ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացվել է, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման եւ պատրաստման, ինչպես նաեւ բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով 2021թ. օգոստոսի 25-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Դրանց շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում է զորահավաքային զորակոչ: Այս մասին հայտնում է Դատախազությունը:

 

ՀՀ զինվորական դատախազությունը, իր լիազորությունների շրջանակներում հետեւելով օրենսդրության պահանջներին նշված գործընթացի համապատասխանությանը, դրանց շրջանակներում հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ հետամուտ լինելով եռամսյա հավաքների կազմակերպման եւ իրականացման ընթացքում հնարավոր հանցավոր դրսեւորումներին համարժեք քրեաիրավական գնահատականներ տալուն, արձանագրում է, որ գործընթացի մեկնարկից՝ 2021թ. օգոստոսի 25-ից հետո ընկած ժամանակահատվածում եռամսյա հավաքներն ընթանում են պատշաճ մակարդակով, զորակոչվող քաղաքացիները պատշաճ կերպով ներկայանում են զինվորական ծառայության վայրեր, նրանց կողմից դրսեւորվում է բարձր պատասխանատվություն եւ քաղաքացիական գիտակցություն, իսկ զինվորական ծառայության դեմ հանցավոր վարքագծի՝ լայն մտահոգության տեղիք տվող միտումներ չեն արձանագրվել:

Այս ընթացքում ստացվել են եռամսյա հավաքների մասնակից պահեստազորային ընդամենը 6 անձի կողմից առերեւույթ ծառայողական պարտականությունների չկատարման հետ կապված խախտումների մասին տվյալներ: Դրանց կապակցությամբ նախապատրաստված նյութերից 2-ով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել են հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ, իսկ մեկով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է մեկ քրեական գործ՝ մեկ անձի վերաբերյալ: Երեք դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվում է: ՀՀ զինվորական դատախազությունը, կանխարգելիչ եւ իրազեկման նկատառումներից ելնելով, հարկ է համարում տեղեկացնել, որ զորահավաքային զինվորական ծառայությունը, համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի, զինվորական ծառայության տեսակներից է, եւ զորահավաքի միջոցով տվյալ դեպքում եռամսյա վարժական հավաքների համար զորակոչված անձանց համար սահմանված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաեւ քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաեւ հիմնական զինվորական ծառայողների համար: Ըստ այդմ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության չներկայանալու, հավաքի մասնակիցների կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու յուրաքանչյուր դեպք արժանանալու է քրեաիրավական գնահատականի:

Եռամսյա հավաքների շրջանակներում ՀՀ զինվորական դատախազության դատախազները հանդիպումներ են անցկացնում զորակոչված բոլոր պահեստազորայինների հետ՝ նրանց մանրամասն իրազեկելով իրենց կարգավիճակից բխող իրավունքների եւ պարտականությունների, հնարավոր հանցավոր բնույթի վարքագծի, դրանց քրեաիրավական հետեւանքների մասին, պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

Կառավարությունը հաստատել եւ խորհրդարան է ուղարկել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի  29-րդ հոդվածում սահմանված են պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ապահովման գործընթացում հակաօդային պաշտպանության զորքերի իրավասությունները՝ ներառյալ ՀՀ անվտանգությանն սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որեւէ գործողություն կատարելիս օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջքի պարտադրումը, իսկ այդ գործողությունների շարունակման դեպքում՝ օդանավի կամ թռչող այլ սարքի ոչնչացման իրավունքը:

Բացի այդ, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված եւ 2017 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի եւ համաձայնագրով հաստատված կանոնակարգի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի (ուժերի) կիրառման մասին, ընդ որում՝ զենքի կիրառման կարգը սահմանվում է այն կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը:

Քանի որ օրենքը սահմանել է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության գործընթացում հակաօդային պաշտպանության զորքերի իրավասությունները, սակայն հստակեցված չէ դրանց շրջանակներում հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործումը, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության ներքո՝ անհրաժեշտություն է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը:

 

 

ՈՐՈՇՈՒՄ՝ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՄԱՍՈՎ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունը առաջիկայում «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի մասով որոշում կկայացնի: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն մոտ օրերս քրեական գործով կմտնի դատարան եւ միջնորդություն կներկայացնի, որ Սուքիասյանի եղբոր կալանքը եւս երկու ամսով երկարաձգեն, որից հետո էլ քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի:

 

Նշենք, որ հուլիսի 22-ին պատգամավորի եղբայր Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել էր հուլիսի 18-ին Ամիրյան փողոցում կրակոցներով ուղեկցված միջադեպի գործով։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ռոբերտ Սուքիասյանը երթեւեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու եւ վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի եւ մի խումբ անձանց հետ վիճաբանել է Նարեկ Կարապետյանի եւ նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել եւ փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանը, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ՝ գլխով, ապա բռունցքով հարվածել է Նարեկ Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:

Այնուհետեւ, ըստ Կոմիտեի, Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաեւ Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք, եւ հեռացել: Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ

13-ամյա Մարտիկն իսկական մարտիկ է՝ ուժեղ, համառ եւ խելացի։ Արդեն մեկ տարի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում ֆիզիոթերապիա է անցնում, պատրաստվում է վիրահատության։ Որոշել է, որ պետք է քայլի, իսկ Մարտիկի խոսքը վերջնական է:

 

Եղեգնաձորում տարատեսակ թերապիաներ են անցնում խնամքի կարիք ունեցող երեխաները։ Այժմ կենտրոնն ունի 134 շահառու՝ Վայոց ձորի մարզի 20 գյուղից։

«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամից դրամաշնորհ է ստացել։ Հիմնադրամի աջակցությամբ կենտրոնը համալրվել է թերապեւտիկ աշխատանքների համար տեղական տարբեր արտադրության պարագաներով՝ սենսորային լույսեր, կանգնակներ, ավազաթերապիայի համար սեղաններ, զարգացնող խաղեր։

«Կենտրոնի հիմնական նպատակն է բարելավել ԿԱՊԿՈւ երեխաների մտավոր եւ ֆիզիկական ունակությունները։ Սա նաեւ լավ հնարավորություն է ծնողների համար, որպեսզի տարածաշրջանից առանց բացակայելու երեխաները ստանան թերապեւտիկ բոլոր ծառայությունները»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Մինչեւ օրս Եղեգնաձորում ծառայություն չի եղել, իսկ հիմա՝ հանձին հիմնադրամի, կարողանում ենք ծավալային աջակցություն մատուցել։ Կենտրոնը սպասարկում է առանձնահատուկ երեխաների, որոնք ունեն հենաշարժողական եւ մտավոր խնդիրներ»,- նշել է «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի հիմնադիր Էկա Հորստկան։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է «Ակբա» բանկի, ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ», «Կրեդիտ Ագրիկոլ» ազգային ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

 

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների՝ երեխաների իրավունքների հանձնակատարների (օմբուդսմանների) առաջին հանդիպմանը:

 

ՄԻՊ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային երկխոսության միասնական հարթակի ստեղծման կարեւորությունը  համակարգային խնդիրների լուծման համար: Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները եւ կատարվող աշխատանքը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ նշելով, որ մեր հաստատությունն ունի «A» միջազգային կարգավիճակ, հանդիսանում է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ, որը հնարավրություն է տալիս մասնակցել նաեւ կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին:

«Ներառական հասարակության ստեղծումն առաջնային է բոլորիս համար, քանի որ երեխան պետք է մեծանա այնպիսի միջավայրում, որտեղ կարողանում են բացահայտել իր կարողությունները, գնահատում են նրա հնարավորությունները եւ նպաստում են դրա զարգացմանը՝ անկախ հաշմանդամություն կամ հատուկ կարիքներ ունենալու հանգամանքից»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Պաշտպանը անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով ընտանիքում ապրելու եւ դաստիարակվելու երեխայի իրավունքի իրացման կարեւորությանը եւ նշելով, որ երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում կազմակերպելու անհնարինության պարագայում պետությունն առաջնահերթ պետք է միջոցներ ձեռնարկի երեխայի խնամքն ընտանիքահեն, համայնքահեն միջավայրում կազմակերպելու համար՝ նրան այլընտրանքային խնամքով (խնամակալություն, խնամատարություն, որդեգրում) ապահովելու միջոցով։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդգծել է նաեւ ՌԴ մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկոլկովայի, ինչպես ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է անդամ երկրների միջեւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում փորձագետների համագործակցության կարեւորությունը: Առանձնակի ուշադրություն է դարձվել ԱՊՀ անդամ երկրների միջեւ երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման պարզեցված ընթացակարգին:

 

 

ԽՈՒՄԲ Է ՄԵԿՆԵԼ ՍՅՈՒՆԻՔ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ: ՄԻՊ գրասենյակից փոխանցել են, որ կիրականացվեն մի շարք փաստահավաք աշխատանքներ ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ, այդ թվում՝ կապված Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ։ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները կայցելեն նաեւ ՀՀ մի շարք զորամասեր։ Տեղի կունենան ուսումնասիրություններ, առանձնազրույցներ զինծառայողների հետ եւ այլն:

 

 

ԱՐԳԵԼՎԵԼ Է

Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, համաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի, ս/թ սեպտեմբերի 17-ից ժամանակավորապես արգելվում է 7 երկրներից՝ Ռումինիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Լատվիայի Հանրապետությունից, Լեհաստանից, Հունգարիայից  եւ Բուլղարիայի Հանրապետությունից կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի եւ այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստեւի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի եւ լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), ներմուծումը: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ սահմանափակման համար հիմք է ծառայել նշված երկրներում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը:

 

 

756 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 756 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 250 559-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5056 է: Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1181 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 23 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6237-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 389 է, ընդհանուր առողջացածներինը՝ 233 910, փաստացի բուժվողներինը՝ 10 412։ Մեկ օրում արվել է 5622 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 627 538 թեստ:

 




Լրահոս