ԲԱՔՈՒ-ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ. ԽԱՂ՝ ՈՒՂՂՎԱԾ ՍՐԱՑՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ Բաքուն իրանական բեռնատարների եւ ավտոբուսների ստուգումներ մտցրեց Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում եւ հատուկ պայմաններ սահմանեց Հայաստան բեռներ տեղափոխող իրանական մեքենաների համար, պարզ դարձավ, որ այն սկսել է խաղալ առաջին հերթին Իրանի հետ սրացման ուղղությամբ, իսկ հետո՝ նաեւ Երեւանի, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն արված չէ»,- գրում է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը Regnum լրատվական գործակալության կայքում հրապարակված իր հոդվածում:

 

«Բացի այդ, փորձեր են արվում խաթարել Երեւանի եւ Թեհրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը, քանի որ վերոնշյալ երթուղին երկար տարիներ օգտագործվում է Հայաստան ապրանքներ առաքող իրանական տրանսպորտային ընկերությունների կողմից: Ընդ որում, փաստերը վկայում են, որ Բաքվի գործողությունները չեն կարող անակնկալ լինել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար, քանի որ փորձ է արվել խնդիրը լուծել դիվանագիտական գործիքների օգնությամբ: Մասնավորապես, այս առիթով Ադրբեջանի եւ Իրանի դիվանագիտական գերատեսչությունները բանակցություններ են վարել, որոնք, սակայն, անհաջող էին: Միեւնույն ժամանակ, Բաքուն չի թաքցնում իր մտադրությունները: «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի խոսքով՝ «իրականում այդ միջոցներն ուղղված են ոչ թե Իրանի, այլ Հայաստանի դեմ», եւ այն ամենը, ինչ «վերջերս ձեռնարկվել է սահմանին, ճնշումն է Երեւանի վրա՝ նրան խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրման դրդելու, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ապահովման հասնելու համար»: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն ակնկալում էր, որ Իրանի միջոցով ճնշում կգործադրի Հայաստանի վրա այս ուղղությամբ: Ավելին, իրանցիները պաշտոնական մակարդակով հայտարարել են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ նույնիսկ, որպես Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամներ, դատապարտել «Հայաստանի ագրեսիան», թեեւ այդ երկրի հետ ակտիվ տնտեսական համագործակցություն են զարգացնում: Բայց այս, անգամ Թեհրանը հրաժարվեց փոխզիջումային լուծումներ փնտրելուց եւ չխաղաց Բաքվի կողմից: «Հայաստանի հետ սահմանը Թեհրանի համար կարմիր գիծ է: Մենք անհանգստացած ենք, որ դա կարող է կտրել Երեւանը մեզանից», – ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն: Ի վերջո, Թեհրանին առաջարկվել է ապրանքներ տեղափոխել Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ՝ Ֆիզուլիի կամ Ջեբրաիլի շրջանցիկ ճանապարհով: Դրանից հետո հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում իսկական տեղեկատվական պատերազմ սկսվեց:

Բաքուն Իրանին մեղադրում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետեւողական գործողությունների, «Ղարաբաղում անջատողական ռեժիմի» հետ հարաբերությունների պահպանման, Ադրբեջանի նկատմամբ «կեղծավորության» եւ այն բանի համար, որ անցած պատերազմի ժամանակ Թեհրանը կիրառել է «Ադրբեջանի ահաբեկման գործողություններ»՝ տեղադրելով Ադրբեջանի սահմանի մոտ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սարքավորումներով ռազմական ավտոշարասյուների տեղաշարժի տեսագրություններ, առանց խորհրդակցության Մոսկվա է ուղարկել պատվիրակություն՝ փոխարտգործնախարար Աբբաս Արաքչիի գլխավորությամբ, եւ այլն: Այսինքն՝ բոլոր «ցավոտ տեղերը», որոնք նորմալ պայմաններում Ադրբեջանում եւ Իրանում նախընտրում են չնշել, սկսել են ջրի երես դուրս գալ, եւ վտանգն այն է, որ դա կարող է հանգեցնել երկու երկրներում ներքաղաքական բնույթի բարդությունների: Այսպես, Բաքվի հասցեին արդեն սպառնալիքներ են հնչում Իրանի մզկիթներում, որոնց պատճառն Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի զորավարժություններն էին եւ Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների նկատմամբ սահմանային եւ մաքսային հսկողությունը: Ռուսաստանն, իհարկե, ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը՝ գիտակցելով, որ ամեն ինչ կարող է շատ ավելի բարդ լինել, քան թվում է առաջին հայացքից: Ցանկացած անզգույշ քայլ կարող է խթան դառնալ իրադարձությունների նոր շրջադարձի համար: Այս կապակցությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հակամարտության հետ», եւ «խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը պատրաստ է օգնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, բայց դրա համար անհրաժեշտ է փոխել տարածաշրջանում քաղաքական իրավիճակը, որին հասնելը շատ դժվար է նույնիսկ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման՝ Մոսկվայի միջնորդական ջանքերով»,- եզրափակել է Տարասովը:

Ն. Պ.

 

 

ԱՐՁԱՆԸ ՆՈՐԻՑ ԵՆ ԿԱՆԳՆԵՑՐԵԼ

2020թ. աշնանը՝ Արցախում պատերազմից հետո, անհայտ անձը կամ անձինք պոկեցին Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ կանգնեցված քայլող մարդու՝ Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը։ Սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը վերականգնել են, երեկ արձանը կանգնեցել են Իջեւանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պատի տակ՝ քաղաքի Ասլանյան փողոցում։ Իջեւանցիները զանգել, բողոքում են եկեղեցու հենապատի տակ կռապաշտության դրսեւորումից:

 

 

 

ՈՒՍՈՒՑԻՉԸ ՔԻՉ Է ՍՏԱՆՈՒՄ        

Փոքր գյուղերում  ուսուցիչներ կան, ովքեր հավաքարարից ցածր աշխատավարձ  են ստանում: Տավուշի մարզի փոքր գյուղերի դպրոցներում՝ երկկոմպլեկտ, որոշ տեղերում        եռակոմպլեկտ դասարանների աշակերտները տուժում են, քանզի շնորհալի  ուսուցիչն անգամ  երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններում անկարող է կրթություն ու դասիարակությունն արդյունավետ իրականացնել։ Փոքր գյուղերի դպրոցներում փոքրաթիվ աշակերտների, դրա հետեւանքով դպրոցում  քիչ դասաժամերի պատճառով ուսուցիչներ  կան, ովքեր ստանում են 60-65 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ավելի քիչ, քան հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձ՝ 68 հազար դրամ ստացող դպրոցի հավաքարարը։ Մեծ  բնակավայրերի, քաղաքների դպրոցների դասարաններն էլ հաճախ 30-35 աշակերտ են ունենում, ինչը շատ դժվարեցնում է ուսուցման  գործը։

 

 

«ԷԳ ԿՈՎԵՐՆ» ՈՒ «ԱՐՈՒ» ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

2021թ. փետրվարի 26-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի միջնոդությամբ, Դիլիջան համայնքի ղեկավար նշանակվեց Դիլիջանի պետական քոլեջն ավարտած, իր անձնական փաստաթղթերում իր սեռի վերաբերյալ «արու» գրած, այժմ Հայաստանի Եվրոպական համալսարանի 37-ամյա ուսանող Դավիթ Սարգսյանը։ Զբոսաշրջանային Դիլիջան այցելած  զբոսաշրջիկները  զարմացած են քաղաքի ամենակենտրոնում թափառող նախիրից։ Դիլիջանում կովերը թափառում են նաեւ պետական հիմնարկների առաջ,  քաղաքային  գերեզմանատանը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՓԱԹԵԹԸ՝ ԱԺ-ՈՒՄ

Զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ եւ խմբակցություններ, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարություն: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Փաթեթին կցված են նաեւ նախագծերի ընդունման հիմնավորումները: Նախագծերի փաթեթն ուղարկվել է վերոհիշյալ հաստատություններ՝ հաշվի առնելով, որ նոր են ձեւավորված Կառավարությունն եւ ԱԺ-ի մարմինները։

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած արտոնություններից են, օրինակ՝

l աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը,

l չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը,

l ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը,

l զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը եւ այլն։

Զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած արտոնությունների ընդունումը կունենա սոցիալական կարեւոր նշանակություն եւ կնպաստի զինվորական ծառայության հեղինակության աճին։  Առաջարկվող արտոնությունները նաեւ կբարձրացնեն ծառայություն անցնող կամ անցած զինծառայողների կարգավիճակը:

Ներկայացվող առաջարկությունների իրական շահառուներ կարող են լինել տարբեր կատեգորիայի զինծառայողներ կամ նրանց ընտանիքների անդամներ, այդ թվում՝

ա) ժամկետային պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները,

բ) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ,

գ) ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ, նրանց եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,

դ) ՀՀ կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած կամ մասնակցող անձինք կամ նրանց ընտանիքների անդամներ եւ այլն:

Նախագծերի փաթեթն առավել կարեւոր է դառնում հատկապես հետպատերազմական շրջանում, երբ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորումը, ամրապնդումն ու պաշտպանությունն առաջնահերթ հրամայականն է:

Պետք է ամեն կերպ արժեւորել զինվորական ծառայությունը, իսկ առաջարկվող արտոնությունները կնպաստեն, որպեսզի բանակում ծառայությունը դառնա ավելի գրավիչ նաեւ հենց ծառայության մեջ գտնվողների եւ նրանց ընտանիքների համար:

Նշենք, որ նախագծերի հիման վրա 2021 թվականին հրապարակվել է նաեւ արտահերթ զեկույց՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային փորձը։

 

 




Լրահոս