ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. ուշագրավ կետեր կառավարության նախորդ և նոր ծրագրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ծավալված թեժ վիճաբանության եւ ծեծկռտուքի ֆոնին ստվերվեց կառավարության  2021-2026 թվականների հնգամյա ծրագիրը, որն էլ այդ օրերին քննարկվում էր խորհրդարանում:

Նկատենք, որ օգոստոսի 18-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ կառավարության ներկայիս ծրագիրը պետք է հիմնված լինի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների վրա։

Այսպիսով, ArmLur.am-ն ուսումնասիրել է նոր եւ նախորդ ծրագրերը եւ կներկայացնի դրանց հետաքրքիր դրվագները՝ առանձին-առանձին: Այս անգամ կանդրադառնանք պաշտպանության ոլորտին եւ փոխկապակցված Ղարաբաղյան հիմնախնդրին:

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մասով նախորդ ծրագրում, որը ներկայացվել էր 2019 թվականին, կառավարությունը նպատակադրվել էր հասնել Արցախի անվտանգության ապահովման, օտարերկրյա ներդրումների ավելացման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ խաղաղ կարգավորման, որի հիմքում պետք է ընկած լիներ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։

Մեկ ակնհայտ տարբերություն. նախորդ ծրագրում կառավարությունը պնդում էր, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա այս հարցի հանգուցալուծման գործընթացում: Կառավարության նոր ծրագրում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ կատարվելիք քայլերից դուրս է մնացել Արցախի՝ որպես հակամարտության կարգավորման գործում որոշիչ ձայն ունենալու մասին խոստումը։

Խոսելով պաշտպանության ոլորտից՝ նկատենք, որ նախորդ ծրագրում կառավարությունը խոստանում էր պետության պաշտպանունակությունը բարձրացնել այնպես, որ այն համարժեք լիներ ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելուն:   Կառավարությունն իր նոր ծրագրում խոստանում է ձգտել զինծառայության ժամկետների կրճատման՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության, ինչպես նաև անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի, որի կազմում կանանց ներգրավվածությունը շարունակաբար աճելու է։

Կառավարության նոր ծրագրով հայ-ադրբեջանական պետական ողջ սահմանի պահպանությունը Պաշտպանության նախարարությունից փոխանցվելու է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին։

Կառավարությունը խոստանում է նաև ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն, որը նախորդ ծրագրով նախատեսված չէր։

Եվ վերջում՝ կառավարության ծրագրում ավելացել է մեկ տող, որով վերջինս հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի:




Լրահոս