Ինչո՞վ է զբաղված Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը, երբ Երեւանի կոնտրոնում գրեթե ամեն օր կրակոցներ են, ինչի հետեւանքով մարդիկ են սպանվում:
Իրավապահ համակարգը բավականին ակտիվ կերպով զբաղված է կա՛մ վարչապետի անվտանգությունը ապահովելով, կա՛մ ճանապարհաները փակած քաղաքացիներին չեզոքացնելով
Խոսենք փաստերով
Հունիսի 2-ին Երեւանում՝ Աբովյան փողոցում, սպանություն էր տեղի ունեցել: Սպանվել էր քրեական հեղինակություն Քյավառցի Ռաֆո անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովհաննես Վարդանյանը: Հանցագործի թիրախում, սակայն, Մարդոյանն է եղել: Ըստ իրավապահների՝ հանցագործությունը կատարել է 23-ամյա Ալեքսանդր Բուզմառեւը՝ օտարերկրյա քաղաքացի: Սպանությունից հետո ենթադրյալ մարդասպանը Գյումրու օդանավակայանից լքել է Հայաստանը, եւ մինչ օրս՝ 3 ամիս անց, նրան իրավապահները չեն բռնել:
Հերթական սպանությունը՝ Կենտրոնում
Հուլիսի 10-ին սպանություն եւ սպանության փորձ է տեղի ունեցել Երեւանի կենտրոնում: «Անի Պլազա»-ի մոտ կրակոցներ էին հնչել, եւ դանակահարել էին մեկ անձի, ինչի հետեւանքով մեկ անձ մահացել էր: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ սպանվածն ու վիրավորը սովորել են Լենինգրադի ազգային անվտանգության ծառայությունում եւ Հայաստան էին տեղափոխվել ՀՀ ԱԱԾ-ում աշխատելու նպատակով: Մեզ հասած լուրերի համաձայն՝ մոտ մեկ շաբաթից պետք է աշխատանքի անցնեին ԱԱԾ-ում: Ավելին՝ իրավապահներն այս պահին փնտրում են BMW մակնիշի մեքենա, որով, ըստ նախնական վարկածի, դեպքի վայրից հեռացել է սպանություն կատարողը:
Թիրախում «Մոսկվա» կինոթատրոնի բակն էր
Հերթական անգամ սեպտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Երեւանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ, կրակոցներ են հնչել: Կրակել էին Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու՝ Սերգեյ Մելիքյանի վրա եւ եւս երկու անձի վրա, ինչի հետեւանքով դեպքից մեկ օր անց վիրավորներից մեկը մահացավ հիվանդանոցում. իրավապահները փնտրում են պատգամավորի որդու եւ նրա ընկերների վրա կրակած անձին:
Երեկ հերթական կրակոցը հնչեց Հաղթանակ զբոսայգու մոտ. կրակել էին ամուսինների վրա:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կրակոցների հետեւանքով սպանված 27-ամյա աղջիկը Վանաձոր քաղաքի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Դիանա Դարբինյանն էր, իսկ, ահա, նրա հայրը բոլորին հայտնի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր Բագրատիոն Դարբինյանն է:
Ի դեպ, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ մինչ կրակոցները Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկում սպանված կինը եւ նրա ամուսինը վիճաբանել են ինչ-որ անձանց հետ, որից հետո պայմանավորվել են հանդիպել «Հաղթանակ» զբասայգու տարածքում: Հասնելով դեպքի վայր՝ Դիանա Դարբինյանը եւ իր ամուսինը չեն էլ հասցրել իջնել մեքենայից, նրանց մոտեցել է մեկ այլ մեքենա եւ անկանոն մի շարք կրակոցներ է արձակել ամուսինների ուղղությամբ, ինչի հետեւանքով երիտասարդ աղջիկը մահացել է:
Նկատենք որ կատարված սպանությունների կասկածյալներին իրավապահները չեն կարողանում բռնել, ինչը ենթադրել է տալիս, որ հնարավոր վենդետան կանխված չէ, ու իրավապահները մայրաքաղաքում իրավիճակը չեն կարողանում վերահսկել կամ արդյունավետ գործիքներ չեն կիրառում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են կիբեռհանցագործության դեպքեր:
Ըստ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ Վ.Ս.-ն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություններ կատարելու ուղղությամբ հանցակցելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Ն.Կ.-ի հետ եւ վերջիններս միասնական դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեւական ժամանակ հանցավոր ճանապարհով ձեռք են բերել ֆինանսական միջոցներ:
Այսպես, 2020թ. ընթացքում Ն.Կ.-ի կողմից «https://www.facebook.com/» սոցիալական կայքում «https://www.facebook.com/104110805147302» հղումով ստեղծվել է «Money Man credit» անհատական տվյալներով օգտահաշիվ` որպես վարկային կազմակերպության էջ:
Ձեւավորած էջի միջոցով ներկայանալով որպես վարկային կազմակերպության գործակալ՝ 2020թ. հոկտեմբերի 30-ից մինչեւ 2021թ. հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, խեղաթյուրելով իրականությունը, բանկային քարտի կամ «Թել-Սել Ուալետ» էլեկտրոնային դրամապանակի հաշվում առկա գումարի հնգապատիկի չափով վարկ տրամադրելու պատրվակով խաբեությամբ պարզել են համացանցի հիշյալ սոցիալական կայքի օգտատերերի անվամբ թողարկված բանկային քարտերի վավերապայմանները, դրանց կցված բջջային հեռախոսահամարներին ելքային փոխանցումներ կատարելու նպատակով թվերի տեսքով ստացված գաղտնաբառերը:
Վերջիններս, ներկայացնելով որպես իրենց կողմից փոխանցվող վարկի հաստատման գաղտնաբառ կամ նրանց անվամբ եւ նույնականացման տվյալներով «Թել-Սել» ՓԲ ընկերությունում գրանցված «Թել-Սել Ուալետ» էլեկտրոնային դրամապանակների մուտքանունների եւ գաղտնաբառերի կիրառմամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել էլեկտրոնային դրամապանակներին, տնօրինել հաշիվները եւ փոխանցումներ կատարելու եղանակով հափշտակել դրանցում առկա խոշոր չափերի՝ ընդհանուրը 1.041.900 ՀՀ դրամ գումարը:
Հաշվի առնելով կիբեռհանցագործության այս տեսակի տարածումը՝ վարույթն իրականացնող մարմինը հորդորում է, որ ինչպես վերոնշյալ անձանց կողմից կատարված, այնպես էլ համանման այլ հանցավոր արարքներից տուժած քաղաքացիները դիմեն իրավապահ մարմիններին՝ միաժամանակ նաեւ զերծ մնալով սոցիալական ցանցերում կամ համացանցային այլ հարթակներում նմանատիպ գործարքներում ընդգրկվելուց կամ անձնական տվյալներ տրամադրելուց:
«ԿՈԿԱԻՆ» Է ԹԱՔՑՐԵԼ ՍՏԱՄՈՔՍՈՒՄ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը:
Մասնավորապես, Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ հնարավոր է՝ Սան-Պաուլո-Դոհա-Երեւան ավիաչվերթով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղեւորներից մեկը «Կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության է ենթարկվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացու ուղեբեռը, ինչից հետո որոշում է կայացվել կիրառել մաքսային հսկողության բացառիկ ձեւ` անձնական մաքսային զննում: Բրազիլիայի քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է բժշկական հաստատություն:
Համակարգչային տոմոգրաֆիայի եւ հետագա բժշկական միջամտության արդյունքում պարզվել է, որ տվյալ քաղաքացին կուլ տալու եւ ստամոքսում պահելու եղանակով Բրազիլիայից Հայաստան մաքսանենգությամբ տեղափոխել է «Կոկաին» տեսակի թմրանյութի պարունակությամբ 80 պատիճ` 746 գրամ ընդհանուր քաշով: Ի դեպ, Գ.Ռ.-ի ուղեւորությունը Բրազիլիայից Հայաստան տեւել է շուրջ 24 ժամ:
Հարկ է նշել, որ ստամոքսում պահելու եղանակով թմրանյութերի տեղափոխումը մեծ վտանգ է ներկայացնում փոխադրող անձի կյանքի համար` հաշվի առնելով, որ երկար թռիչքների ժամանակ առկա է պատիճներից թմրանյութի արտահոսք տեղի ունենալու վտանգ, որը գերդոզավորման պատճառով հանգեցնում է փոխադրող անձի մահվան: ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Բրազիլիայի քաղաքացին կալանավորվել է: Իրականացվում է նախաքննություն: Հայտնաբերված եւ առգրավված թմրանյութի արժեքը Հայաստանի սեւ շուկայում կազմում է շուրջ 300.000 ԱՄՆ դոլար:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից շարունակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով: