Ո՞Վ Է ՔՆՆԵԼՈՒ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանի գործը դատարանում է. այն մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները եւ կատարել է պաշտոնեական կեղծիք։

 

Մեղրու քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու եւ Մեղրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին ՀՀ կառավարության որոշման 1-ին մասով հաստատվել է Մեղրու քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն N 1 եւ 2 հավելվածների: Նույն որոշման 2-րդ մասով, համաձայն 3, 4, 5 եւ 6 հավելվածների, Մեղրու քաղաքային համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են համապատասխան հողատարածքները եւ ջրային հողերը, իսկ 3-րդ մասով սահմանվել է, որ Մեղրու քաղաքային համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1947.83 հեկտար հողերից 86.46 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ: 6-րդ հավելվածում նշված ջրային հողերի կազմում է եղել 750-019 ծածկագրով 3,07 հա մակերեսով լիճը, եւ նշում է կատարվել դրա՝ մասնավորեցման ենթակա չլինելու մասին:

Կառավարության 19 հունվարի 2006 թվականի N 36-Ն որոշմամբ՝ հաստատվել է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, որում նշում է կատարվել լճի մասին, իսկ դրան հարակից 2,01 հա մակերեսով տարածքը նշվել է որպես արգելոց, այսինքն՝ կանաչապատ գոտի, որոնք հանդիսանում են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ եւ 11-րդ կետով սահմանված բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր, ինչպես նաեւ ջրային օբյեկտների եւ ավազանների առափնյա շերտերի եւ միջպետական ավտոճանապարհի պահպանական շերտերի հողեր եւ ենթակա չեն մասնավորեցման:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի համաձայն.

1-ին մաս. «Համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է սույն օրենքով եւ այլ օրենքներով պարտադիր մշակման ենթակա քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) երկու փաստաթղթերով` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով եւ քաղաքաշինական գոտիավորման նախագծով»:

2-րդ մաս. «Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ) համայնքի տարածական զարգացման հիմնադրույթներն ամրագրող ռազմավարական բնույթի փաստաթուղթ է, որը հիմնական (բազային) գոտիավորմամբ սահմանում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի նպատակային եւ գործառնական նշանակությունը, դրանց օգտագործման ռեժիմներն ու պարտադիր պահանջները, ինչպես նաեւ տարածքների կառուցապատման առաջնահերթ, միջնաժամկետ եւ հեռանկարային փուլերը` քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը կանոնակարգելու եւ արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով»:

9-րդ մաս. ունենալով հաստատված գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերը՝ համայնքի ղեկավարը իրավունք է ստանում փոփոխելու հողամասերի նպատակային նշանակությունը՝ գլխավոր հատակագծով սահմանված ծավալով ու փուլերով:

30-րդ մաս. «Գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի իրագործումն ապահովում է համայնքի ղեկավարը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Համայնքի ղեկավարը կազմում եւ վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը, որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման եւ շինարարության թույլտվությունները, ինչպես նաեւ գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի փոփոխությունները»:

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, պարտավոր լինելով հետեւել, որպեսզի վարձակալությամբ տրամադրված հողատարածքն օգտագործվի նպատակային նշանակությամբ, ինչպես նաեւ պարտավոր լինելով կասեցնել եւ կանխարգելել առանց թույլտվության հիմնական եւ ոչ հիմնական շինությունների կառուցումը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, այլ, փոխարենը, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է այդ հողատարածքը սեփականությամբ իր մտերիմ Ռոլանդ Գեւորգյանին օտարելու գործընթաց։

Ն. Պ.

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 25-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 6-ին 25-ամյա երիտասարդը պատահական հանդիպել է համագյուղացուն եւ վերջինիս ընկերոջը: Անձնական հարցերի շուրջ զրուցելու նպատակով նրանք համագյուղացու մեքենայով միասին գնացել են Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղի սկզբնամասում գտնվող, դեպի դաշտեր տանող հատված: Ավտոմեքենայի մեջ տեղի ունեցած զրույցի ընթացքում համագյուղացիները միմյանց չեն հասկացել եւ հասնելով հիշյալ վայր՝ վերջիններիս միջեւ  վիճաբանություն է ծագել, որի ժամանակ 25-ամյա երիտասարդն իր մոտ պահած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է համագյուղացուն՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ

«Եթե Դատախազության համար գերակայող լիներ իրավունքը, հումանիստական վարքագիծը, որը գրված է օրենքով, ապա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցով անհապաղ դատական նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես կգար»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։ «Եվ այս պայմաններում դեռ չենք լսել Դատախազության կողմից որեւէ գործողության մասին, չենք լսել, օրինակ՝ անհապաղ դատական նիստ է հրավիրվում. սա լուրջ խնդիր է։ Այս ամենը քաղաքական վրեժխնդրություն է, սա զուտ խոշտանգում չէ, սա մարդու կյանքի իրավունքի ոտնահարում է։ Պետք է կալանքն անհապաղ վերացվի։ Դատախազներն այստեղ շահագրգռված չեն իրավունքով, արդարության սկզբունքով»,- նշեց պատգամավորը։

«Կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտմամբ Վերաքննիչ քրեական դատարանի փաստացի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կողմից։ Այն, որ պարոն Չարչյանն ուներ առողջական խնդիրներ, բոլորին էր հայտնի՝ թե՛ իրավապահներին, թե՛ դատախազին, թե՛ դատարանին։ Չնայած պատգամավորի անձեռնմխելիությանը, դրսեւորած պատշաճ վարքագծին, առողջական խնդիրներին՝ կալանավորումն ընտրեցին որպես խափանման միջոց։ Փաստն այն է, որ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է»։ Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

 

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչ, հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված, 1989թ. ծնված Ա.Մ.-ն կորած անասուններին որոնելու ընթացքում մոլորվելու հետեւանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, որից ժամեր անց խաղաղապահ ուժերի միջամտությամբ վերադարձվել էր արցախյան կողմին: Ըստ Արցախի դատախազության՝ դեպքի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացված դատավարական ստուգման շրջանակում նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ փաստվել է քաղաքացի Ա.Մ.-ի ծոծրակային, ճակատաքունքային մասերում, դեմքին, քթի մեջքի ու ականջախեցիների, աջ բազկի, ձախ արմնկային հոդի, աջ նախաբազկի, կրծքավանդակի աջ կեսի կողմնային հատվածում, աջ թուլակողի, ձախ սրունքի շրջաններում դեպքի հանգամանքներին ու վաղեմությանը համընկնող բազմաթիվ մարմնական վնասվածքների առկայությունը: Փաստի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից 26.08.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խոշտանգում, որը կատարվել է ազգային ատելության շարժառիթով): Կատարվում է հետաքննություն:

 

 

ՄԻԱԿ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՍՅՈՒՆԻՔՆ Է

ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է. «Նախօրեին ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ այցելեցինք կալանքի տակ գտնվող մեր գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին եւ Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Պետք է ընդգծեմ, որ երկու պատգամավորներն էլ ընկճված չէին, ֆիզիկապես առողջ էին, իսկ խոսակցություններից պարզվեց՝ ակտիվ հետեւում էին ներքաղաքական զարգացումներին եւ մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին:

Արթուր Սարգսյանը վստահեցրեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է։ Մեր գործընկերոջ միակ անհանգստությունը Սյունիքի գլխին կախված վտանգներն էին, որոնց տարբեր դրսեւորումներին ականատես ենք լինում:

Մխիթար Զաքարյանը եւս հետաքրքրված էր ու մտահոգ Սյունիքի անվտանգության թեմաներով, մեր զրույցի ընթացքում անընդհատ հարցնում էր՝ Սյունիքի մասով ինչ նորություն կա, ինչ ապագա է սպասվում: Վստահեցրեց, որ այսօր բոլորի, բոլոր հայերի համար դա պետք է լինի մտահոգիչ, իսկ մնացած խնդիրները հաղթահարելի են։ Իսկ երբ հետաքրքրվեցինք 44-օրյա պատերազմի ընթացքում նրա ստացած վնասվածքներից, Մխիթար Զաքարյանը պատմեց, որ ձեռքը կրկին վիրահատելու անհրաժեշտություն կա. երկաթները պետք է հանվեն մարմնից:

Ես տեղում ՔԿՀ ղեկավարությունից հետաքրքրվեցի, թե ինչ քայլեր են անում Զաքարյանի վիրահատությունը կազմակերպելու համար, եւ ինձ հավաստիացրին, որ վիրահատությունն առաջիկայում կկազմակերպվի, եւ որ հարցը փաստաթղթերի հավաքագրման փուլում է: Այս հարցում հետեւողական եմ լինելու:

Հետաքրքրական է, որ մեր գործընկերների առաջնային եւ գլխավոր մտահոգությունը մեր Սյունիքն է՝ մեր երկրի ողնաշարը, որի անվտանգության մասին մտածում են բոլոր դեպքերում՝ նույնիսկ գտնվելով կալանքի տակ»:




Լրահոս