Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր զարգացումներ՝ Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի գործով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Ի՞նչ է սպասվում Դավիթ Գալստյանին: Բանն այն է, որ Վերաքննիչ դատարանը ազատ էր արձակել Պատրոն Դավոյին, ինչը դատախազությունը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, որն էլ բողոքը ընդունել է վարույթ: Դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են, եւ դեռ ավելին՝ վերջինիս եթե կրկին կալանքի տանեն, ապա նրա հետեւից գնալու են ՊՆ ներկայումս աշխատող մի շարք պաշտոնյաներ՝ ի դեմս ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլ պաշտոնյաների: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ զենքի առուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ազատ արձակումն ամենեւին պատահական չէր: Նա հեղափոխական իշխանությանը բազում ծառայություններ է մատուցել զենքի առքուվաճառքի պետպատվերի շրջանակներում: Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից եւ ազատ արձակվեց մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով:

 

 

 

Ընտրություններից առաջ՝ ակտիվ տեղական ինքակառավարման ընտրություններին ընդառաջ, քաղաքական ուժերը որոշակի քայլեր արդեն անում են: Յուրաքանչյուրը փորձում է հասկանալ՝ որ համայնքում ինչ կարող է անել ու ինչ շանսեր ունի: «ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական ակտիվ պայքարի մեջ է լինելու Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նա,  հնարավոր է, համագործակցի Խաչատուր Քոքոբելյանի հետ ու նրա ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ առաջադրվի: «Քանի դեռ ընտրությունների օրը հայտնի չէ, որեւէ հստակ բան չեմ կարող ասել, քննարկումների մեջ ենք: Բայց, այո, պարոն Քոքոբելյանի հետ մետրիմ հարաբերությունների մեջ ենք, ու չեմ բացառում, որ «Ազատ դեմոկրատների» հետ կարող եմ համագործակցել,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Մամիկոնյանը՝ հավելելով։ -Գործող քաղաքապետ եմ ու, ինչպես ՀՀ ցանկացած այլ քաղաքացի, ես էլ իրավունք ունեմ ու պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին»: Խորհրդարան չանցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որ ՏԻՄ նախորդ ընտրությունների ժամանակ բավական թվով քվեներ էր ստացել Վանաձորում, դեռ որոշում չունի՝ այժմ ինչպես է մասնակցելու: Հայտնի է, որ կուսակցության առաջնորդ Մարուքյանի ծննդավայրը ԼՀԿ-ականների համար «ձայներ բերելու» առաջնային կետն է: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, սակայն, ԼՀԿ-ն ասես խորը թմբիրի մեջ է: «Այս պահին քննարկում ենք մասնակցության հարցը, ձեւաչափը եւ թեկնածուին: Քանի դեռ ժամանակ կա, որոշում չունենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը:

 

 

 

Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ, ՀՀ վարչապետի որոշմամբ, Լիլիա Շուշանյանն ազատվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իրականում Լիլիա Շուշանյանն ու նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը լուրջ տարաձայնություններ ունեն: Ըստ մեր տեղեկությունների՝ երբ որոշում է կայացվել, որ նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանին փոխարինելու է Գնել Սանոսյանը, Շուշանյանը միանգամից ազատման դիմում է գրել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Շուշանյանի ու Սանոսյանի տարաձայնությունները գալիս են Գնել Սանոսյանի՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնի նշանակումից ի վեր: Նշենք, որ Շուշանյանը մոտ երկու տարի համակարգել է ՏԿԵ նախարարի ընդերքօգտագործման ոլորտը, ու հենց այս ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ նախկին փոխնախարարն ու նախկին մարզպետը մշտապես խնդիրներ ու վիճաբանություններ են ունեցել: Շուշանյանը ամեն անգամ փորձել է Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքի հարցերին «խառնվել», իսկ դա դուր չի եկել Սանոսյանին, ինչը դարձել է վիճաբանությունների պատճառ: Հավելենք, որ, ըստ իշխանական մեր աղբյուրների, Գնել Սանոսյանի ղեկավարած ՏԿԵ նախարարությունում առաջիկայում կլինեն նման ազատումներ, քանի որ Սանոսյանի հետ շատ դժվար է լեզու գտնելը: Նշենք, որ Լիլիա Շուշանյանն իր՝ աշխատանքից ազատման դիմումը գրել է օգոստոսի 25-ին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Լիլիա Շուշանյանից, որը հայտարարեց. «Նախարարը շատ բարձր է գնահատել իմ աշխատանքը, իրականությանը չի համապատասխան տեղեկությունը, մնացածի հետ կապված ես գրել եմ, ավելացնելու որեւէ բան չունեմ»:

 

 

 

Հայաստանում շաքարավազի շուկան դարձյալ քաոսային վիճակում է գտնվում. շաքարավազի ոչ միայն գինն է բարձր, այլեւ խանութներ կան՝ շաքարավազ չկա։ «Ժողովուրդ»  օրաթերթն արդեն մի քանի օր է՝ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ վերջին օրերին խանութներում եւ սուպերմարկետներում շաքարավազ չեն կարողանում պարկով գնել։ Ի դեպ, մարզային որոշ գյուղերի խանութներում բնակիչները շաքարավազ չեն կարողանում անգամ մեկ կիլոգրամ գնել, քանի որ չկա։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգի միջոցով երեւանյան մի քանի սուպերմարկետներից հետաքրքրվեց՝ հնարավոր է պարկով շաքարավազ գնել, թե ոչ. ստացանք բացասական պատասխան։ Ավելին՝ սուպերմարկետներից մեզ փոխանցեցին, որ ծայրահեղ դեպքում կարող են 20 կգ շաքարավազ վաճառել՝ պատճառաբանելով, որ քանակի խնդիր ունեն։ Եւ սա այն դեպքում, երբ հիմա փակոցների շրջանն է. այս ընթացքում տնային տնտեսուհիները փակոցներ են անում, եւ շաքարավազը խիստ անհրաժեշտ է։ Շաքարավազի շուկայում նման պատկեր արձանագրվել էր նաեւ հուլիս ամսին. սուպերմարկետներում քաղաքացիներին հրաժարվում էին 2-3կգ ավելի շաքարավազ վաճառել, բացի այս, գինն էլ 360 դրամից բարձրացել էր՝ դառնալով 400 դրամ։ Հիմա շաքարավազի մեկ կիլոգրամը վաճառվում է 420-450 դրամի սահմաններում։ Արձանագրենք, որ շաքարավազի շուկայում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուները ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է եւ Մրցակցության պաշտպանության  հանձնաժողովը։ Էկոնոմիկայի նախարարությանը կարծես թե չի հետաքրքրում՝ հանրապետության առեւտրի կետերում շաքարավազ կա, թե ոչ, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ իր հերթին չի մտահոգվում՝ շաքարավազի՝ օր-օրի բարձրացող գնով։ Այս ամենի հետեւանքով տուժում է շարքային քաղաքացին։

 




Լրահոս