ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի խաղողագործները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում  Կառավարության շենքի դիմաց։ Նրանք նշում են, որ 30տ խաղողը չի մթերվել, քանի որ «Նոյ» գործարանը հրաժարվել է գնել այն համապատասխան տարաների բացակայության պատճառով։ «Կառավարությունը նախօրոք պետք է պարզեր իր հարաբերությունները խոշոր մթերողների հետ, որպեսզի այսօր նման խնդիր չառաջանար։ Մտել ենք էկոնոմիկայի փոխնախարարի մոտ, խաղողը արդեն փչանում է, ինքը ասում է՝ նոր բանակցություններ ենք վարում  1000 տ խաղողի մթերման շուրջ։ Մեզ ասում է՝ կորոնավիրուսի, պատերազմի պատճառով սպառման խնդիր ենք ունեցել, բայց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի տվյալներով՝ գինու արտահանման ծավալներն աճել են 40-50 %-ով, կոնյակինը՝ 15-20, օղու ծավալները` 2.5 անգամ ավելի։ Սրանք մենակ ստից լացել են սովորել, մենք ասում ենք՝ 30 հազար տոննայի բաց կա, իրենք խոսում են 1000 տ մթերման մասին»,- նշել է խաղողագործներից մեկը։

 

Գյուղացիները պնդում են, որ միայն «Նոյ» գործարանի բացումից հետո հարցը կարող է լուծվել։ «Ունեմ 30 հազար տոննա խաղող, օրական կորցնում են 500 կգ խաղող։ Այս մարդիկ չեն ուզում տղամարդավարի ասեն` մենք անզոր ենք այս հարցը լուծել։ Օր օրի հայկական կոնյակի հեղինակությունը միջազգային շուկայում ընկնում է։ Նախորդ իշխանությունների  կողմից օրենք է ընդունվել, որ հայկական կոնյակը եւ գինին պետք է պատրաստված լինեն բացառապես հայկական խաղողից, չեն հետեւում դրան, իրենք բացարձակ անզոր են։ Այդքան զոհ տված գյուղացիները իրավունք ունե՞ն արժանապատիվ ապրել Հայաստանում։ Եթե չեն կարողանում դա ապահովել, թող գնան նստեն իրենց տներում, արժանավոր մարդիկ գան, ղեկավարեն այս երկիրը: «Պռոշյան» գործարանը սկզբում խաղողն ընդունում էր 115 դրամով։ Մեզ մենակ են թողել վերամշակողի հետ։ Բերքը փչանում է, հիմա պետք է մթերված լիներ։ Մենք ուզում ենք հասկանալ, որ սրանք քաղաքականապես ամուլ չեն, որ իրենց գործողություններից արդյունք է ծնվում, ուզում ենք հասկանալ՝ կանգնա՞ծ են մեր կողքին»,- նշում են նրանք:

Գյուղացիների խոսքով՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գործարանի հետ ունեցել են 15 տարվա պայմանագիր, ըստ որի՝ պետք է խաղողը վաճառեն 150 դրամով, սակայն վերջին պահին իմացել են, որ ինքը չի մթերում։ «Կարող էին մեզ գարնանը ասել, որ չեն մթերում։ Փաստացի Արմավիրի մարզում 30 հազար տոննա խաղող չի մթերվում, մի մասը ինքնարժեքից ցածր գնով մթերում են փոքր գործարանները, բայց դա հարցը չի լուծում»,- ավելացնում են գյուղացիները։ Անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, որ լուծումներ են առաջարկվել, գյուղացիները նշեցին, թե Վահան Քերոբյանը ոչ մի հարցից տեղյակ չէ, եւ ոչ մի հարց չի լուծվել։

Խաղողագործը դեռ մարտ-ապրիլ ամսին պետք է իմանա, թե ինչ ծավալի խաղող է հանձնելու, որ գործարարանին է հանձնելու եւ ինչ գնով։ Այս տարի փոթորիկի նախանշան չկար, ամեն ինչ նորմալ էր։ Ապրիլին կոնյակի գործարանը հայտարարեց մթերման ծավալները, գինն էլ հայտարարեց ցածր՝ 115 դրամ, բայց դրանից հետո խաղողի գինը պետք է աճեր՝ հաշվի առնելով պետական ինֆլացիան՝ պետության վիճակագրական վարչության կողմից ընդունված։ Ինֆլացիան երեք տարիների ընթացքում կազմել է 5-6 տոկոս։ Եթե 2018 թվականին խաղողն ընդունվել է 140 դրամով, ապա հիմա պետք է ընդունվեր 170-ից 180 դրամով»,- հայտնում են բողոքի ակցիայի մասնակիցները:

Խաղողագործների խոսքով՝ իրենք կուսակցական չեն, եւ իրենց ակցիան էլ չպետք է քաղաքական շահարկման առարկա դառնա։

Ն. Պ.

 

 

939 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 939 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 255648 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1669977, վերջին մեկ օրում` 5823 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 11396 պացիենտ. մեկ օրում ավելացել է 324-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 237855 անձ, վերջին մեկ օրում՝ 592 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 5200 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1197 է:

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով տրանսպորտային միջոցների երթեւեկության հապաղումներից եւ խցանումներից խուսափելու համար 2021թ. սեպտեմբերի 24-ին Երեւան քաղաքի Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Գայի պողոտայում կապամոնտաժվի դեպի ձախ՝ դեպի Հովհաննիսյան փողոց երթեւեկությունը կարգավորող T2 տիպի լուսացույցը, եւ այսուհետ Գայի պողոտայից նշված ուղղությամբ երթեւեկությունը կկարգավորվի T1 տիպի հիմնական լուսացույցի ազդանշաններով:

 

 

ՕԴՆ ԱՂՏՈՏ Է

Նշենք, որ օդի աղտոտվածությունն ավելի վտանգավոր է, քան կարծում էին նախկինում. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ հիմնական աղտոտիչ նյութերի, ինչպես, օրինակ, ազոտի երկօքսիդի առավելագույն անվտանգ մակարդակը նվազում է: BBC News-ը հայտնում է, որ  ըստ ԱՀԿ տվյալների՝ ամեն տարի օդի աղտոտվածությամբ պայմանավորված հիվանդություններից 7 մլն մարդ է մահանում աշխարհում: Համաշխարհային կառույցը կոչ է անում իր 194 անդամ երկրին նվազեցել թունավոր նյութերի արտանետումների մակարդակը եւ քայլեր ձեռնարկել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար:

 




Լրահոս