ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հիմնադրած menu.am ընկերությունը եւս 400 դրամով թանկացնում է առաքման ծառայությունը։ Որպես հիմնավորում՝ նշվում է գերբեռնվածությունը։ Նկատենք՝ տաքսի ծառայությունների թանկացումը եւս կապվում էր գերբեռնվածության հետ։ Այսինքն՝ այս պատճառաբանությամբ կարող է թանկանալ ամեն ինչ։ Ուշագրավ է, որ այսպես է վարվում հենց ՀՀ էկոնոմիկայի նախարարի հիմնադրած ընկերությունը: Ընդ որում՝ նա, մի կողմից, խոսում է երկրի տնտեսական աճի, տնտեսության հիանալի վիճակի մասին, սակայն, մյուս կողմից, թանկացնում է ծառայությունը՝ անհեթեթ պատճառաբանությամբ: Նկատենք, որ սննդի առաքմամբ զբաղվող այս ընկերության պարագայում առաքման ծառայության արժեքները տատանվում են, եւ երբեմն ծառայությունը կարող էր արժենալ անգամ 1000 դրամ, իսկ այժմ այն ավելանում է եւս 400 դրամով։ Ստացվում է` քաղաքացիների կյանքը թեթեւացնելու փոխարեն՝ անձնական բիզնեսի օրինակով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարվածում է մարդկանց գրպանին։
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղն այդպես էլ չի լրացվել: Բանն այն է, որ դեռեւս այս տարվա մայիսի 25-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այդ ժամանակահատվածը, սակայն, համընկավ արտահերթ ընտրությունների քարոզարշավի, ապա ընտրությունների հետ, եւ խորհրդարանը, այսպես ասած, ժամանակ չուներ այս հարցը քննարկելու: Ստացվում է՝ չորս ամիս է՝ դատավոր այդպես էլ չի ընտրվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցն արդեն ընգրկված է ութերորդ գումարման խորհրդարանի նախագծերի թվում եւ առաջիկայում կքննարկվի նորընտիր Ազգային ժողովի կողմից: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ չնայած այս հարցը այդպես էլ չի քննարկվել, թեկնածուներն էլ չէին հասցրել հանդիպել պատգամավորներին, սակայն իշխանություններն արդեն որոշում ունեն, եւ այս պաշտոնում կընտրվի Հովսեփ Բեդեւյանը: Հավելենք, որ նա նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետի մոտ մասնակցել էր դատական ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը քննադատվել էր համակարգի շատ ներկայացուցիչների կողմից, որոնք համարում էին, որ այդպիսով գործադիրն իր մասնակցությունն է ունենում դատական իշխանության գործերին:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Քննչական կոմիտեում իրականացված փոփոխությունների պատճառներից: Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն փոխեց ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչության պետին, եւ նոր պետ նշանակվեց Արման Բաղդասարյանը: Փոխվել էին նաեւ Սյունիքի եւ Լոռու մարզի քննչական վարչության պետերը: Պարզվում է՝ քննչական պետերի փոփոխությունը բավականին խորը արմատներ ունի: Բանն այն է, որ կոմիտեն այս փոփոխությանը գնացել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ վարչության պետերը ու, առհասարակ, քննիչները կաշկադված են վերջին շրջանում մարզերում կոնկրետ քրեական գործերով քայլեր իրականացնել, ուստի մարզի քննչական վարչության պետեր են նշանակել այնպիսի անձանց, որոնք մարզի հետ կապ չունեն ու, առանց Երեւանի քննիչներից օգնություն խնդրելու, կարող են մարզում կազմակերպել լուրջ օպերացիաներ:
Կառավարությունը չի կատարում Սահմանադրական դատարանի որոշումը: Բանն այն է, որ այս տարվա օգոստոսի 19-ին եւ 20-ին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել 37 համայնքի միավորման նախագիծ: Այդ նախագծերը մեկ անգամ արդեն քննարկման էին դրվել 2020թ. դեկտեմբերին, եւ քվեարկողների բացարձակ մեծամասնությունը՝ 93%-ը, դեմ էր քվեարկել նախագծերին: Այժմ եւս քվեարկածների կեսից ավելին դեմ է ներկայացված նախագծերին: Նկատենք, որ կառավարությունը մտադիր չէ տեղական հանրաքվե իրականացնել ընտրություններից առաջ, որպեսզի իմանա միավորվող համայնքների վերաբերյալ բնակչության կարծիքը: Հիմնավորման մեջ միայն նշված է, որ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ (նաեւ բնակիչների հետ «Town Hall» ձեւաչափով) համայնքային ժողովներ են կազմակերպվել, որոնց արդյունքներով մշակվել են համայնքների միավորման նախագծերը: Առկա է, սակայն, Սահմանադրական դատարանի որոշում՝ Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր եւ Նոր Հաճն համայնքների ղեկավարների դիմումի հիման վրա, երբ Սահմանադրական դատարանը 2021թ. մայիսի 14-ին որոշել էր, որ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կառուցակարգեր եւ ընթացակարգեր պետք է նախատեսվեն: Կառավարությունը, սակայն, փաստացի չի կատարում ՍԴ-ի որոշումը: