Հայաստան ժամանող քաղաքացիները խիստ զայրացած են. «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռից իջնելուց րոպեներ անց Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները քաղաքացիներին պարտադրում են կորոնավիրուսի ՊՇՌ տեստ հանձնել հենց օդանավակայանում տեղակայված լաբորատորիաներում: Լաբորատորանների ընտրանին մեծ է, դրանք տեղակայաված են օդանավակայանի շենքի ներսում, գներն էլ՝ 15000 դրամից սկսած:
Ինչպես ասում են, ողջունելի է, որ կառավարությունը, Առողջապահության նախարարությունը լուրջ պայքարում են կորոնավիրուսի դեմ, բայց արդյոք այդ պայքարն արդյունավե՞տ է: Իսկ թե ինչպես են այդ աշխատանքները կազմակերպվում, ականատես եղանք հենց օդանավակայանում՝ զրուցելով քաղաքացիների հետ:
Հակահամաճարակային կանոնները գրեթե չեն պահպանվում. քաղաքացիների մի մասն առանց դիմակ է, կամ էլ այն ծնոտի տակ է, սոցիալական հեռավորություն ընդհանրապես չի պահպանվում, երկար հերթեր են, բոլորը՝ իրար կպած կանգնած:
Իսկ այդ մի քանի ժամվա ընթացքում նրանք օդանավակայանից դուրս են գալիս, շփվում հարազատների, ընտանիքի անդամների հետ: Եւ ով իմանա՝ նրանցից քանիսն է վարակակիր, եւ քանիսը կարող են վարակել, անգամ՝ վարակվել: Այս ամենը՝ տեսչական մարմնի անարդյունավետ կազմակերպչական աշխատանքի արդյունքում: Իսկ հիմա խոսենք այդ մասին. մի քանի ժամ օդանավում անցկացրած քաղաքացիները ծանր ճամպրուկներով դուրս են գալիս, որպեսզի շտապեն տուն, սակայն չհասած մուտքի մոտ՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները թույլ չեն տալիս՝ կանգնեցնելով նրանց: Նրանք, ովքեր չունեն կորոնավիրուսի տեստ կամ պատվաստված չեն, տեսչական մարմնի աշխատողներն ուղարկում են տեստ հանձնելու: Հոգնած քաղաքացիները ստիպված են լինում եւս մի քանի ժամ սպասել լաբորատորիանների առաջ տեստ հանձնելու համար:
Սա դեռ ամենը չէ. պարզվում է, որ լաբորատորիաներից օգտվելու համար տեղադրված հատուկ տերմինալից պետք է քաղաքացին կտրոն քաշի, բայց այնպես չէ, որ կտրոն քաշելուց հետո լաբորատորիայից անմիջապես կանչում են. նա մինչեւ տեստ հանձնելը դեռ պետք է սպասի: Մարդիկ կան, որոնք երկար չսպասելու համար ստիպված են լինում մի քանի լաբորատորիայի կտրոն քաշել. որտեղ ազատ տեղ լինի, այնտեղ կհանձնի:
Բայց նույն սպասողական ու տհաճ պատկերը նաեւ լաբորատորիաների ներսում է՝ հերթեր, թղթաբանության ապահովում, տվյալների լրացման աշխատանքներ, անձնագրի պատճենահանում եւ այլն: Ինչեւէ, այս փորձությունները հաղթահարելուց հետո ընտրում ես մի լաբորատորիայի, տեստ հանձնում, որից հետո քեզ թվում է՝ վերջ, ազատվեցիր այդ բռի քաշքշքուկից, գոռոցներից ու «մուննաթ»-ով սպասարկումից, բայց ոչ. հոգնած փորձում ես տուն գնալ, զբոսաշրջիկները՝ հյուրատներ, եւ ոստիկանները կանգնեցնում են օդանավակայանի շենքի ներսում. պարզվում է՝ դեռ պետք է պարտավորագիր լրացնես, որ տանից դուրս չես գալու մինչեւ տեստի պատասխան ստանալը: Բնական է, բոլորը չէ, որ դա լրացնում են. մի հոգի ողջ խմբի անունից ստորագրում է պարտավորագիր, որ դուրս չի գա տանից, եւ դուրս են գալիս, նստում տաքսի, գնում տուն: Բայց, միեւնույնն է, եթե կորոնավիրուսով վարակված չես, ապա շատ հավանական է, որ այդ ամբոխի մեջ մեկից վարակվես: Կամ ո՞վ է վերահսկում՝ տանից դուրս եկավ, թե ոչ. վերահսկող կառույց չկա: Մեկ այլ խնդիր եւս. տեստը հանձնում ես, եւ երաշխավորված չէ, որ պատասխանը ճիշտ կգա, քանի որ խառնաշփոթ վիճակ է, եւ մեծ է հավանականությունը, որ քո տեստը շփոթեն մեկ այլ քաղաքացու տեստի հետ:
Կարճ ասած՝ սա պայքար չէ, որ կառավարությունը տանում է կոնորավիրուս վարակի դեմ, այլ բիզնես է, որից ահռելի չափերի հասնող շահույթներ են ստանում մի քանի բուժկենտրոններ: Այս ամենի հետեւանքով դարձյալ տուժում է շարքային քաղաքացին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները աճել են 0.4 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ոչ պարենային ապրանքները թանկացել են 9.4 տոկոսով: Օրինակ՝ մեկ ամսվա ընթացքում մեր հանրապետությունում թանկացել է կահույքը, իսկ գորգերի գները բարձրացել են 0.2 տոկոսով: Ի դեպ, թանկացել է նաեւ հագուստը 0.4 տոկոսով, բայց կոշկեղենի գները մնացել են անփոփոխ: Խոշոր կենցաղային սարքերն են թանկացել 0.7 տոկոսով, իսկ գրասենյակային պարագաների շուկայում արձանագրված գնաճը կազմել է 3.5 տոկոս: Ի դեպ, ոսկերչական զարդերի գներն են նվազել 0.4-ով, բայց այս շուկայում առաջիկա ամիսներին թանկացումներ են սպասվում: Նաեւ դեղագործական ապրանքների գները նվազել են 0.2 տոկոսով, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.1 տոկոսով:
ԱԺ-Ի ՄԻՋԱԴԵՊԻ ԳՈՐԾՈՎ
Ինչպես հայտնի է, օգոստոսի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նյութեր են նախապատրաստվում, միջադեպին եւ դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական կտրվի: «Ազգային ժողովի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերեւույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաեւ դրան հետեւող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը:
Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՔԾ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին եւ դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»։ Սեպտեմբերի 6-ին լրացել էր Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետը, եւ ՀՔԾ-ն պետք է որոշում կայացնի: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի միջադեպի գործով, եւ, ըստ մեզ հասած տեղեկությունների, քրեական գործը հարուցվել է ծեծի հատկանիշներով:
ՍԴ ԵՆ ԴԻՄԵԼ
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների համագործակցությամբ մշակվել եւ ՍԴ է ներկայացվել դիմում, որով վիճարկվում են ԱԺ նիստերը նախագահողի՝ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, ինչպես նաեւ դրանց կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը, որի հետեւանքով խոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը, խաթարվում է պատգամավորական ներկայացուցչական մանդատի էությունը։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունը։
ՄՈՒՐԱԴՈՎԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է
Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Վերջինս իր առաքելությունը սկսել էր նախորդ տարվա նոյեմբերին: Նշենք նաեւ, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ։
ԴԻ՝ ԿԱՄՐՋԻ ՏԱԿ
Երեկ ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 24-25 տարեկան երիտասարդի դի։ Դավթաշենի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ հայտնաբերվածը Երեւանի բնակիչ 24-ամյա Հակոբ Ս-ն է։ Փաստի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՍԱԴՐԱՆՔ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հայտնել է. «Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է, եւ այս թեմայով Հայաստանի իշխանությունը պետք է հանդես գա համապատասխան արձագանքով։ Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում, տեղաշարժեր արդեն իսկ վտանգավոր բնույթ է կրում. եթե հաշվի առնենք, որ դրանք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի կամ Սեւ լճի հարակից հատվածներում, ապա խնդիրն առավել սուր ընթացք է ստանում։ Այս ամենին գումարվում են թուրքական զինուժի մասնակցությունն ու վերջին շրջանի սահմանային միջադեպերը, ինչն ամբողջացնում է ողջ պատկերը»: