ՀՀ ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերում առկա են եղել փաստական տվյալներ, որ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի եւ մի շարք կապալառու ընկերությունների միջեւ կնքված թիվ «ՎՁՄ ԲԸԱՀ-01/5» պետական գնման պայմանագրի հիման վրա 149.160.000 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձեւով եւ ժամկետներում կատարել պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվով Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման, բարեկարգման աշխատանքները, իսկ պատվիրատուն՝ ի դեմս ՀՀ Վայոց ձորի մարզետարանի, պարտավորվել է ընդունել կատարված աշխատանքը եւ վարձատրել դրա համար:
Պայմանագրի շրջանակներում կապալառու կազմակերպությունների ղեկավար անձինք, օգտվելով պայմանագրով ընձեռված հնարավորություններից, աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության ղեկավար աձանց օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2015-2016 թվականներին Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման, բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում կատարել են պակաս ծավալով աշխատանքներ, ներկայացրել են, թե, իբր, ձեռք են բերել եւ ճեմուղում տեղադրել շուկայականից անհամեմատ բարձր գներով ապրանքներ, որի արդյունքում փաստացի չկատարած կամ անորակ աշխատանքների դիմաց կապալառու ընկերություններին անհիմն փոխանցվել է առանաձնապես խոշոր չափերի՝ 149.160.000 ՀՀ դրամ գումար, որից 16.96 մլն ՀՀ դրամն էլ խարդախությամբ հափշտակվել է:
Միեւնույն ժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության իրավասու պաշտոնատար անձինք, պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, հանդիսանալով նշված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձաժողովի նախագահ եւ հանձնաժողովի անդամ, շահադիտական կամ անձնական շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ չեն արձանագրել պակաս ծավալով կատարված աշխատանքների փաստը, այլ թույլ են տվել, որպեսզի կապալառու ընկերությունները 2015-2016 թվականներին Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման, բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության ղեկավար անձանց օժանդակությամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակեն, որպիսի հանգամանքը թաքցնելու նպատակով շինարարական օբյեկտի շահագործումն ընդունելու վերաբերյալ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում կազմել եւ օգտագործել են իրավունք վերապահող ակտ, որում այդ աշխատանքները ներկայացվել են որպես իրականացված, ինչն էլ հնարավորություն է տվել այդ աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության օժանդակությամբ կապալառու ընկերությունների ղեկավար անձանց խարդախության եղանակով հափշտակել 16.96 մլն ՀՀ դրամը, որն էլ պետության օրինական շահերի համար անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, հարուցվել է քրեական գործ:
Ն. Պ.
ԴՊՐՈՑՆ ՈՒՆԻ 13 ԱՇԱԿԵՐՏ
Խորհրդային շրջանում Նոյեմբերյանի շրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանամերձ Բարեկամավան գյուղից արտագաղթ է եղել, որը մեծ թափ է առել Հայաստանի անկախանալուց հետո։ 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ունեցել է շուրջ 330 աշակերտ, բարեկամավանցի 9-10-րդ դասարանների աշակերտներն իրենց ուսումը շարունակել են հարեւան գյուղի՝ Կոթիի, Ոսկեվանի եւ Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցներում։ Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ ինքը 1986թ.-ին է ավարտել Բարեկամավանի միջնակարգ դպրոցը, այդ ժամանակ իրենց դասարանում կար 18 աշակերտ, իսկ դպրոցն ուներ ավելի քան 200 աշակերտ։ Բարեկամավանցիները տեղափոխվել են Նոյեմբերյան, Երեւան, հանրապետության այլ վայրեր, բայց առավել չափով՝ Ռուսաստան, հատկապես՝ Ստավրոպոլի երկրամաս։ Ջ. Միքայելյանն ասաց, որ Ստովրոպոլ քաղաքում բարեկամավանցիները մայիսի 1 են նշել, որին մասնակցել է շուրջ 180 բարեկամավանցի, իսկ ներկայումս Բարեկամավանում ապրում է 165 մարդ, հիմնականում՝ ծերեր։ Բարեկամավանի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանը հայտնեց, որ նոր ուսումնական տարում գյուղի միջնակարգ դպրոցն ունի 13 աշակերտ, առաջին դասարանցի չկա, աշակերտներ չկան նաեւ 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 9-րդ դասարաներում։ Դպրոցի ուսուցիչները տեղացի են՝ բացառությամբ անգլերեն եւ ռուսերեն լեզուներ դասավանդող ուսուցչուհու, որը հարեւան Կոթի գյուղից է ժամանում։ Դպրոցի տնօրենը հայտնեց, որ դպրոցի շենքի տանիքի նորոգումը կիսատ է մնացել, Բարեկամավանի դպրոցը խմելու ջրի խիստ պակաս ունի, մատակարարված ջուրն էլ անորակ է, բարեկամավանցիները խմելու ջուր են կրում հարեւան Կոթի գյուղից։
Ջ. Միքայելյանը հայտնեց, որ դպրոցի տանիքի նորոգումը կիսատ է մնացել անցյալ տարվա սեպտեմբերից, նորոգումը իրականացվել է Ստավրոպոլի հայ համայնքի հանգանակած ֆինանսական միջոցներով։ Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հայկ Չոբանյանը բարեգործներին ներկայացրել է, որ դպրոցի տանիքի նորոգման համար բավական է 8,5 միլիոն դրամը, մինչդեռ հետո արված հաշվարկները ցույց են տվել, որ տանիքի նորոգումն իրականացնելու համար հարկավոր է 12 միլիոն դրամ։ Դպրոցի շենքի տանիքի նորոգման համար անհրաժեշտ շինանյութն առկա է, սակայն բանվորներին աշխատավարձ վճարելու գումարներ չկան, պետական բյուջեից այդ նպատակով աջակցություն չի ցուցաբերվել։ Ջ. Միքայելյանն ասաց, որ ներկայումս Բարեկամավանի բնակիչները խմելու ջուր են ստանում պոմպերի միջոցով մղվող խորքային հորերից շաբաթական մեկ անգամ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում:
Պատգամավորը առաջարկում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում:
Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ ներառյալ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության եւ վարժական հավաքի ներգրավելու դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում:
Նշված օրենսդրական կարգավորումից, ինչպես նաեւ զինվորական հոսպիտալներ կատարված այցերի արդյունքում պարզվել է, որ զինծառայողների պարագայում առաջնահերթ բժշկական օգնություն եւ սպասարկում նախատեսված չէ, եւ զինծառայողների հետազոտությունն իրականացվում է ընդհանուր հիմունքներով: Արդյունքում զինծառայողների հետազոտությունները ձգձգվում են, որի հետեւանքով զինվորական հոսպիտալներում նրանց մնալը երկարացվում է: Նշված խնդրին անդրադարձ է կատարվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդմամբ: Մինչդեռ հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները՝ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ եւ սեղմ ժամկետներում:
Խնդիրը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ զինվորական հոսպիտալները բավարար չափով հագեցված չեն համապատասխան գործիքային ախտորոշիչ սարքավորումներով (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա եւ այլն), կամ առկա սարքավորումների քանակը բավարար չէ զինծառայողների հետազոտությունները պատշաճ իրականացնելու համար (օրինակ՝ հոլտերմոնիտորներ), ուստի անհրաժեշտ է նշված հետազոտություններն իրականացնել քաղաքացիական բժշկական հաստատություններում:
Հետեւաբար վերոնշվածում ներկայացված խնդրի համակարգային կարգավորման համար զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքը անհրաժեշտ է ամրագրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի մակարդակով»,- նշված է հիմնավորման մեջ:
524 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 524 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 242 135-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 4844 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Օգոստոսի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1155 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5999-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 361 է, ընդհանուր առողջացածներինը՝ 227 026, փաստացի բուժվողներինը՝ 9110: Մեկ օրում արվել է 5666 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 540 436 թեստավորում:
ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում։ Անհայտ անձը գազային ատրճանակով մտել է Արշակունյաց պողոտայում՝ «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնի մեջ գործող բանկերից մեկի մասնաճյուղ եւ ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել մի կապոց գումար։ Տեղում անվտանգության աշխատակիցները, քաղաքացիներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ու ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները վնասազերծել են այդ քաղաքացուն, որը տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հափշտակված գումարն անցնում է 100 մլն դրամից, սակայն վերջնական գումարի չափը պարզվում է։
ՓԼՈՒԶՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ օգոստոսի 31-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երեւանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 33 շենքի նկուղային հարկի պատը. կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։