Օրենքը խիստ սահմանափակ է հաշվի առնում կամ գրեթե հաշվի չի առնում կոնկրետ կատեգորիայի անձանց ընտանեկան հանգամանքները. ընտանեկան պայմաններից ելնելով՝ զորահավաքային զորակոչից ազատվում են միայն նրանք, որոնք ունեն չորս եւ ավելի երեխա: Զորահավաքային զորակոչման ենթակա քաղաքացիների շրջանակը սահմանվում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (29-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Ի տարբերություն պարտադիր զինծառայության զորակոչի, որի համար «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են ընտանեկան պայմաններից ելնելով զորակոչից տարկետում տրամադրելու եւ ծառայությունից ազատելու բազմաթիվ հիմքեր, զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է: Պաշտպանի գնահատմամբ՝ այդ անձանց շրջանակը վերանայման կարիք ունի: Հասկանալի է, որ պետության քաղաքականությունը ռազմական դրության պայմաններում զինապարտների ներգրավման առումով կարող է լինել որոշակիորեն տարբերվող՝ արտակարգ իրավիճակներին հատուկ: Այնուամենայնիվ, նման քաղաքականության հիմքում պետք է լինի հստակ տրամաբանություն եւ լինի արդարացված, հակառակ դեպքում օրենքով սահմանված կարգավորումը կոնկրետ իրավիճակներում կարող է լինել ձեւական, չարդարացված:
Պաշտպանության նախարարությունից Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացվել է, որ ընտանեկան դրությամբ պայմանավորված զորահավաքային միջոցառումներին ընդգրկված քաղաքացիների վերաբերյալ Պաշտպանության նախարարության թեժ գիծը ստացել է ահազանգեր: Դիմումատուներին պարզաբանվել է, որ օրենքով սահմանված են այն դեպքերը, երբ անձը ենթակա չէ զորահավաքային զորակոչով զորակոչվելու: Սակայն դիմում-բողոքներ ստանալուն պես ՊՆ ստորաբաժանումներն ուսումնասիրվել են կոնկրետ անձի ընտանիքի կազմը, եւ դիմումում նշված փաստերի իսկության դեպքում զինկոմիսարիատները հնարավորության սահմաններում ձեռնպահ են մնացել նշված կատեգորիայի անձանց զորահավաքային զորակոչին ընդգրկելու գործողություններից:
Այսպիսով, պրակտիկ դեպքերը նույնպես հաստատում են Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրումն առ այն, որ ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա քաղաքացիների վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորումը խնդրահարույց է: Մյուս կողմից՝ յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցում ցուցաբերելիս հայեցողական լիազորությունների նախատեսման չափազանց լայն շրջանակը կարող է հակառակ ու բացասական ազդեցություն ունենալ եւ նույնիսկ չարաշահումների տեղիք տալ:
Առաջարկվում է ընդլայնել ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց ցանկը կամ, որպես այլընտրանք, ներդնել անհատական (ճկուն) մոտեցում ցուցաբերելու հստակ կառուցակարգեր: Ավելին, անհրաժեշտ է նշել, որ ընտանեկան պայմանները հաշվի առնելու օրենսդրական համապատասխան կարգավորումներ բացակայում են նաեւ քաղաքացիներին վարժական հավաքների եւ զորավարժությունների ներգրավելիս:
Այս առումով կարեւոր արձանագրում է այն, որ քաղաքացիներին վարժական հավաքների եւ զորավարժությունների ներգրավումն ինքնանպատակ չէ: Տրամաբանությունը զինված ուժերի պահեստազորում հաշվառված զինապարտների նախապատրաստությունն է, նրանց ռազմական գիտելիքների թարմացումն ու բարելավումը հնարավոր մարտական գործողություններ սկսվելու դեպքում զորահավաքային զինվորական ծառայությանը եւ ռազմական գործողություններին պատշաճ մարտունակությամբ պահեստազորայինների մասնակցությունն ապահովելու նպատակով:
Նշվածի համատեքստում էլ հնարավոր է դառնում հանգել այն հետեւության, որ օրենքով սահմանված դեպքերում զորահավաքային զինվորական ծառայության զորակոչման ոչ ենթակա քաղաքացիներին վարժական հավաքների եւ զորավարժությունների ներգրավումը կորցնում է իր նպատակային նշանակությունը: Հետեւաբար ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակի որոշման հետ կապված Պաշտպանի առաջարկը հավասարապես վերաբերելի է նաեւ վարժական հավաքների եւ զորավարժությունների ներգրավման գործընթացին:
Առաջարկները պաշտոնապես կուղարկվեն ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, ինչպես նաեւ Պաշտպանության եւ Արդարադատության նախարարություններ։
Ն. Պ.
30 ՏԱՐԻ ՀԵՏՈ` ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ
1976-1980թթ. կառուցվեց 44 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարը, որի հանդիսավոր բացումը կայացավ 1980թ. հոկտեմբերին։ Այդ ջրամբարի ջրերով, պոմպերի միջոցով աշխատող ոռոգման համակարգի շնորհիվ 1980-1990թթ. ոռոգվում էին Նոյեմբերյանի եւ Իջեւանի շրջանների հազարավոր հեկտար հողատարածքներ։ Ջրամբարի ջրերով ոռոգվում էին նաեւ Ադրբեջանի Ղազախի շրջանի մեծ հողատարածքներ։
Հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով Ջողազի ջրամբարից սնվող, սահմանագոտում գտնվող, մասամբ Ադրբեջանի տարածքով ձգվող ոռոգման համակարգը 1990թ. մայիսից դադարեց գործել, պոմպակայանը եւ ոռոգման ջրագծի խողովակները հետագայում թալանվեցին։ Ջողազի ջրամբարի ձախ ափին գտնվող Ղազախի շրջանի Մազամլի գյուղի բնակիչները ջրամբարի մեջ տեղադրել են խողովակ եւ պոմպերի միջոցով տարիներ շարունակ արհեստական լճի ջրերը մղում, ոռոգում են իրենց հողատարածքները։ 1997-98 թվականներին Ջողազի ջրամբարից արտահոսող ջրով գործարկվել էր միկրոհէկ, որի արտադրած հոսանքը տրվում էր Ջողազի ջրամբարի աջ ափին գտնվող Բերքաբեր գյուղի բնակիչներին։ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ որոշակի ժամանակահատված Ջողազի ջրամաբարի պատվարի տակ գտնվող ջրաղբյուրից խմելու ջուր է մատակարարվել Բերքաբերի բնակիչներին։ Այդ ջրագիծը գործել է մինչեւ 2003 թվականը։
Բերքաբեր գյուղում սուբվենցիոն ծրագրով արդեն մեկ շաբաթ ընթանում են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները։ Վայրկյանում մինչեւ եւ 70 լիտր ջուր մղող երկու պոմպերի միջոցով Ջողազի ջրամբարից մղվելիք ջրով կոռոգվեն Բերքաբեր գյուղի եւ հարեւան Սարիգյուղի՝ ընդհանուր առմամբ 120 հեկտար հողատարածքներ։ Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ կկառուցվի ոռոգման ջրագիծ Բերքաբերի եւ Սարիգյուղի սահմանին, Բերքաբեր գյուղի ամենավերին կետում կկառուցվի ոռոգման ջրամբար, որտեղից ջուրը գոյություն ունեցող ոռոգման ցանցի միջոցով կուղղվի դեպի Բերքաբերի հողատարածքներ։ Ծրագրի նախագծային արժեքը կազմել է 228 միլիոն դրամ, շինարարության մրցույթը 222 միլիոն դրամ առաջարկով շահել եւ ծրագիրն իրականացնում է Իջեւանի «Խաչմիշշին» ընկերությունը։
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿԱՌՈՒՑԵԼ ԵՆ ՄԵԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
2019թ. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրով Այրում խոշոր համայնքի Պտղավան բնակավայրի հարեւանությամբ 100 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ ( 20 միլիոն դրամը` Այրում համայնքի ֆինանսական ներդրումն է) սկսվել է գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի կառուցումը։ Այն նախատեսված է համայնքի խոշորացման արդյունքում Այրում համայնքի ձեռք բերած գյուղատնտեսական եւ ինժիեներական տեխնիկայի կայանման համար։ Հավաքակայանին կից կառուցվել են թունաքիմիկատների ու բուժանյութերի խանութ, 500քմ մակերեսով ջերմոց եւ 1000 քմ մակերեսով պտղատու ծառերի տնկարան, նաեւ գյուղատնտեսական խորհրդատվական կենտրոն։
Գյուղտեխնիկայի հավաքակայանը պետք է շահագործման հանձնվեր 2020թ., սակայն դրա պաշտոնական գործարկումը չի կատարվել։ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ կառույցի շինարարությունը մրցույթով շահած եւ այն իրականացրած «Սուարդի» հավաքակայանը թերություններով է կառուցել, շենքի ջրհորդանները սխալ թեքությամբ են սարքվել, որի հետեւանքով անձրեւաջրերը ոչ թե արտահոսում են շենքի տանիքից, այլ լցվում են շենքի հիմքի տակ, նմանապես շենքի ներքին հարդարման աշխատանքները թերացումներով են արվել, հատակի հարթեցումն անորակ է կատարվել, սարքված ջերմոցների ցելոֆաններն արդեն պատռվել են եւ բազում այլ թերացումներ։ Այրումի համայնքապետի խոսքով՝ շենքը գործարկելու համար այդ թերությունները պետք է վերացվեն։ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ Տավուշի տարածքային բաժինը հավաքակայանի կառուցման թերություններին չի արձագանքել, սակայն Այրում համայնքի ղեկավարին 50 հազար դրամի չափով տուգանել է առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի հավաքակայանի շինարարությունը թույլատրելու համար։
ԿԱՅԱՑԱՎ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Իջեւանում՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանում, կայացավ «Հանուն իմ կյանքի» հուշամատյանի շնորհանդեսը։ Հուշամատյանում ներկայացված են 44-օրյա պատերազմում զոհված 118 տավուշցիների լուսանկարները, նրանց ծննդյան եւ մահվան տարեթվերը, զինվորական կոչումները, մարտական պարգեւները։ Հուշամատյանի օրինակները հանձնվեցին զոհվածների հարազատներին։ Միջոցառման ընթացքում հնչեցին ՀՀ օրհներգը, Տիրունական աղոթք, ելույթ ունեցան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Սաքանյանը, զոհվածների հարազատներ, Տավուշի թեմի մանկական երգչախումբը, 3-րդ բանակային կորպուսի զինվորներ, Իջեւանից երաժշտական համույթ եւ այլոք։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ