Գործադիրը հավանություն է տվել ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ այդմ, նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման (վերակազմակերպման) 37 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արեւուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում:
««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծի նպատակն է վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու եւ միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ տալ իրավակարգավորումներ, ինչպես նաեւ կարգավորել նոր համայնքի ձեւավորմամբ պայմանավորված համայնքային սեփականություն համարվող գույքի փոխանցման հարցերը: Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան: 2011 թ. նոյեմբերի 10-ին հավանության արժանացած «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգ»-ով ՀՀ կառավարությունը հաստատել է, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ եւ մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարեւորվել է նաեւ այլ փաստաթղթեթում, մասնավորապես՝ ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում եւ այլն: 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձեւավորվել է 54 համայնք: Ինչպես նշել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 441 համայնք միավորվում է 37 համայնքային փնջով: «Այսպիսով, ՀՀ-ում այս գործընթացի ավարտից հետո կունենանք 77 համայնք եւ Երեւանը: Ընդհանուր 78 համայնք կլինի, որից 8-ը՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված»,-ասել է նախարարը: Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը շատ կարեւոր է ոչ միայն վարչատարածքային, այլեւ նաեւ քաղաքական բարեփոխումների տրամաբանության մեջ: «Խոշորացված համայնքերում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, որտեղ քաղաքապետի ընտրությունը զուգորդվում է ավագանու ընտրությունների հետ, եւ ընտրությունները տեղի են ունենում կուսակցական ցուցակներով: Եվ սա մեր կարեւոր խոստումներից է եղել ժամանակին: Իհարկե, համայնքների խոշորացումը նոր չի մեկնարկել, եւ պետք է արձանագրենք, որ 2018 թվականից մենք շատ կարեւոր մի ուղեգիծ ենք որդեգրել՝ սուբվենցիոն համակարգերը դնելով տարածքային համաչափ զարգացման տրամաբանության հիմքում: Ուզում եմ հիշեցնել, որ սուբվենցիոն ծրագրերն այն ծրագրերն են, երբ համայնքը կառավարության հետ համատեղ իրականացնում է կոնկրետ ծրագիր: Այսինքն՝ ֆինանսավորման մի մասը տարբեր ծրագրերով, տարբեր բաղադրիչներով, բովանդակությունից կախված՝ համայնքը եւ կառավարությունը տարբեր չափաբաժիներով ֆինանսավորում են: Եվ այս համատեքստում մենք շատ հաջողված օրնակներ ունենք, երբ սուբվենցիոն ծրագրին մասնակցություն են ցուցաբերել նաեւ մասնավոր անձինք՝ բիզնես, բարեգործական նկատառումներով: Եվ այս մեխանիզմի հետագա կատարելագործման ուղղությամբ նույնպես մենք պետք է աշխատենք: Խոշորացված համայնքների պարագայում սուբվենցիոն ծրագրերի մասնակցության հնարավարություններն էականորեն աճում են. փոքր բնակավայրերը խոշորացման արդյունքում ստանում են այդ հնարավորությունը, իսկ ավելի խոշոր բնակավայրերի հնարավորություններն ընդլայնվում են: Իհարկե, խոշորացման գործընթացը միշտ ամենատարբեր քննարկումների եւ քննադատությունների տեղիք է տվել, եւ տարբեր քննարկումներ կան բնակավայրերի շահերի պաշտպանության տեսակետից: Եվ այդ շահերն առավել արդյունավետ պաշտպանելու համար է նաեւ, որ զուգահեռ ներմուծվել է համամասնական ընտրակարգն ընտրությունների, ինչը մեծացնում է քաղաքացիների քաղաքական եւ քաղաքացիական վերահսկողության հնարավորությունը ՏԻՄ-երի նկատմամբ»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաեւ, որ այստեղ կան շահեր՝ 30 համայնք միավորում են եւ դարձնում մեկ համայնք, որտեղ կա այդքան համայնքի ղեկավար, աշխատակազմ, եւ հասկանալի է, որ կրքեր բորբոքելու փորձեր են լինելու. «Ես ուզում եմ կոչ անել չտրվել այդ կարգի սենտիմենտներին: Քաղաքական որոշումը կայացված է, եւ մենք պետք է գնանք այս ճանապարհով: Վերջին տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ, այո, խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են եւ առավել մեծ կարողություններ են ձեռք բերում, այնպես որ, մենք այս ճանապարհով պետք է գնանք առաջ»: Վարչապետը նշել է, որ այդ հարցը պետք է լուծվի բացառապես ԱԺ-կառավարության տիրույթում. «Այսինքն՝ քաղաքական մեծամասնության քաղաքական պատասխանատվության դաշտում է: Քաղաքական մեծամասնությունը որոշումը կայացրել է, եւ այն պետք է իրագործվի»:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով բնակիչների մտահոգություններին, նշել է, որ որեւէ համայնք չի փակվում, պարզապես կառավարման մոդելն է փոխվում։ «Բոլոր այն համայնքների բնակիչները, որոնք տարվա մեջ 4 անգամ գնում էին իրենց գյուղապետարան ինչ-ինչ հարցերով, հիմա նորից գնալու են։ Այսինքն՝ բոլոր ծառայությունները նորից մնում են համայնքներում։ Բնակիչների համար լրացուցիչ դժվարություններ չենք ստեղծում»,- նշել է նախարարը։
Ն.Պ.
ՔՊ ԱՆԴԱՄ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ի նիստում քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցությունը եւ համամասնական ցուցակների կազմը։ Ֆեյսբուքի իր էջում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, ՔՊ-ական Գնել Սանոսյանը մասնավորապես նշել է, որ ՔՊ վարչության որոշման համաձայն՝ կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը Դիլիջանում կգլխավորի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Դավիթ Սարգսյանը։ Նախկինում բենզալցակայանի աշխատող, փաստաթղթում իր սեռն «արու» գրած, 2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան խոշոր համայնքի պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանի կուսակցական պատկանելիության վերաբերյալ Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական, ինտերնետային կայքում գրված է՝ անկուսակցական։ Տավուշի մարզի թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ Դիլիջան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հոկտեմբերի 17-ի ընտրություններում սեպտեմբերի 8-ի դրութամբ դեռեւս կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները թեկնածուների ցուցակ չեն ներկայացրել։ Հոկտեմբերի 17-ին նշանակված ավագանու համամասնական ընտրություններում թեկնածուների առաջադրելու ժամկետը սեպտեմբերի 2-ից 12-ն է։
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՎԱՔԱՐԱՐԻՑ ՑԱԾՐ ԵՆ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ
Փոքր գյուղերում ուսուցիչներ կան, ովքեր հավաքարարից ցածր աշխատավարձ են ստանում։ Ուսուցիչների ցածր աշխատավարձի պատճառով Տավուշի մարզի մանկավարժական լավագույն կադրերը եւ տղամարդ ուսուցիչները խուսափում են դպրոցում աշխատելուց, դպրոցներում հիմնականում աշխատում են կին ուսուցիչներ, ովքեր գիտելիքներ տալուց զատ, իրենց աշակերտ տղաներին իրենց նման, այսինքն՝ որպես կին են դաստիարակում։ Փոքր գյուղերի դպրոցներում՝ երկկոմպլեկտ, որոշ տեղերում եռակոմպլեկտ դասարանների աշակերտները տուժում են, քանզի շնորհալի ուսուցիչն անգամ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններում անկարող է կրթությունն ու դասիարակությունն արդյունավետ իրականացնել։ Փոքր գյուղերի դպրոցներում փոքրաթիվ աշակերտների, դրա հետեւանքով դպրոցում քիչ դասաժամերի պատճառով ուսուցիչներ կան, ովքեր ստանում են 60-65 հազարից ցածր, երբեմն՝ 20-50 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ավելի քիչ, քան հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձ՝ 68 հազար դրամ ստացող դպրոցի հավաքարարը։ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի, Բաղանիսի եւ այլ փոքր գյուղերի դպրոցներում նման ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան։ Հայաստանի մեծ քաղաքների դպրոցների դասարաններն էլ հաճախ 30-35 աշակերտ են ունենում, ինչը շատ դժվարեցնում է ուսուցման գործը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՌԵՎՏՈՒՐԸ ԹՈՒՅԼ Է
Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 53 մլրդ 406 մլն 500 դրամ:
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 2.4 տոկոսով պակասել է: Այս թվերը խոսում են այն մասին, որ մեր երկրում ավտոմեքենաների առեւտուրը թույլ է, ինչի հետեւանքով ֆինանսական լուրջ վնասներ են կրում այն քաղաքացիները, որոնք տարիներ առաջ մեծ քանակությամբ ավտոմեքենա են ներկրել եւ չեն կարողացել դրանք իրացնել: Փոխարենը Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին ավելացել է առեւտրի շրջանառությունը. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճը կազմել է 7.5 տոկոս: ArmLur.am-ին ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-հուլիսին մանրածախ առեւտրի շրջանառությունն աճել է՝ կազմելով 2 տոկոս, իսկ, ահա, մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 7 ամիսներին ավելացել է 12.9 տոկոսով:
Ս.Հ.