Այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա համեմատ, զբոսաշրջիկների թիվը նվազել է 22,2 %-ով։ Նշված ժամանակահատվածում Հայաստան է այցելել 239 263 զբոսաշրջիկ։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 307 590 էր։ Մարտ ամսին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծիք հայտնեց, որ այս տարի զբոսաշրջությունը կաճի 319 %-ով։
Հայաստան չայցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ նշանակում է Հայաստան չմտած գումար, իսկ զբոսաշրջիկները Հայաստանում օրական ծախսում են միջինը 80 դոլար. նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Ըստ տնտեսագետի՝ զբոսաշրջության տեմպերի նման աճ կանխատեսելիս նախարարը հավանաբար հույս է ունեցել, որ նախորդ՝ համավարակային տարվա զրոյական ցուցանիշի համեմատ՝ աճ կգրանցենք։
«Երբ Դուք հայտարարում եք 319 տոկոս աճի մասին, եւ ներկայումս ունենք 22.2 % նվազում, ակնհայտ է, որ սա ընդամենը կեղծ օրակարգ էր, որը նետվեց հանրության մոտ դրական սպասումներ առաջացնելու համար»,- նշեց նա։
Իսկ, ահա, Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համարում է, որ ցուցանիշներն, իհարկե, շատ հեռու են դրական համարվելուց, սակայն բացասական էլ չեն։ Նա հիշեցնում է՝ պետք է հաշվի առնել, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ նախքան կորոնավիրուսի սահմանափակումները, մեր կյանքը դեռ բնականոն ընթացքի մեջ էր։
«Անցած տարվա առաջին եռամսյակում, արդեն ճշտված տվյալներով, ունեցել ենք 307000 ներգնա զբոսաշրջություն, որն ավելի պակաս է, քան 2019 թվականինն էր, իհարկե։ Այդ թվականին մոտավորապես 364 հազար է եղել։ Այսինքն՝ անցած տարվա առաջին կիսամյակի տվյալը հենց առաջին եռամսյակի տվյալ է, որովհետեւ երկրորդ եռամսյակում 2020 թվականին զրոյական ցուցանիշ ենք ունեցել»,- ընդգծեց Ապրեսյանը։
Այս տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կազմում մեծ թիվ են կազմում իրանցիները՝ 26338, որը 2,4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Իրանից Հայաստան էր ժամանել ընդամենը 10,925 զբոսաշրջիկ։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն այս ցուցանիշը կապում է Հայաստանում անվճար պատվաստվելու հնարավորության հետ, սակայն միաժամանակ հիշեցնում է, որ հայաստանցիների համար պատվաստումը պարտադիր չէ, եւ դա կարող է վախեցնել եվրոպացիներին։
«Հայաստանում պատվաստված մարդկանց թիվը շատ ավելի փոքր է. սա նշանակում է, որ հնարավոր են նոր համավարակի ալիքներ, եւ եվրոպացիները, որտեղ ավելի մեծ չափով պատվաստումների գործընթաց է տեղի ունենում, խուսափում են այն երկրներից, որտեղ քիչ են պատվաստումները»,- ասաց Սուրեն Պարսյանը։
Անհնար է շրջանցել նաեւ անվտանգության թեման։ Աղետալի պատերազմը եւ դեռեւս անկայուն իրադրությունը նույնպես կարող են զսպել զբոսաշրջությունը։ Օրինակ՝ 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է ժամանել 93537 ռուս զբոսաշրջիկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 121,093 էր։ Նախորդ տարվա համեմատ՝ ցուցանիշը նվազել է 22,8 տոկոսով։ Մասնագետները կարծում են, որ սա հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուսները քաջատեղյակ են Հայաստանի անվտանգային խնդիրներին եւ ապահովության համար հրաժարվում են Հայաստան գալու մտքից։
Մասնագետները կարծում են, որ զբոսաշրջիկների թվի աճի մասին խոսելը դեռ շատ վաղ է։ Էական աճ կարելի է ակնկալել նվազագույնը երկու տարի անց, երբ, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսը նահանջած կլինի, իսկ անվտանգային խնդիրները, հուսանք, լուծված։
Ն. Պ.
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2021թ. օգոստոսի 16-ին որոշում է ընդունել հոկտեմբերի 17-ին Դիլիջան խոշոր համայնքի ավագանու համամասնական կարգով հերթական ընտրություններ նշանակելու մասին։ 2005թ.-ից Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի պաշտոնավարման լիազորությունների ժամկետը այս տարեսկզբին լրացել էր, 2021թ. փետրվարի 26-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ եւ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի միջնորդությամբ՝ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց նախկինում բենզալցակայանի աշխատող, միջին-մասնագիտական կրթությամբ, Դիլիջանի պետական քոլեջն ավարտած, այժմ Հայաստանի Եվրոպական համալսարանում հեռակա սովորող Դավիթ Սարգսյանը։
Դիլիջան ավագանու լիազորությունների ժամկետը եւս լրացել է, Դավիթ Սարգսյանի պաշտոնավարման օրոք Դիլիջան խոշոր համայնքի ավագանու նիստեր չեն կայացել։ Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրվելիք Դիլիջանի ավագանին պետք է Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար ընտրի։ Օգոստոսի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը որոշում է ընդունել հոկտեմբերի 17-ին Դիլիջան համայնքում ավագանու ընտրություններ անցկացնելու համար ընտրական 18 տեղամասեր սահմանելու մասին։ Այդ 18 ընտրական տեղամասերից 10-ը Դիլիջան քաղաքում են, երկուական՝ Հաղարծին եւ Գոշ գյուղերում, մեկական՝ Թեղուտ, Հովք, Խաչարձան եւ Աղավնավանք բնակավայրերում։ Ըստ կառավարությանը ենթակա Վիճակագրության կոմիտեի՝ 2021թ. հունվարի 1-ի դրությամբ Դիլիջան քաղաքն ունեցել է 17 հազար 200, Իջեւան քաղաքը՝ 20 հազար բնակիչ։ Մինչեւ այժմ ընտրությունների ժամանակ Իջեւան քաղաքում սահմանվել, գործել են ընտրական 8 տեղամասեր։ Ուրեմն 20 հազար բնակիչ ունեցող Իջեւան քաղաքում գործում են ընտրական 8 տեղամասեր, իսկ 17 հազար 200 բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքում՝ 10։ Տավուշի մարզի թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովից (տեղակայման վայրը՝ քաղաք Իջեւան) հայտնեցին, որ ընտրական տեղամասերը սահմանվում են տարածքային ընտրական հանձնաժողովների, տվյալ համայնքապետարանի եւ անձնագրային բաժինների համագործակցությամբ. դրա սահմանման չափանիշն այն է, որ ընտրական տեղամասի ընտրողների թիվը չպետք է լինի 2000-ից ավել։ Թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովում Դիլիջան քաղաքում ընտրական 10 տեղամաս սահմանելը բացատրեցին Դիլիջան քաղաքի տարածքի մեծությամբ, փռվածությամբ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) եւ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի առաջին եւ ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը` «Էյր Արաբիա» ընկերությունը, հայտարարեցին, որ համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր ազգային ավիաընկերությունը կանվանվի «Fly Arna» («Ֆլայ Արնա»): Ավելի քան 800 մասնակից ԱՆԻՖ-ի սոցիալական ցանցերում եւ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով առաջարկել է 500 անուն նոր ավիաընկերության համար: Fly Arna-ն գործելու է որպես բյուջետային ուղեւորատար ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Առաջիկա շաբաթների ընթացքում ընկերությունը կդիմի օդանավ շահագործողի վկայականի (AOC) ստացման համար: «ԱՆԻՖ»-ը եւ «Էյր Արաբիա»-ն հայտարարել էին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին 2021 թվականի հուլիսին:
«ԱՆԻՖ»-ը հիմնադրվել է 2019 թվականին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման խթանման եւ Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ «ԱՆԻՖ»-ի գործունեությունը միտված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, Հայաստանում ռազմավարական կարեւորության ակտիվների պորտֆելի կառավարմանը։
ՆԱԽԱԳԻԾԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է
Սեպտեմբերի 1-ին կառավարության նախագիծ է հրապարակվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, ըստ որի՝ գազաբալոնային ավտոմեքենաների շահագործման անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը, վկայագրմանը, դրանք կատարող կազմակերպություններին, արտադրական բազաներին եւ ինժեներաբանվորական անձնակազմերին ներկայացվող պահանջները: «Նախագիծը սահմանում է, որ ավտոմեքենաներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը պետք է ունենա փական, որը կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման համակարգից:
Շահագործվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման։ Պարբերական վկայագրումը կատարվելու է հետեւյալ պարբերականությամբ` լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնները` երեք տարին մեկ անգամ, եթե առկա է արտադրողի՝ պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ, հակառակ դեպքում` երկու տարին մեկ անգամ:
Նախատեսվում է նաեւ ձեւավորել էլեկտրոնային շտեմարան, որտեղ կլրացվեն գազաբալոնների տեղադրման մասին տվյալները»,- ասվում է հաղորդագրությա մեջ: