«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ահազանգում է՝ բժիշկ, խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է։ Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Չարչյանի անձի նկատմամբ կատարվողը վրեժխնդրություն է, ու այդ ամենն իրավունքի, մարդասիրության տեսանկյունից ընկալելի չէ։
-«Հայաստան» խմբակցության մի շարք անդամներ այս պահին խորհրդարանական աշխատանքներին իրավական գործընթացներից ելնելով չեն մասնակցում: Հատկապես աղմկահարույց գործընթացներ են ծավալվում Արմեն Չարչյանի անձի շուրջ: Գիտենք, որ այս պահին նրա առողջական վիճակը ծանր կամ գուցե ծայրահեղ ծանր է գնահատվում: Ի՞նչ մանրամասներ կարող եք փոխանցել: Նրա կալանքի տակ մնալն ի՞նչ վտանգներ է պարունակում:
-Ոչ թե իրավական գործընթացներ են տեղի ունենում, այլ ապօրինի իրավական գործընթացներ են, որովհետեւ ձեւական առումով այդ իրավական գործընթացը կա: Տեսնում եք դատավորներ, դատախազ եւ այլն, բայց այնտեղ իրավական, օրինական գործընթացից ոչինչ չկա: Արմեն Չարչյանի վերաբերյալ կարող եմ ասել, որ մի խումբ գործընկերներիս հետ այցելեցինք իրեն, վիճակը ծայրահեղ անհանգստացնող էր: Տեսնել մարդկային կյանքը նման վտանգի վիճակում, հավատացեք, շատ բարդ է: Շատ հստակ է, որ իր սրտի խնդիրները շատ ավելի բարդացել են: Ի պատիվ բժիշկիների՝ կայունացումը կարողացան ապահովել, բայց շաքարային դիաբետի ցուցանիշները բավականին վատ են: Նորման եթե 60 միավոր ցուցանիշն է, իր մոտ 90-ից բարձր է: Նման պայմաններում մարդուն պահել կալանքի տակ, որը պատգամավոր է, ու նրա անձեռնմխելիությունը չի հաղթահարվել, մարդու, որն իր ապրած կյանքով, հեղինակությամբ երբեւէ արատավորված չի եղել. ինչո՞ւ պետք է լինի կալանավորված, եթե գործի քննությունն էլ ավարտվել է: Ուզում եմ անկեղծ ասել՝ խոսքը չի գնում քրեական գործը կարճելու մասին: Ուզում են քննել, թող քննեն, այլ հարց է, որ վստահ կարող եմ ասել, որ այնտեղ գործ չկա: Արմեն Չարչյանն արդարացվելու է, բայց թող քննեն: Խոսքը նրա մասին է, որ կալանքը չպետք է ֆետիշացվի: Ինչի է այնպես ստացվում, որ քաղաքական բաղադրիչ ունեցող գործերով մշտապես պետության վճռական կամքն է մարդուն կալանավորել: Ինչի՞ համար: Այս գործով կան մոտ 50-60 վկա: Երբ առաջին անգամ քննություն էր իրականացվում, դատախազը Առաջին ատյանի դատարանին ճշմարտությունը չասաց: Նա ասաց, որ 100-ից ավելի վկաներ պետք է լինեն: Նույն այդ պայմաններում դատավոր Մելիքսեթյան Արմինեն բավարարել էր կալանքը միայն մեկ ամսով: Այսինքն՝ Արմեն Չարչյանին կալանավորելու կարիքը տեսել էր միայն մեկ ամսով, բայց տեսնում ենք, որ նա տեւական ժամանակ է՝ կալանավորված է. ինչի՞ համար: Այս 60 վկաներից ոչ մեկ բացասական ցուցմունք չի տվել Չարչյանի շահերի տեսանկյունից:
-Սոցցանցերում շատերը համեմատություն էին տանում Մանվել Գրիգորյանի հետ, թե նա ինչ վիճակում էր, ինչպես մահացավ: Նմանություններ կամ նման մտորումներ Դուք ունեցե՞լ եք:
-Կարող եմ ասել, որ Մանվել Գրիգորյանի դեպքում առողջական վիճակի մասին իր պաշտպանները մշտապես ահազանգում էին: Մշտապես խոսվում էր, որ ինքը, առողջական վիճակից ելնելով, չի կարողանում մասնակցել դատական նիստերին, բայց դատախազները կրկին անհաղորդ էին, իսկ դատավորն էլ հայտնի Մնացական Մարտիրոսյանն էր, որը մշտապես պահում էր կալանքի տակ եւ խափանման միջոցը փոխեց միայն այն ժամանակ, երբ բժիշկը եկավ, դատարանում հայտնեց, որ իրավիճակը գրեթե անկառավարելի է: Առողջական վատթարացումն այն աստիճանի է, որ այլեւս արդեն նույնիսկ բժշկությունն է անզոր դառնում: Եվ միայն այդ դիրքորոշման ժամանակ դատախազները նախաձեռնեցին արտահերթ նիստ, Մնացական Մարտիրոսյանը բավարարեց այդ պահանջը եւ փոխեց խափանման միջոցը: Մինչ այդ ոչ մի արտահերթ նիստ չէր նշանակվում, խափանման միջոց փոխելը մերժվում էր: Այսինքն՝ հասցվեց անձի առողջությունն այն մակարդակի, որ նույնիսկ խափանման միջոցը նշանակություն չէր ունենում: Ես չեմ ուզում նույնը լինի հիմա:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել վարչական շրջանի ղեկավարի գործով եւ այն ուղարկել դատարան: Սուրիկ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի վարչական ղեկավարը, 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար Գորիս համայնքի Որոտան բնակավայրի բնակիչ Արգինա Գալստյանին տվել է կաշառք:
ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Ազգային ժողովում միջադեպի գործով Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել: ՀՔԾ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, իսկ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած մնացած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ որոշում է կայացվել՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ՝ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջիկայում կիրականացվի Քաշաթաղից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիր: Մեզ հայտնի դարձավ, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել 950 շահառուի։ Տեղեկացնենք, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանվել է շուրջ 950 ընտանիք (3600 անձ)։ Այսինքն՝ տվյալ քաղաքացիներին կտրամադրվի հիփոթեքային վարկ, որի նվազագույն ժամկետը 120 ամիս է: Հայաստանի մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար գումար կկազմի մինչեւ 10 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 83 հազար դրամ: Իսկ Արցախում այդ գումարի չափը կկազմի 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 100 հազար դրամ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ծրագրի շրջանակներում դիմումներն ընդունվելու են 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։ Հիշեցնենք՝ Քաշաթաղից եւ Քարվաճառից տարհանված բնակիչները պարբերաբար հավաքվում են Կառավարության շենքի առջեւ եւ պահանջում բնակարանով եւ աշխատանքով ապահովել իրենց: Տեղահանվածների խնդիրները լուծելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ տարվա նոյեմբերի 17-ի որոշումով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ս.Հ.
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության են հրավիրել գործարար Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանի եղբորը՝ Սամվել Ղարիբյանին:
ՀՔԾ-ում վերջինիս ասել են, որ նա եւս ցուցմունք տա Աղվան Հովսեփյանի դեմ, սակայն վերջինս ասել է, որ ինքը ասելիք չունի իր եղբոր դիմումի վերաբերյալ, եւ որեւէ ցուցմունք չի տվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է: