ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ԹԻՐԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները, մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեն, այս օրերին հարցաքննության է հրավիրում ՊՆ -ում այս պահին աշխատող եւ ՊՆ-ից ազատված բարձրաստիճան պաշտոնյաներին: Մենք տեղեկացանք, որ հարցաքննությունների ժամանակ կոնկրետ 44-օրյա պատերազմի պարտության հնարավոր մեղավորների մասով են հարցադրումներ արվում: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հիմնականում հարցաքննված պաշտոնյաներին հարց է ուղղվում, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մեղքը կա արդյոք 44-օրյա պատերազմի մեջ, կամ նա ինչ քայլ է արել, որը մեզ տարել է պարտության: Նշենք, որ, մեր տեղեկություններով, բավականին շատ ցուցմունքներ կան ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ: Հավելենք, որ Գլխավոր դատախազության հսկողության ներքո քննվող ավելի քան 2 հազար պատերազմական գործերից 41-ն արդեն ուղարկվել են դատարաններ։ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված հանցանքների համար մեղադրվում է ավելի քան 800 անձ։ 7 բարձրաստիճան զինվորական է մեղադրվում ռազմական տարբեր հանցագործությունների համար, որոնցից հայտնի է միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի անունը։ Գեներալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նրան մեղսագրվող արարքն առնչվում է հենց պատերազմին, Մակարյանը մեղքը չի ընդունում։ Դատարան ուղարկված գործերի կեսից ավելին՝ 25-ը, առնչվում է պատերազմի ընթացքում ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելուն, կա 28 ամբաստանյալ։ 7 քրեական գործ վերաբերում է ծառայության վայրն ինքնակամ լքելուն, եւս 9 անձ էլ մեղադրվում է դասալքության համար։ Մեղադրյալների մեծ մասը շարքայիններ են։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի կառավարությունը պատրաստվում է սեպտեմբերի 27-ին խորհրդարան ներկայացնել 2021 թվականի պետական բյուջեի կատարողականը: Ըստ մեր աղբյուրների՝ կատարողականը կներկայացնի ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը: Այն դեռեւս կքննարկվի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարար Խաչատրյանի հետ խորհրդարան պետք է գա նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանը: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ այս քննարկումը հետաքրքիր է լինելու այն առումով, որ նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը պետք է ներկայացնի այն, ինչի ժամանակ ինքը ո՛չ նախարար է եղել ու ո՛չ էլ տեղյակ է, թե ինչ ծախսեր են իրականացվել ու ինչի համար: Մենք տեղեկացանք, որ Խաչատրյանին այս օրերին «պատրաստում են» այդ քննարկմանը, քանի որ խորհրդարանի ընդդիմությունը կարող է տհաճ դրության մեջ դնել նորանշանակ նախարարին: Կարելի է ասել՝ ԿԲ նախագահին էլ ուղարկում են խորհրդարան Խաչատրյանին «թիկունք» լինելու, «դուխ տալու» համար:

 

 

 

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է, որ  բանակի ղեկավար կազմի ու կռվող զորքի բալանսն անհամաչափորեն խախտված է։ Ըստ նրա՝ հաստատված նորմացույցով առաջնորդվելու փոխարեն՝ հակառակ ուղղությամբ ենք գնում։ Նախկին բարձրաստիճան զինվորականի փոխանցմամբ՝ բանակում այսօր մեծ քանակի ղեկավար կազմ, բայց շատ քիչ զինվորներ ունենք։ «Սխալ է վերաբաշխվում նաեւ բանակին տրամադրվող բյուջեն,- ասում է։- Իմ զինակից ընկերները գուցե ինձնից նեղանան, բայց իրականությունն այն է, որ բյուջեի սխալ վերաբաշխումը նույնպես կազմաքանդելու է այն, ինչ ունենք, ստեղծել ենք տարիներ ի վեր։ Բանակին տրամադրվող բյուջեն բաղկացած է 4 մասից՝ աշխատավարձ, ուսուցում, ապահովում ու զարգացում։ Առաջին երեք ճյուղերը պետք է հավասարաչափ գումար ստանան, ենթադրենք՝ 30-ական տոկոս, զարգացմանը ընդհանուր բյուջեի 10 տոկոսը պետք է տրամադրվի, բայց անգամ այդ բալանսն էլ է խախտված»։ Հակոբյանի պնդմամբ՝ բանակի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ այսօր ուղղակի պոպուլիզմով են զբաղված ու կարծում են, որ բանակի մարտունակությունը զինվորականին լավ սնունդ ու բարձր աշխատավարձ տալուց է կախված, այնինչ ինքը բոլորովին հակառակ պնդում է անում. «Բանակի մարտունակությունը զինծառայողի պատրաստության վիճակից, բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ ունենալուց, սպառազինված լինելուց եւ այլնից է բխում։ Ստացվում է, սակայն, որ այսօր բանակում աշխատող կամ ծառայող զինվորականներից շատերը պաշտպանական գերատեսչությունում են սոսկ աշխատավարձ ստանալու համար»։

 

 

Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներն ընկել են անհարմար դրության մեջ. պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 15-ի՝ Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին հրամանագիրն է։ Խոսքը օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց մասին է, որոնք Ռուսաստան են մեկնել մինչեւ նախորդ տարվա մարտի 15-ը, այդ թվում եւ նրանց, որոնք այս տարվա հունիսի 16-ի դրությամբ չունեն ՌԴ-ում մնալու օրինական հիմքեր։ «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ այդ քաղաքացիներին իրավական իրավիճակի կարգավորման վերաբերյալ հնարավորություն է տրվել մինչեւ այս ամսվա վերջ դիմում ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններ: Այս պատճառով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին մինչեւ սեպտեմբերի 30-ը կարգավորել իրենց օրինական կարգավիճակը, հակառակ դեպքում հոկտեմբերի 1-ից դադարելու է գործել այս հրամանագրով սահմանված՝ միգրացիոն օրենսդրության խախտմամբ Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանից հարկադիր հեռացման վերաբերյալ միջոցների կիրառման ժամանակավոր արգելքը, իսկ հետագայում՝ մուտքի արգելքի, ինչպես նաեւ երկիր մուտք գործելը չթույլատրելու, ժամանակավոր կեցության ժամկետի կրճատման որոշումները: Սա նշանակում է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք մինչեւ սեպտեմբերի 30-ը չեն կարգավորի իրավական կարգավիճակը, հետ կվերադառնան Հայաստան։

 

 




Լրահոս