Առայսօր հրապարակվել են «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող հայտնի դեմքերի հարցաքննությունների արձանագրությունները։ Հրապարակում ենք 2008թ. ԼՂՀ պաշտպանության բանակի 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար Կամո Վարդանյանի ցուցմունքը, ով այդ օրերին եկել է Երեւան եւ մասնակից է եղել նշված իրադարձություններին։ Նշենք, որ այժմ Կամո Վարդանյանը զբաղեցնում է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը:
«1992թ. սեպտեմբերից մինչ օրս ծառայում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում։ Զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, իսկ 2013-2017թթ. զբաղեցրել եմ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը։ Այնուհետեւ դարձել եմ Մոսկվայի գլխավոր շտաբի ակադեմիայի ունկնդիր, ներկայումս սովորում եմ ակադեմիայի 2-րդ կուրսում, ունեմ գեներալ-մայորի կոչում։ 2008թ. եղել եմ ԼՂՀ պաշտպանության բանակի 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարը։ Այդ պաշտոնը զբաղեցրել եմ 2007-2013թթ.։ Առաջադրված հարցերի վերաբերյալ կասեմ, որ 2008թ. փետրվարի 22-ին, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հրահանգով, նրա հետ եկել եմ Երեւան՝ մասնակցելու ՀՀ նախագահի նստավայրում անցկացվելիք խորհրդակցությանը։ Խորհրդակցությունը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, գիշերը դուրս ենք եկել Ղարաբաղից եւ եկել Երեւան։ Մեր հետ Երեւան են եկել նաեւ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին) եւ 18-րդ դիվիզիայի հրամանատար Կամո Աղաջանյանը։ Բոլորս եկել ենք մի մեքենայով։ Խորհրդակցությունը սկսվել է ժամը 11։00-ի սահմաններում, այն անց է կացվել Բաղրամյան 26-ում։ Ներկա են եղել զինվորականներ, ՀՀ ազգային անվտանգության եւ ոստիկանության ծառայողներ, ողջ հրամանատարական կազմը՝ մոտ 50 հոգի։ Ներկաներից հիշում եմ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, նրա տեղակալներին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին։ Խորհրդակցությունն անց է կացրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկա էր նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը, բայց վերջինս ոչինչ չի ասել։ Ռոբերտ Քոչարյանը շատ խիստ տոնով էր խոսում, նա ասաց, որ երկրում ներքաղաքական վիճակը կայուն չէ, ու Երանոսյան Լյովային կամ էլ այլ անձի, կոնկրետ չեմ հիշում, ասաց, որ գնան Մանվել Գրիգորյանին ասեն, որ երկրապահներին ցրի «Երկրապահի» շենքից եւ վերադառնա իր ծառայությանը։ Քոչարյանը խորհրդակցության ժամանակ ասում էր, որ երկրում լարված վիճակ է ստեղծվել, ինչն անթույլատրելի է, պետք է այնպես անենք, որ իրավիճակը շտկվի, ներքաղաքական կյանքը վերադառնա բնականոն հուն։ Այդ ժամանակ Հայաստանում հանրահավաքներ էին տեղի ունենում, քանի որ 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքը եւ պնդում էին, որ դրանք կեղծվել են։ Մեծ թվով մարդիկ Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էին անցկացնում։ Ռոբերտ Քոչարյանը հենց դա նկատի ուներ եւ ասում էր, որ երկրի ներքաղաքական կյանքը կայուն չէ, ցույցեր են տեղի ունենում, լարվածություն կա, պետք է այնպես անենք, որ վիճակը կայունանա։ ՀՀ նախագահի ասած կոնկրետ բառերը չեմ հիշում, բայց այդ խորհրդակցության իմաստը հենց դա էր։ Ինչպես հասկացանք, նա դժգոհ էր Մանվել Գրիգորյանից, ով, հավանաբար, այլ մտքեր ուներ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ու իր մի քանի տասնյակ համախոհներին հավաքել էր «Երկրապահի» շենքում, եւ մեր բոլորիս ներկայությամբ նախագահը պահանջեց Մանվել Գրիգորյանին կարգի հրավիրել։ Խորհրդակցությունը շատ կարճ է տեւել՝ մոտ 15-20 րոպե, ասում էր, որ անթույլատրելի է նման վիճակը։ Դրանից հետո Մովսես Հակոբյանը մեզ ցուցում տվեց մնալ Երեւանում, քանի որ Ղարաբաղից պետք է զորք ուղարկվեր Երեւան։ Հասկանալի էր, որ Մովսես Հակոբյանին այդպիսի հրաման են տվել նախագահի խորհրդակցությունից հետո, ամենայն հավանականությամբ, պաշտպանության նախարարը. կոնկրետ տեղյակ չեմ։ Մովսես Հակոբյանն ասաց, որ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա՝ Ղարաբաղի զորք պետք է բերվի Երեւան, ինքը գնում է Ստեփանակերտ՝ զբաղվելու այդ հարցերով։ Այնուհետեւ պաշտպանության բանակից ստացած հրամանի համաձայն՝ 10-րդ դիվիզիայի ստորաբաժանումներից համապատասխան քանակով անձնակազմ ենք ուղարկել Երեւան։ Քանի որ արդեն 10 տարի է անցել, ես չեմ հիշում, թե կոկրետ քանի հոգի են եղել, մոտավորապես 100 հոգու ենք ուղարկել։ Բոլորն էլ սպաներ եւ ենթասպաներ են եղել, նաեւ պայմանագրային զինծառայողներ։ Զորքը կազմավորված է եղել դիվիզիայի վարչության զորամասերի հետախուզական եւ համազորային կազմից։ Նրանք, ովքեր ընդգրկված են եղել մարտական հերթապահության մեջ, այլեւս դիրքեր չեն գնացել, փոխարինել ենք այլ ծառայողներով, քանի որ մոտ 20 ամիս անձնակազմը մնացել է Երեւանում։ Դիվիզիայի կազմից ստեղծված համահավաք ստորաբաժանման ավագ եմ նշանակել իմ տեղակալ Միքայել Արզումանյանին։ Նշեմ, որ, իմ հիշելով, Միքայել Հարությունյանի կողմից տրված հրամանի հիման վրա՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի կողմից հրաման է արձակվել, որի հիման վրա էլ ԼՂՀ-ի զորքը տեղափոխվել է Երեւան։ Ես ընդգրկված չեմ եղել համահավաք գումարտակի կազմում ու պետք է վերադառնայի դիվիզիա, պարզապես մնացել եմ մի քանի օր Երեւանում, որպեսզի զորքը տեղավորեմ։ Ընդհանուր կազմավորված համահավաք գումարտակը, իմ հիշելով, բաղկացած էր մոտ 300 զինծառայողներից, նրանք ընդհանուր շարասյունով Երեւան են եկել 2008թ. փետրվարի 23-ին»։
Շարունակելի
Ք. Մ.
ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ
Աղվան Հովսեփյանի կալանքը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Այս մասին ասել է նրա պաշտպան Գագիկ Խաչիկյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երկու ամսով կալանավորվել է։ Ըստ ՀՔԾ-ի՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ըստ ՀՔԾ-ի՝ նա նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 7-ին:
ԿԱՇԱՌՔ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արամայիս Ապրոյանը, համակարգելով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանի հետ՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հիշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ: Համաձայն ընտրողների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության` Ա. Ապրոյանը 2021թ. հունիսի 8-ին եւ 9-ին Ս. Զաքոյանի միջոցով Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է ընդհանուր շուրջ 180.000 ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` յուրաքանչյուրին տրամադրելով 5000-10.000-ական ՀՀ դրամի սննդամթերքի փաթեթներ: Ա. Ապրոյանը եւ Ս. Զաքոյանը, ինչպես նաեւ ընտրակաշառք ստացած առանձին քաղաքացիներ հունիսի 9-ին բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին, որպիսի պայմաններում վերջիններս իրենց կամքից անկախ հանգամանքներով զրկվել են սննդամթերքի փաթեթները ցուցակներում ընդգրկված մնացած ընտրողներին որպես կաշառք տալու հնարավորությունից:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արամայիս Ապրոյանին եւ Սոնյա Զաքոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
ԹԱՆԿԱՑԵԼ Է
Ավելի քան երկու շաբաթ է, որ Նոյեմբերյան-Կողբ-Բերդավան միջգյուղական միկրոավտոբուսի ուղեվավարձը 100-ից դարձել է 150 դրամ։ Դա հարուցել է սահմանամերձ Նոյեմբերյան, Կողբ եւ Բերդավան բնակավայրերում ապրողների դժգոհությունը։
ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ՉՈՒՆԻ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրեթե երեքուկես տարի Հայաստանում իշխանություն է, սակայն Հայաստանի համեմատաբար խոշոր քաղաքներում տարածքային կառույցներ չունի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի միջնորդությամբ 2021թ. փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Դիլիջանի պետական քոլեջն ավարտած, այժմ Հայաստանի Եվրոպական համալսարանի հեռակա ուսանող, 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը, ով նախկինում փաստաթուղթ լրացնելիս իր սեռի վերաբերյալ գրառել է՝ արու։ Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ համայնքի ղեկավարի անձնական էջում, Դ. Սարգսյանի կուսակցական պատկանելիության վերաբերյալ գրված է՝ անկուսակցական։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ 2021թ. սեպտեմբերի 11-ին Դիլիջանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ստեղծումը։ Ընտրվել են տարածքային խորհրդի 5 անդամներ, խորհրդի նախագահ է ընտրվել Դավիթ Սարգսյանը։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 12-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Իջեւանում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել հոկտեմբերի 17-ին Դիլիջանում համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրություններում ավագանու թեկնածուների 35-հոգանոց ցուցակ, որի առաջին տեղում համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանն է։
ՎԵՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ
2014թ. հուլիսի 16-ին Արցախի Չարեքտար գյուղում տեղի էր ունեցել ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա հովիվ, ծագումով Դաշտային Ղարաբաղի Ծոմխորի շրջանի հռչակավոր Չարդախլու գյուղից Սմբատ Ցականյանի հուղարկավորությունը: Նրա մարմինը հուղարկավորել էին փակ դագաղով:
2020թ. նոյեմբերի 25-ին Չարեքտարը Շահումյանի շրջանի մյուս բնակավայրերի հետ չհանձնվեց Ադրբեջանին։ Ներկայումս այն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո եւ հանդիսանում է սահմանային բնակավայր։
Մոտ մեկ ամիս առաջ Չարենցավանում տեղի է ունեցել Սմբատ Ցականյանի վերահուղարկավորումը։ Այդ մասին տեղեկացա Ցականյանների ընտանիքի բարեկամներից։ Ցականյանների ընտանիքը այժմ բնակվում է Կոտայքի մարզի Արգել գյուղում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ