ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երեւանի հետ` բարիդրացիության եւ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Ռեջեփ Էրդողանն այս մասին ասել է Չեռնոգորիայում, երբ լրագրողը հետաքրքրվել է` ինչպես է Անկարան արձագանքում Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությանը, թե Երեւանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից եւ համապատասխանաբար կարձագանքի:

 

Ի պատասխան` Էրդողանը հույս է հայտնել, թե Հայաստանի նոր կառավարության գործունեությունն օգտակար կլինի տարածաշրջանի համար: «Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների եւ ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչման վրա», – ասել է Էրդողանը:

Նշելով, որ նորագույն պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, եւ որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն կայուն խաղաղության եւ համակեցության համար, Էրդողանն ասել է. «Եթե Երեւանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ։ Ժամանակն է կայունությունը եւ խաղաղությունը դարձնել մշտական, եւ պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության համար»:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ նման դիրքորոշում ունի նաեւ Ադրբեջանը, ու պնդել, թե Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար: «Ինչպես եւ համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են լավ օգտագործել այս պատմական հնարավորությունը»:

«Թուրքիան երկկողմ եւ բազմակողմ դիվանագիտական բանակցություններ է վարել` տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար», – ասել է Էրդողանը՝ հավելելով` ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավմանը: Զախարովան այս մասին ասել է ճեպազրույցի ընթացքում:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ Մոսկվան դրական ազդակներ է տեսնում երկրների միջեւ:

«Մենք արձանագրել ենք վերջերս դրական ազդակների փոխանակում Երեւանի եւ Անկարայի միջեւ.  նկատի ունեմ՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ մենք դրանք տեսել եւ հաշվի ենք առել: Մենք հիմա էլ ենք պատրաստ ամեն կերպ նպաստել երկու հարեւան պետությունների մերձեցմանը՝ հիմնված փոխադարձ հարգանք վրա եւ հաշվի առնելով միմյանց շահերը», – ասել է Զախարովան:

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկին, որը վերաբերում է, այսպես կոչված, «Վեցյակի հարթակին»: Զախարովայի խոսքով՝ «Վեցյակի հարթակը» (Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ խորհրդակցական տարածաշրջանային մեխանիզմի գործարկման գաղափար) կհամապատասխանի իր բոլոր պոտենցիալ մասնակիցների շահերին, կարող է նպաստել խաղաղության, վստահության ամրապնդմանը, կհանգեցնի Հարավային Կովկասում տնտեսական գործընթացների եւ համագործակցության խթանմանը:

Ն.Պ.

 

 

ԲՈՂՈՔ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ

Երեկ տեղահանված քաշաթաղցիները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են իրենց կորցրած տների փոխհատուցում, քանի որ տան վարձավճարները թանկացել են, իսկ պետության տված գումարը չի բավականացնում։ «Առաջնահերթ խնդիր է տեղահանված բնակիչների բնակարանների հարցերի լուծումը, հետո կորցրած այգիների, մեքենաների փոխհատուցման հարցը։ Ինչպես մեզ, այնպես էլ, օրինակ, Աբովյանում վատթար պայմաններում ապրող 20 ընտանիքի տան տերերը  ժամանակ են տվել, որ ազատեն։ Ոչ ոք Երեւանում տուն չի ուզում, պատրաստ են մարզերում ապրել, միայն թե իրենց բնակարանը լինի, որ դրսում չհայտնվեն։ Մոտ 10 հազար բնակիչ է տեղահանվել Քաշաթաղից, եթե չեմ սխալվում, մոտ 40 երիտասարդ ընտանիք Արցախի գյուղեր է տեղափոխվել»,- ասում է  ակցիայի մասնակիցներից մեկը։ Բնակչի խոսքով՝ իրականացնում են ստորագրահավաք կառավարությանը ներկայացնելու համար։ Ակցիայի մասնակիցները ընդգծում էին, որ Արցախում իրենց այնպիսի հատվածներում են տներ առաջարկվում, որոնք թշնամու ուղիղ դիտակետում են, իրենց  անվտանգության երաշխիքներ չեն տրվում։ Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց՝ պետությունը 68 հազար դրամ օգնություն էր տալիս, որը վերացվել է, 30 հազար դրամ էլ հյուրընկալության համար է տրվել, որը հիմա մի մասին տալիս են, մյուս մասին՝ ոչ՝ տարբեր պատրվակներով:

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՆՈՒԹՈՒՄ

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետում դանակահարված քաղաքացիներ կան։ Ոստիկանները նշված վայրից 2 երիտասարդ տղաների, որոնց վրա կային արնանման հետքեր, տեղափոխեցին հիվանդանոց՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների։  Խանութի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր։  Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այդ 2 քաղաքացիների եւ խանութի աշխատակցի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետեւ վերածվել է ծեծկռտուքի, ինչին էլ հաջորդել են դանակահարությունները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

 

 

ԱԶԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Վարչապետի որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանն ազատվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Կառավարությունը որոշել է ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում նշանակել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանին եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Համազասպ Թորոսյանին:

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ

2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակվել են Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջեւան համայնքներում անցկացնել համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ: Այս երեք համայնքներում ընտրություններ կազմակերպելու համար նախատեսվում է ոստիկանությանը հատկացնել 25 249 000 դրամ: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների անցկացման երեք օր է սահմանել՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 եւ լրացուցիչ դեկտեմբերի 5: Գործընթացն արդեն մեկնարկել է, տեղի են ունենում քննարկումներ, հանդիպումներ համայնքների բնակիչների հետ:

 

 

ԳՐՔԵՐԸ՝ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՈՎ

Հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը: 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար, յուրաքանչյուր տարվա համար վարձավճարները սահմանված են 280-550 դրամի չափով` ըստ դասարանների եւ առարկաների:

 

 

ՉԻ ՄԻՋԱՄՏՈՒՄ

Ամբողջ աշխարհում պարենի գները բարձրացել են, թանկացել են նաեւ բեռնափոխադրումները, թանկացումներ են եղել նաեւ բենզինի եւ նավթամթերքի շուկայում: Այս մասին ասել է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զբաղվում է շուկաներում մրցակցության պաշտպանությամբ եւ ոչ թե գների կարգավորման հարցով: ՏՄՊՊՀ-ն կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ շուկայում կա գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ, եւ նրա կողմից դեմպինգի կամ գների չհիմնավորված բարձրացման պարագայում մենք կարող ենք ինտերվենցիա ունենալ. մնացած դեպքերում շուկան ինքն է որոշում գինը»,-ասել է նա։

 




Լրահոս