ԴԱՏԱԽԱԶ ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սիսիանի նախկին քաղաքապետի գործը քննելու է Սյունիքի մարզի դատավոր Գնել Գասպարյանը: Նշենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործը եւս մակագրվել է նույն դատավորին: Այն քննելու է դատավոր Գնել Գասպարյանը: Նշենք, որ Գասպարյանը աշխատել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, ինչպես նաեւ աշխատել է զինվորական դատախազությունում։

 

Ըստ նախաքննական մարմնի՝ Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Լավրենտի Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Սիսիանի «Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության (ՀՈԱԿ) շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը: Նախապես՝ մինչեւ այդ նպատակով գնման ընթացակարգեր նախաձեռնելը, պայմանավորված շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությամբ, համայնքապետի եւ նրա եղբոր՝ Ավետ Լավրենտի Սարգսյանի նախնական համաձայնությամբ արդեն իսկ կանխորոշված է եղել, որ աշխատանքներն իրականացվելու են վերջինիս պատկանող «Հիդրո» ՍՊ ընկերության կողմից: Ավելին՝ Ավետ Սարգսյանը մինչ մրցույթ հայտարարելն անձամբ ուսումնասիրել եւ ծանոթացել է հայտարարվող մրցույթի նախագծա-նախահաշվային փաստաթղթերին: Այնուհետեւ ձեւական գնման գործընթաց կազմակերպելու նպատակով, համայնքի ղեկավարի՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 594 (Ա) որոշմամբ, ստեղծվել է «ՍՄՍՔ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-9» ծածկագրով մրցույթի գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքապետարանի աշխատակիցներ՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Գրետա Թունյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետներ Նունե Գասպարյանը եւ Գոռ Մանուչարյանը, աշխատակազմի քաղաքաշինության եւ տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Միրզոյանը, իսկ քարտուղար է նշանակվել աշխատակազմի ֆինանսատնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Աննա Կարապետյանը: Հաջորդ օրը՝ 23.12.2016թ.-ին, գնահատող հանձնաժողովի կողմից գնման հրավերը հրապարակվել է էլեկտրոնային գնումների համակարգի՝ «armeps.am» կայքում, սակայն նշված համակարգ «Հիդրո» ՍՊԸ-ի կողմից մուտք գործելու հետ կապված խոչընդոտներ առաջանալու պատճառով Ավետ Սարգսյանի նախաձեռնությամբ եւ նրա փոխարեն գնմանը 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:55-ին, մասնակցության հայտ է ներկայացրել վերջինիս հետ փոխկապակցված՝ նրա ընտանիքի կնքահորը՝ Սեյրան Արիստակեսյանին պատկանող «Արտաշատի ԷՑՇ» ՍՊ ընկերությունը: Ներկայացրած հայտին կից գնի առաջարկի համաձայն՝ մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար այդ ընկերությունն առաջարկել է 10.230.000 ՀՀ դրամ: Հրավերով նախատեսված հայտերի բացման օրը՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:20-ին՝ մինչեւ հայտերի ներկայացման ժամկետի լրանալը, գնման հրավերի պահանջներին համապատասխան մասնակցության հայտ է ներկայացրել նաեւ «Գոռպլաստ» ՍՊ ընկերությունը, որին կից գնի առաջարկի համաձայն՝ մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար վերջինս առաջարկել է 6.598.950 ՀՀ դրամ: Տեղեկանալով «Գոռպլաստ» ՍՊԸ-ի հայտի մասին եւ գիտակցելով ավելի նվազ գնային առաջարկ ներկայացնելու ու դրանով պայմանավորված մրցույթին այդ ընկերության կողմից հաղթող ճանաչվելու անխուսափելիությունը՝ Արթուր Սարգսյանը, ունենալով շահադիտական եւ անձնական շահագրգռվածություն, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանձնարարել է գնահատող հանձնաժողովի քարտուղարին ստեղծել նշված ընկերության հայտը մերժելու արհեստական հիմքեր եւ ամեն կերպ մերժել «Գոռպլաստ» ՍՊԸ-ի հայտը: Այնուհետեւ գնահատող հանձնաժողովի անդամներն ու քարտուղարը, համայնքի ղեկավարին չհակադրվելու, վերջինիս հանձնարարությունն անվերապահ կատարելու խմբային շահերից ելնելով, տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ գտնվող «Գնումների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով եւ 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով՝ «Գոռպլաստ» ՍՊ ընկերության հայտը բավարար գնահատելու եւ մրցույթի հաղթող ճանաչելու փոխարեն, անհիմն մերժել են նշված ընկերության հայտը՝ հայտում տուժանքի համաձայնագրի վճարման պահանջագրի լրացման կարգը գնահատելով անբավարար, մասնավորապես՝ արձանագրելով, որ բացակայում է շահառուի անվանումը: Մինչդեռ հենց համայնքապետարանի կողմից հրապարակված մրցույթի հրավերի համաձայն՝ ներկայացվող վճարման պահանջագրերի 8-ից 11-րդ, այն է՝ «Շահառու», «Շահառուի ՀՎՀՀ», «Շահառուի բանկը», «Շահառուի հաշվեհամարը» տողերը ենթակա են եղել լրացման Շահառուի, տվյալ դեպքում՝ վերը նշված մրցույթային հանձնաժողովի կողմից: Այսինքն՝ մրցութային հանձնաժողովը, իր պարտականությունը վերագրելով որպես «Գոռպլաստ» ՍՊ ընկերության բացթողում, առանց օրինական հիմքի մերժել է առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած տվյալ ընկերության հայտը՝ դիտավորությամբ անտեսելով «Արտաշատի ԷՑՇ» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած վճարման պահանջագրում Շահառուի կողմից պարտադիր լրացման ենթակա «Շահառուի բանկը» եւ «Շահառուի հաշվեհամարը» տողերը նույնպես լրացված չլինելու հանգամանքը: Արդյունքում, մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն, հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված «Արտաշատի ԷՑՇ» ՍՊԸ-ն, որի հետ 2016թ.  դեկտեմբերի 27-ին կնքվել է վերը նշված աշխատանքների կատարման գնման N ՍՄՍՔ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-9 պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրն իր հերթին ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը՝ Ավետ Սարգսյանին պատկանող «Հիդրո» ՍՊ ընկերության հետ: Դրանից ընդամենը երկու օր անց` 29.12.2016թ.-ին, համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից, խմբային շահերից ելնելով, կազմվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, կապալի աշխատանքների կատարման ժամանակահատվածի վերաբերյալ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն եւ պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտ, որից հետո համայնքապետ Արթուր Սարգսյանն անձնական եւ շահադիտական այլ դրդումներով կազմել եւ իր ստորագրությամբ ու կնիքով վավերացրել է իրականությանը չհամապատասխանող եւ բովանդակային կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ՝ Սիսիան համայնքի «Է. Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի կարիքների համար ջեռուցման համակարգի տեղակայման աշխատանքների կատարողական թիվ 1 ակտը, մինչդեռ աշխատանքներն իրականում կատարվել են 2017թ.-ի հունվարին: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի եւ մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետեւանքով համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացրած էական վնաս, համայնքապետի կողմից կազմված պաշտոնական բնույթ կրող կեղծ փաստաթղթի հիման վրա համայնքապետարանի բյուջեից կապալառու կազմակերպությանն անհիմն հատկացվել է 10.230.000 ՀՀ դրամ գումար՝ այդկերպ Սիսիան համայնքին պատճառելով 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔ

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախօրեին այցելել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի՝ ադրբեջանական զինծառայողների կողմից հրդեհված արոտավայրեր:

 

«Պատկերն իսկապես սահմռկեցուցիչ էր։ Ադրբեջանցիները մեր բնակիչների ողջ տարվա անասնակերը մի քանի ակնթարթում ոչնչացրել էին։ Եվ այս հանցագործությունն իրականացնում են ս.թ. մայիսի 12-ից ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը: Ինչպես արդեն ահազանգել էի, ադրբեջանցիները այրել էին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը։ Տխուր է արձանագրել, որ հրդեհից տուժել են նաեւ այն քաղաքացիները, որոնց անասունները ադրբեջանցիները հափշտակել եւ առ այսօր չեն վերադարձրել։ Ադրբեջանական հանցագործությունների պատճառով սահմանամերձ մեր այս համայնքների բնակիչները փաստացի զրկված են իրենց հայրենիքում կյանքի, խաղաղ ապրելու, ազատ տեղաշարժվելու, սեփականության իրավունքներից: Բացի այդ, բնակիչները զրկվել են նաեւ ապրուստի միջոցից: Ադրբեջանական ուժերը ստեղծում են վախի մթնոլորտ համայնքի բնակիչների եւ, հատկապես, երեխաների համար՝ հերթական անպատասխան մարտահրավերը նետելով միջազգային կառույցներին: Ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ հերթական գրությունն առաջիկա օրերին կուղարկեմ միջազգային կառույցներին: ՀՀ խաղաղ բնակչության դեմ ուղղված այս հանցագործությունները պետք է խստորեն դատապարտվեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային համապատասխան մարմինների կողմից, որոնք իրենց իրավասության սահմաններում պետք է իրականացնեն բոլոր հնարավոր եւ անհրաժեշտ քայլերը՝ ի պաշտպանություն ՀՀ սահմանամերձ համայնքների քաղաքացիական բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության: Ի դեպ, ադրբեջանցիների կողմից գողացված անասունների հարցը բարձրաձայնել եմ վարչապետին, բայց, ցավոք, առարկայական պատասխան չեմ ստացել այն մասին, թե երբ է տրվելու փոխհատուցում եւ, առհասարակ, տրվելու է, թե ոչ։ Կառավարությունից արձագանք չկա նաեւ գյուղացիներին այրված խոտհարքների համար փոխհատուցում տրամադրելու մասին: Իսկ վարկային պարտավորությունները, որոնք մեր հայրենակիցները ստանձնել են անասուններ գնելու նպատակով, ոչ մի զիջման չեն արժանացել։ Հետեւողական եմ լինելու, որ քաղաքացիները ստանան արժանապատիվ փոխհատուցում»,-հայտնում է պատգամավորը:

Ն. Պ.

 

 

 

ՊՆ-Ն ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության՝ հավաքների մասնակիցները կներգրավվեն նաեւ մարտական հերթապահության: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից: Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետեւանքներ:  Հավելենք, որ սա արդեն երկրորդ վարժական հավաքներն են, օգոստոսի 25-ից եւս այդպիսի հավաքներ էին մեկնարկել: Այդ հավաքներին ներգրավված են 2169 քաղաքացի՝ նրանցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։

 

 

«ԿՈԿԱԻՆ» Է ՏԵՂԱՓՈԽԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 221,08 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի սեպտեմբերի 3-ին, քողարկված ձեւով պահելով իր մոտ, Նիցա-Փարիզ-Երեւան ավիաչվերթով մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մաքսային հսկողության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել եւ վերցվել է իրացնելու նպատակով ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերի հիշյալ թմրամիջոցը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ հիշյալ անձնավորությունը ձերբակալվել է, իսկ հետագայում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 




Լրահոս