Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթաքումն է անում եւ այնպիսի հայտարարություններ հնչեցնում, որոնք հակասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս քարոզարշավի ժամանակ արված հայտարարություններից մեկին: Բանն այն է, որ ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ էր հղել բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ եւ, մասնավորապես, նշել. «Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի: Արդեն արձանագրված են նաեւ նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի եւ շինծու դատավարությունները»: Այսինքն՝ նորանշանակ նախարարն ընդունում է, որ հայ գերիներն Ադրբեջանում վատ վերաբերմունքի են արժանանում, այնինչ քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր.
«Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք, հանուն իրենց ազատության, զիջենք մեր երկրի անկախությունը»,-ասել է Փաշինյանը։ Ստացվում է՝ Փաշինյանը խնդրում էր տղաներին համբերել, իսկ Միրզոյանը խոսում է նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում Սեյրան Օհանյանի մասով աշխատանքներ են տարվում, եւ նպատակը նրան խորհրդարանի աշխատանքներից մեկուսացնելն է։ Բանն այն է, որ ՀՔԾ-ում այս պահին վերջինիս մասով մեկ քրեական գործ է առկա՝ «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործով, որով վերջինս ներգրավված է որպես մեղադրյալ: Եվ, ահա, այս դեպքին զուգահեռ Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանում բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել «Մարտի 1»-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու որոշումը, գործը վերադարձնել դատարան՝ նոր քննության, եւ այս գործով մեղադրյալ է կրկին Սեյրան Օհանյանը: Ստացվում է՝ 2 քրեական գործով նա որպես մեղադրյալ է անցնում, սակայն այս ամենին կարող է ավելանալ եւս մեկը՝ կապված Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ վերջինս շիշ նետեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ: Սա կարող է դիտարկվել որպես խուլիգանական արարք եւ անհետեւանք չմնալ: Իրավապահներն արդեն գործընթաց են սկսել եւ փաստերը դրել միմյանց կողքի: Որքան էլ փորձ արվի ներկայացնել, թե սրանք իրավական գործընթացներ են, պարզ է մեկ բան՝ կա քաղաքական հրահանգ Սեյրան Օհանյանին, ապա Վահե Հակոբյանին եւ Իշխան Սաղաթելյանին մեկուսացնել ԱԺ-ից՝ նպատակ ունենալով գլխատել «Հայաստան» խմբակցությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային ժողովում պատգամավորների ծեծի դեպքով հարուցված քրեական գործի ընթացքից: Երեկվա համարում հրապարակել էինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի տված ցուցմունքից որոշ հատվածներ: Պարզվում է՝ իրավապահներն արդեն գիտեն, թե ով է հրավածել Գեղամ Նազարյանի աչքին. նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է, իսկ, ահա, Արթուր Ղազինյանին ծեծելու գործով գլխավոր դերում առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է եղել: Ավելին, մեր տեղեկություններով՝ իշխող ուժի պատգամավորների գործողությունների մասով մանրամասն տեղեկատվություն է փոխանցված իրավապահ մարմիններին: Ըստ այդմ, Վահագն Ալեքսանյանը 1 անգամ ոտքով հարվածել է Վահե Հակոբյանին եւ 2 անգամ ձեռքով՝ Գեղամ Նազարյանին, Վահե Ղալումյանն առնվազն 2 անգամ ձեռքով եւ առնվազն մեկ անգամ ծնկով հարվածել է Վահե Հակոբյանին, Նարեկ Գրիգորյանն առնվազն 1 անգամ ոտքով եւ առնվազն 2 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Հայկ Սարգսյանը 1 անգամ ձեռքով հարվածել է Վահե Հակոբյանին, առնվազն 3 անգամ ձեռքով՝ Գեղամ Մանուկյանին, Արթուր Հովհաննիսյանն առնվազն 2 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Հայկ Ցիրունյանն առնվազն 5 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Կարեն Համբարձումյանը 1 անգամ ձեռքով եւ առնվազն 2 անգամ ոտքով հարվածել է Վահե Հակոբյանին, Նարեկ Բաբայանն էլ առնվազն 5 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին եւ առնվազն 1 անգամ ոտքով՝ Վահե Հակոբյանին:
Շինարարության ծավալները 10.8%-ով աճել են, 2020 թվականի առաջին կիսամյակում գրանցվել էր 23.4% անկում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ընթացիկ գներով 125.6 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։ 2021թ. հունիսին, 2020 թվականի հունիսի համեմատ, շինարարության ծավալներն աճել են ընդամենը 1.3%-ով։ Հաշվի առնելով, որ նախորդ տարվա այս ամիսներին շինարարությունը դեռեւս մեծ տեմպերով անկում էր ապրում, այս տարվա նույն ամիսների թույլ աճը վկայում է, որ ոլորտը դեռեւս չի վերականգնվել: Առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրողների միջոցներով Հայաստանում ընդամենը մոտ 7 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել։ Այս անգամ աճ կա պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության գծով։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում պետական բյուջեի հաշվին իրականացվել է 36.3 մլրդ դրամի շինարարություն՝ նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճելով 43.8%-ով։ 2020-ի առաջին կիսամյակում գրանցվել էր 22.3% անկում։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին վեց ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության 27.4%-ն էլ բնակչությունն է ապահովել։ Բնակչության միջոցներով կատարված շինարարության ծավալները կազմել են 34.5 մլրդ դրամ՝ աճելով 17.9%-ով։ Շինարարության մնացած փոքր հատվածը՝ 2.8%-ը, ապահովվել է մարդասիրական օգնության եւ համայնքների միջոցներով։