Ազգային ժողովում ծավալված թեժ վիճաբանության եւ ծեծկռտուքի ֆոնին ստվերվեց կառավարության՝ 2021-2026 թվականների հնգամյա ծրագիրը, որն էլ այդ օրերին քննարկվում էր խորհրդարանում:
Նկատենք, որ օգոստոսի 18-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ կառավարության ներկայիս ծրագիրը պետք է հիմնված լինի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների վրա։
Այսպիսով, ArmLur.am-ն ուսումնասիրել է նոր եւ նախորդ ծրագրերը եւ կներկայացնի դրանց հետաքրքիր դրվագներն առանձին-առանձին: Այս անգամ կանդրադառնանք պաշտպանության ոլորտին եւ փոխկապակցված Ղարաբաղյան հիմնախնդրին:
Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մասով նախորդ ծրագրում, որը ներկայացվել էր 2019 թվականին, կառավարությունը նպատակադրվել էր հասնել Արցախի անվտանգության ապահովման, օտարերկրյա ներդրումների ավելացման, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, որի հիմքում պետք է ընկած լիներ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը։
Մեկ ակնհայտ տարբերություն. նախորդ ծրագրում կառավարությունը պնդում էր, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա այս հարցի հանգուցալուծման գործընթացում: Կառավարության նոր ծրագրում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ կատարվելիք քայլերից դուրս է մնացել Արցախի՝ որպես հակամարտության կարգավորման գործում որոշիչ ձայն ունենալու մասին խոստումը։
Խոսելով պաշտպանության ոլորտից՝ նկատենք, որ նախորդ ծրագրում կառավարությունը խոստանում էր պետության պաշտպանունակությունը բարձրացնել այնպես, որ այն համարժեք լիներ ռազմական սպառնալիքների մակարդակին եւ հավանական պատերազմի բնույթին, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելուն: Կառավարությունն իր նոր ծրագրում խոստանում է ձգտել զինծառայության ժամկետների կրճատման՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության, ինչպես նաեւ անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի, որի կազմում կանանց ներգրավվածությունը շարունակաբար աճելու է։
Կառավարության նոր ծրագրով հայ-ադրբեջանական պետական ողջ սահմանի պահպանությունը Պաշտպանության նախարարությունից փոխանցվելու է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին։
Կառավարությունը խոստանում է նաեւ ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն, որը նախորդ ծրագրով նախատեսված չէր։
Եվ վերջում՝ կառավարության ծրագրում ավելացել է մեկ տող, որով վերջինս հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի:
Եթե նախորդ ծրագրում կառավարության արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությանը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովմանը, ապա նոր ծրագրում կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են ՀՀ պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը եւ կայունությունը: Կառավարության նոր ծրագրում «Արցախ» բառը փոխարինվել է «Արցախի ժողովուրդ» արտահայտությամբ։
Խոսելով տնտեսության ոլորտից՝ նշենք որ Կառավարությունը խոստանում էր նաեւ առաջիկա տարիների համար ապահովել տարեկան միջին 5 տոկոս տնտեսական աճ։ Արդեն նոր ծրագրով կառավարությունը առաջիկա 5 տարիների համար խոստանում է տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, աղքատության կրկնակի կրճատում, գործազրկության 10 տոկոսից ցածր մակարդակ, ինչպես նաեւ ներդրում/ՀՆԱ մակարդակը հասցնել 25 տոկոսի, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրում/ՀՆԱ-ն՝ 6 տոկոսի։
Ինչպես այս, այնպես էլ նախորդ ծրագրերում կառավարությունն էական նշանակություն էր տվել արտահանմանը։ Նախորդ ծրագրով կառավարությունը խոստանում էր 5 տարում ապրանքների եւ ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել 43-45 տոկոսի, մինչդեռ 2020 թվականին արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը, 2019 թվականի համեմատ, աճել էր ընդամենը 0.5 տոկոսով՝ դառնալով 20 տոկոս։
Ն.Հ.
ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆՎԵՑ
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը երեկ դիմում ներկայացրեց Վերաքննիչ դատարան՝ խնդրելով վերացնել Յուրի Խաչատուրովի՝ ՀՀ սահմանը հատելու արգելքը: Մ. Պողոսյանի խոսքով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Յուրի Խաչատուրովի եւ մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքը շարունակում է սահմանափակված մնալ, քանի որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ վերացնելով Յուրի Խաչատուրովի՝ սահմանները հատելու արգելքը:
ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին քիչ առաջ հրավիրել են ՀՔԾ՝ հարցաքննության՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով: ArmԼur.am-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն տասնյակից ավելի ծանուցումներ է ուղարկել Ազգային ժողովի պատգամավորներին Աժ ծեծի մասով, որ վկայի կարգավիճակով գան եւ դեպքի մասին պատմեն: Ծանուցումներ են ստացել ինչպես ՔՊ պատգամավորները, այնպես էլ «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մեր տեղեկություններով՝ ՀՔԾ-ն ԱԺ միջադեպով ծանուցում է ուղարկել «Հայաստան» խմբակցությունից պատգամավորներ Արծվիկ Մինասյանին, Արթուր Ղազինյանին, Վահե Հակոբյանին: Հավելենք, որ մինչ այս Արծվիկ Մինասյանը մեկ անգամ արդեն կանչվել էր ՀՔԾ՝ ԱԺ ծեծկռտուքի առաջին օրվա մասով:
ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ լոգիստիկ եւ տեխնիկական այլ խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերի տպագրության գործընթացում Հայաստանի Հանրապետությունում առաջացել են որոշակի բարդություններ։ Տարվում են աշխատանքներ՝ առաջացած խնդիրների կարգավորման ուղղությամբ. հայտնում են դեսպանությունից։
ՄԻՋԱԴԵՊ՝ ՎԱՆԱՁՈՐԻ ԲԵՐԴՈՒՄ
Սուրեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ եւ տեղաբաշխված լինելով թիվ 2 խցում, 2021 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 09.40-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեությանը խոչընդոտելու նպատակով, թիվ 2 խուցը չխուզարկելու եւ արգելված իրեր չհայտնաբերելու համար խցի մյուս կալանավոր Հարություն Սագիյանի հետ վիճաբանել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ Տիգրան Մանուկյանի, Սահակ Արզումանյանի, Արտակ Ավագյանի, Ռուբեն Գասպարյանի, Կարեն Ոսկանյանի, Կարեն Մարկոսյանի, Տիգրան Դարբինյանի, Արմեն Խեչումյանի եւ Արտյոմ Մաղաքյանի հետ, չի թույլատրել վերջիններիս խուզարկել խուցը, որի ընթացքում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Սահակ Արզումանյանին տվել է բռնություն գործադրելու սպառնալիքներ, սպառնացել է հաշվեհարդար տեսնել նրա հետ, ազատության մեջ գտնվող եղբոր միջոցով վնաս պատճառել նրան:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՇԻՐԱԿՈՒՄ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում Շիրակի մարզում: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա եւ այլեւս չի առաջադրվի որպես թեկնածու հոկտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Մեր տեղեկություններով՝ քաղաքապետի ընտրությունների ժամանակ, որպես ՔՊ-ի թեկնածու, առաջադրվելու է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Այսինքն՝ Շիրակի մարզում փոխատեղումներ են, քաղաքապետը՝ մարզպետ, մարզպետը՝ քաղաքապետ:
ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱԺ-ՈՒՄ
Օրեր առաջ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում անհետ կորած զինծառայողների, ռազմագերիների հարազատները: ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ երեկ ավելի քան մեկուկես ժամ գերիների եւ անհետ կորածների հարազատները Ազգային ժողովում փակ հանդիպում են ունեցել: Մեր տեղեկություններով՝ նիստին ներկա է եղել ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը: ArmLur.am-ը հարազատներից փորձեց պարզել, թե ինչ տեղեկություններ կան: Ըստ նրանց՝ դեռեւս որեւէ հստակ բան չկա, իրենք հարցեր են բարձրացնում, բայց դեռեւս պատասխան չկա: