ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

 

Երեկ Երեւան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը։ Գյուղացիները ճանապարհը փակել էին, քանի որ խնդիրներ են ունեցել խաղողի մթերման հետ կապված։ Արարատի մարզպետարանից խոստացել են, որ խնդրին կծանոթանան, որից հետո բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհը բացել են՝ ասելով, որ եթե մարզպետարանն ու կառավարությունը իրենց խնդրին լուծում չտան, այս անգամ երկար ժամանակով են փակելու ճանապարհը։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով են արտահանվում մշակութային արժեքներն ու մշակութային նշանակության առարկաները Հայաստանի Հանրապետությունից:

Ամալյա Սահակյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Մինչեւ 50 տարվա վաղեմության առարկաների /բացառությամբ ՀՀ կառավարության 2005 թ. օգոստոսի 25-ի թիվ 1348-Ա որոշմամբ հաստատված վերջին 50 տարում մահացած հեղինակների/ արտահանումն իրականացվում է պարզեցված կարգով. եթե այդ առարկաները թվագիր են, եւ առկա է հեղինակի ստորագրությունը, ապա կարելի է արտահանել առանց գործակալության թույլտվության՝ անմիջապես մաքսակետերից: Քաղաքացու ցանկությամբ գործակալությունը կարող է կատարել արտահանման թույլտվության ձեւակերպում, եթե ներկայացվում է արտահանվող առարկան եւ դրա 3 օրինակ գունավոր, 10*15 չափսի լուսանկարը:

Մշակութային նշանակության առարկաների թույլտվությունը տրվում է վավերացված լուսանկարի միջոցով, եւ այդ ծառայությունն անվճար է: Մինչեւ 50 տարի վաղեմության առարկաները, եթե արտահանվում են փոստային առաքմամբ կամ ցամաքային տարանցիկ ճանապարհով, ապա գործակալության կողմից տրված թույլտվությունը պարտադիր է: Իսկ Եվրասիական տնտեսական միության /ԵՏՄ/ անդամ երկրներ մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարակաների արտահանումը կարելի է՝ անկախ վերջիններիս տարիքից, առանց որեւէ սահմանափակման եւ թույլատրող փաստաթղթի: ՀՀ-ից մշակութային արժեքներ կամ մշակութային նշանակության առարկաներ ԵՏՄ անդամ երկրների տարածքով 3-րդ երկիր արտահանելիս համապատասխան ձեւակերպումները պարտադիր են:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 1-ի N 827-Ն որոշման պահանջների համաձայն:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Կենսաթոշակի անցնելու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Իրինա Մելքոնյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կենսաթոշակ նշանակող մարմին: Այսպես, տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`

1) դիմումը,

2) անձը հաստատող փաստաթուղթը,

3) հանրային ծառայությունների համարանիշը,

4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),

5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորագրեր) կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների,

6) լուuանկար (4 x 6 uմ չափի):

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

 




Լրահոս