Հայաստան ժամանող քաղաքացիները խիստ զայրացած են. «Զվարթնոց» օդանավակայանում, ինքնաթիռից իջնելուց րոպեներ անց՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները քաղաքացիներին պարտադրում են կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնել հենց օդանավակայանում տեղակայված լաբորատորիաներում:
Լաբորատորանների ընտրանին մեծ է, դրանք տեղակայաված են օդանավակայանի շենքի ներսում, գներն էլ 15000 դրամից սկսած:
Ինչպես ասում են՝ ողջունելի է, որ կառավարությունը, առողջապահության նախարարությունը լուրջ պայքարում են կորոնավիրուսի դեմ, բայց արդյոք այդ պայքարն արդյունավետ է: Իսկ թե ինչպես են այդ աշխատանքները կազմակերպվում, ականատես եղանք հենց օդանավակայանում՝ զրուցելով քաղաքացիների հետ:
Հակահամաճարակային կանոնները գրեթե չեն պահպանվում. քաղաքացիների մի մասն առանց դիմակ է, կամ էլ այն ծնոտի տակ է, սոցիալական հեռավորություն ընդհանրապես չի պահպանվում, երկար հերթեր են, բոլորն իրար կպած կանգնած:
Իսկ այդ մի քանի ժամվա ընթացքում նրանք օդանավակայանից դուրս են գալիս, շփվում հարազատների, ընտանիքի անդամների հետ: Եւ ով իմանա նրանցից քանիսն է վարակակիր եւ քանիսը կարող են վարակել, անգամ՝ վարակվել: Այս ամենը տեսչական մարմնի անարդյունավետ կազմակերպչական թերի աշխատանքի արդյունքում:
Իսկ հիմա խոսենք այդ մասին. մի քանի ժամ օդանավում անցկացրած քաղաքացիները ծանր ճամպրուկներով դուրս են գալիս, որպեսզի շտապեն տուն, սակայն չհասած մուտքի մոտ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները թույլ չեն տալիս՝ կանգնեցնելով նրանց. նրանք, ովքեր չունեն կորոնավիրուսի թեստ կամ պատվաստված չեն, տեսչական մարմնի աշխատողներն ուղարկում են թեստ հանձնելու: Հոգնած քաղաքացիները ստիպված են լինում եւս մի քանի ժամ սպասել լաբորատորիանների առաջ՝ թեստ հանձնելու համար:
Սա դեռ ամենը չէ. պարզվում է, որ լաբորատորիաներից օգտվելու համար տեղադրված հատուկ տերմինալից պետք է քաղաքացին կտրոն քաշի, բայց այնպես չէ, որ կտրոն քաշելուց հետո լաբորատորիայից անմիջապես կանչում են. նա մինչեւ թեստ հանձնելը դեռ պետք է սպասի: Մարդիկ կան, որոնք երկար չսպասելու համար ստիպված են լինում մի քանի լաբորատորիայի կտրոն քաշել, որտեղ ազատ տեղ լինի, այնտեղ կհանձնի:
Բայց նույն սպասողական ու տհաճ պատկերը նաեւ լաբորատորիաների ներսում է. հերթեր, թղթաբանության ապահովում, տվյալների լրացման աշխատանքներ, անձնագրի պատճենահանում եւ այլն:
Ինչեւէ: Այս «փորձությունները» հաղթահարելուց հետո ընտրում ես մի լաբորատորիայի, թեստ հանձնում, որից հետո քեզ թվում է վերջ, ազատվեցիր այդ բռի քաշքշքուկից, գոռոցներից ու մուննաթով սպասարկումից, բայց ոչ, հոգնած փորձում ես տուն գնալ, զբոսաշրջիկները՝ հյուրատներ, եւ ոստիկանները կանգնեցնում են օդանավակայանի շենքի ներսում. պարզվում է՝ դեռ պետք է պարտավորագիր լրացնես, որ տանից դուրս չես գալու մինչև թեստի պատասխան ստանալը: Բնական է, բոլորը չէ, որ դա լրացնում են. մի հոգի ողջ խմբի անունից ստորագրում է պարտավորագիր, որ դուրս չի գա տանից և դուրս են գալիս, նստում տաքսի, գնում տուն: Բայց միեւնույն է՝ եթե կորոնավիրուսով վարակված չես, ապա շատ հավանական է, որ այդ ամբոխի մեջ մեկից կվարակվես: Կամ ով է վերահսկում տանից դուրս եկավ, թե ոչ: Վերահսկող կառույց չկա: Մեկ այլ խնդիր եւս, թեստը հանձնում ես եւ երաշխավորված չէ, որ պատասխանը ճիշտ կգա, քանի որ խառնիփնթոր վիճակ է եւ մեծ է հավանականությունը, որ քո թեստը շփոթեն մեկ այլ քաղաքացու թեստի հետ:
Կարճ ասած՝ սա պայքար չէ, որ կառավարությունը տանում է կոնորավիրուս վարակի դեմ, այլ՝ բիզնես է, որից ահռելի չափերի հասնող շահույթներ ստանում են մի քանի բուժկենտրոններ: Այս ամենի արդյունքում դարձյալ տուժում է շարքային քաղաքացին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան