ՀՀ դատախազությունը կաշկանդվո՞ւմ է հետախուզում հայտարարել. ինչու ադրբեջանցիները մեր թիրախում չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանն ու Քյամրան Ալիևն օրերս հանդիպել են Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակներում:  Հանդիպումը եռակողմ է եղել՝ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:

Հայաստանի դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ բացի նմանատիպ հանդիպումները կարևորելը՝ հայկական կողմը խոսել է  հայ ռազմագերիների վերադարձի մասին: «Գերիներ» եզրույթի փոխարեն էլ նախընտրել է կիրրառել «Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիներ արտահայտությունը»: Եռակողմ հանդիպման ժամանակ, ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության,  խոսվել է նաև անհետ կորած անձանց մասին: Թե ինչ քննարկում-պայմանավորվածություն է եղել թե՛ անհետ կորածների, թե՛ ռազմագերիների վերադարձի կամ դրա հավականաության մասին, դատախազությունը չի հայտնում:

Ադրբեջանի ուժային կառույցի ղեկավարի հետ հանդիպման ժամանակը Դավթյանը չի անդրադարձել ամենից առանցքային հարցերից մեկին՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կամ գեներալիտետի հրամանով իրականացված ոճրագործություներին: Թեմային, հիշեցննք, Ազգային ժողովի մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է: Թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո պատգամավորն ահազանգում էր, որ ի տարբերություն Հայաստանի, որի նկատմամբ հակառակորդը կռվել է հնարավոր է բոլոր զենքերով, թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, կասետային ու ֆոսֆորային զենքեր կիրառել, Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի ու Արցախի 300-ից ավելի քաղաքացիների նկատմամբ, որոնց թվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, ռուսահայ մեծահարուստ գործարարներ և այլն:

«Գլխավոր դատախազության կողմից Ադրբեջանի զինված ուժերի, գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով որևէ քայլ չենք տեսնում։ Ի վերջո դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել պատերազմական հանցագործություն: Ադրբեջանն իրականացրել է այնպիսի վայրագ գործողություններ, որոնք մերժելի են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով և կոնվենցիաներով։ Պատերազմի ընթացքում զանգվածային ոչնչացման անթույլատրելի զենքեր են կիրառվել, բայց որևէ հիմքով մենք չունենք Ադրբեջանի ռազմաքաղաքական գործիչների հետախուզում, ունենք ընդամենը մեկ հոգու հետախուզում»,- ահազանգում է Թովմասյանը:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանը հետախուզում է հայտարարել Ադրբեջանի 37 քաղաքացիների նկատմամբ, որոնց մեջ պատերազմի ժամանակ կռվող վարձկաններ կան, բայց բարձրաստճան պաշտոնյաների, զինվորականների ու պատերազմի վայրագությունների հետ անմիջական կապ ունեցող որևէ անուն չկա: Տպավորություն է, որ հայաստանյան ուժային կառույցները կաշկանդվածություն կամ վախեր ունեն ադրբեջանցիների նկատմամբ հետախոզում հայտարարելու ու հարցը միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնելու մասով:

Սևակ Վարդումյան




Լրահոս