Արցախի «Արդարություն» խմբակցությունը երեկ չի մասնակցել ԱԺ հատուկ նիստին: Նրանք հայտարարություն էին տարածել՝ ասելով, որ անընդունելի են համարում մասնակցել խորհրդարանական նիստի, որը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, չի կարող համարվել հատուկ նիստ, որտեղ չես կարողանալու քո դիրքորոշումը արտահայտել, ուստի Արցախի «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցելու այս նիստին: Այս հայտարարության առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:
-Տիկի՛ն Հակոբյան, խմբակցությունում եւ կուսակցությունում միաձա՞յն է ընդունվել այդ որոշումը:
-Այո, սա քանի որ խմբակցության հայտարարությունն էր, մենք մեր գործադիր մարմնի հետ ենք քննարկում կատարել, եւ իրենք միանշանակ համաձայն են: Սա խմբակցության դիրքորոշումն է նաեւ: Դեպքերը սկսեցին զարգանալ՝ նախորդ օրվանից սկսած, եւ ՔՊ-ն կարողացավ այնպիսի օրակարգ թելադրել, որ մենք բոյկոտեցինք նիստը եւ չմասնակցեցինք, իհարկե բխող հետեւանքներ անպայման կլինեն:
-Ի՞նչ օրակարգ, մի փոքր կմանրամասնե՞ք՝ խնդիրը որն է եղել:
-Նախ ամեն ինչ սկսվեց նախորդ օրը, երբ ՔՊ-ն այստեղ տիրոջ իրավունքով էր իրեն պահում: 30 տարի այսպիսի բան չէր եղել, երբեւէ Հայաստանի իշխանություններն այստեղ օրակարգ չէին թելադրում եւ իրենց հրամայողի կարգավիճակում չէին պահում: Սա առաջին դեպքն էր, մինչ այս եղբայրական, գործընկերային հարաբերություններ էին, իսկ այս անգամ ՔՊ-ի կիսագրագետ ինչ-որ երիտասարդ, անհայտ կրթությամբ մարդիկ եկել են Արցախ եւ ինչ-որ բան են թելադրում: Ինչպես իրենք պահում են ՀՀ Ազգային ժողովում, նույն օրակարգը բերեցին Արցախ: Իրենք որոշում էին, որ իրենց խմբակցությունից յոթ հոգի էին եկել, ապա պետք է համամասնություն պահվի, եւ երեք հոգի մասնակցի «Հայաստան» խմբակցությունից եւ մեկ հոգի՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, այն դեպքում, որ ընդդիմադիր խմբակցություններն ավելի մեծ պատվիրակությամբ էին եկել: Նաեւ ճաշկերույթ եղավ, որին մենք չմասնակցեցինք, եւ չմասնակցեց նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Հետո իշխանական թեւը մեծահոգի գտնվեց եւ թույլ տվեց, որ ընդդիմադիր պատգամավորներն ամբողջ կազմով մասնակցեն նիստին, բայց զրկեցին մեզ ձայնի իրավունքից, այսինքն՝ թույլ չեն տալիս, որ մենք եւս ելույթ ունենանք: Ըստ մեր ունեցած տեղեկատվության՝ ՔՊ-ն գերադասել է, որ ընդդիմությունն Արցախում հանկարծ չխոսի, եւ այդ պատճառով Արցախում կատարեցին իրենց «շեֆերի» հրահանգը: Սա Արցախի Հանրապետության 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում էր, եւ այստեղի իշխանությունները եւս մեկ անգամ փաստեցին, որ իրենք կամակատար են:
– Առաջին անգամ Հայաստանը ներկայացված է ԱԺ փոխնախագահի կարգավիճակով, չեն լինելու ՀՀ նախագահը, ԱԺ նախագահն ու ՀՀ վարչապետը: Այս մասով ի՞նչ դիրքրոոշում ունեք:
-Սա աննախադեպ է բնականաբար, որովհետեւ 30 տարիները որ նշվել են Արցախում, մեծ ցնծություն է եղել, հրավառություն, համերգ, այն, ինչ հնարավոր է պատկերացնել, եւ ամբողջ ազգը հավաքվում էր այդ փոքր հողակտորի վրա: Այս անգամ առաջին անգամ է, որ Արցախը՝ սգավոր, գլխիկոր, չի տոնելու, սակայն լինելու են միջոցառումներ, քանի որ այս տոնը մեր հպարտությունն է եղել, եւ պետք է լինեն հիշատակման արարողություններ, այցելություններ հերոսների շիրիմներին: Բայց, բնականաբար, Հայաստանի իշխանություններից լինել չէին կարող, քանի որ վստահ եմ՝ նրանք չգիտեն՝ ինչ օր է, նրանց համար փակ է, չկա Արցախի հարցը: Ալեն Սիմոնյանի մասով տեղեկացա, որ ինքն ավելի լուրջ գործեր ուներ եւ չէր կարող գալ Արցախ: Իսկ Նիկոլ Փաշինյանը երբեւէ այլեւս ոտք չի դնի Արցախ, չի լինելու Արցախում, քանի որ ոչ ոք չի կարող նրա անվտանգությունը ապահովել: Նրա համար Արցախը փակ է:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր Մանե Թանդիլյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արմինե Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար։ Մանե Թանդիլյանը նախարար էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 2-ին՝ հանդիսավորությամբ հայտնելով այդ մասին: Մինչ այդ՝ օգոստոսին, Մանե Թանդիլյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը եւ հեռացել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ու կուսակցությունից: Ապա Մանե Թանդիլյանը տարբեր հարցազրույցներով հանդես եկավ՝ պարզաբանելով, թե ինչու է նման որոշում կայացրել: Նա նշել էր, որ ոչ թե նախարար դառնալու առաջարկ է ստացել, այլ ինքն է առաջարկել աշխատել, գիտելիքն ու հմտություններս ծառայեցնել արցախցուն։ Արցախում այժմ պաշտոններ չկան, դրանք ծառայություններ են։ Արցախը հենց ծառայող նվիրյալների կարիք ունի։ Սակայն, փաստորեն, այս նշանակումից դեռ մեկ տարի էր չանցած՝ Մանե Թանդիլյանը թողնում է իր պաշտոնը: Ստացվում է՝ որպես նվիրյալ նրա ծառայությունը մեկ տարի էլ չտեւեց:
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էրիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 04:49-ին, Երեւան քաղաքի Սայաթ-Նովա 40-80/81 հասցեում գործող, շինություն հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակից կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն: Մեզ հայտնի դարձավ, որ Էրիկ Գրիգորյանի համար խափանման միջոց չի ընտրվել, այլ նրան հանձնել են հատուկ հսկողության:
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ԷՐ
Սեպտեմբերի 1-ին` ուսումնական առաջին օրվան ընդառաջ, Երեւան քաղաքում կատվածահար է եղել երթեւեկությունը: Երեւանի կենտրոնում պարեկային ծառայության աշխատակիցները չեն կարողանում կարգի հրավիրել Երեւանի կենտրոնում երթեւեկությունը: ArmLur.am-ը պարեկային ծառայության աշխատակիցներից հեաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված, որ ուսումնական տարվա առաջին օրը երթեեկությունը Երեւանի կոնտրոնում կանոնակարգված չէ, եւ կենտրոնի լուսացույցների զգալի մասը չի աշխատում, վարորդները հայտնվել են խցանումների մեջ: Իսկ ի՞նչ բացատրություն է տալիս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Մեզ հետ զրույցում ընկերությունից հայտնեցին, որ Երեւանի կենտրոնում էլեկտրամատակարարումը դադարեցվել է վթարի հետեւանքով: Ասել է թե՝ սեպտեմբերի 1-ի տոնական օրով վթարը կաթվածահար իրավիճակ է ստեղծել Երեւանի կոնտրոնում:
ՄԱՆԱԽԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
Արթուր Այվազյանը, որն առավել հայտնի է Մանախ անունով, 2019 թվականին միջադեպ էր ունեցել ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Աժ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, սակայն նա համաներման արդյունքում ազատվեց պատժից: Ըստ էության, իշխանությունները չթողեցին, որ նա այդքան հեշտ ու հանգիստ ազատվի այդ ամեն ինչից, ու նրան հերթական անգամ հասցրել են դատարան:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զորահավաքային զորակոչի միջոցով, ինչպես նաեւ կամավորական հիմունքներով ընդգրկված չլինելով Տեղ համայնքի սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանական ջոկատներում եւ այդ տարածքներում ՀՀ սահմանների պաշտպանությունն իրականացնող պետական իրավասու որեւէ ստորաբաժանման կազմում, նման մտադրությունն օրենքով սահմանված կարգով իրացնելու փոխարեն՝ Կարապետ Զավենի Առաքելյանի, Արտակ Զավենի Առաքելյանի, Գրիգոր Նորիկի Ղահրամանյանի, Գեղամ Հովհաննեսի Վարդանյանի, Արթուր Սարգսի Մարգարյանի, Կարեն Սերգեյի Իսրայելյանի եւ Սերգեյ Անդրանիկի Մարությանի հետ 2021թ. մայիսի 14-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին՝ Տեղ համայնքի Տեղ բնակավայրի Արցախի փողոցի հատվածում` երթեւեկելի մասում կանգնելով, մեքենաներ կայանելով, փակել են ավտոճանապարհը՝ կաթվածահար անելով, խաթարելով բնականոն երթեւեկությունը, ինչից հետո հասարակական վայր հանդիսացող նույն ավտոճանապարհին հայհոյախառն արտահայտություններով, աղմուկ-աղաղակով շուրջ 30 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հանրության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, այն է` արհամարհելով սահմանամերձ բնակավայրի բնակիչների` իրենց անվտանգության նկատմամբ ունեցած փխրուն տրամադրությունները, «Քո գյուղի պաշտպանը ես եմ, ես Մանախն եմ» բովանդակությամբ խոսքերով սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված՝ դյուրագրգիռ պահվածքով, հակահասարակական նշված պոռթկմանը հագուրդ տալու նպատակով հակադրվել է նրա ներկայությունը չհանդուրժող բնակիչների` ճանապարհը բացելու եւ գյուղից հեռանալու պահանջներին, փոխարենը սկել է քաշքշել հակաիրավական գործողությունները խափանող անձանց, որով հավաքվածների, այդ թվում` կանանց ու երեխաների մեջ առաջացրել է զայրույթ, վրդովմունք, տագնապ:
Ի դեպ, Արթուր Այվազյանը 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ահաբեկչության գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար:
Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆ