառաջ ԶԼՄ-ների անկաշկանդ գործունեության միջոցով։ Պահանջում ենք ԱԺ ղեկավարությունից անհապաղ դադարեցնել խորհրդարանում հավատարմագրված լրագրողների եւ օպերատորների նկատմամբ կիրառվող բռնությունները, ճնշումները եւ ապօրինի սահմանափակումները՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք ինչ իրադարձություններ են լուսաբանում՝ մասնագիտական պարտականություններից ելնելով, ԱԺ նախագահից՝ անպայմանորեն մասնակցել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 30-ին կայանալիք քննարկմանը, որը նվիրված է լինելու վերոհիշյալ խնդիրներին, եւ առավելագույնս ընդառաջել լրագրողների ողջամիտ ակնկալիքներին,

Անվտանգության ծառայության աշխատակիցներից՝ չգերազանցել իրենց լիազորությունները, խորհրդարանում աշխատող լրագրողների ու օպերատորների նկատմամբ չկիրառել անհիմն սահմանափակումներ, չներկայացնել անօրինական պահանջներ եւ չխոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը»։

Ն. Պ.




Լրահոս