«Կարծում եմ՝ խաղաղապահ առաքելությունը կերկարաձգվի այն պարզ պատճառով, որ դժվար թե 2025 թվականին հակամարտությունը կարգավորվի։ Իսկ խաղաղապահ առաքելությունը սովորաբար դադարեցնում է իր աշխատանքը, եթե հակամարտությունը կարգավորված է համապարփակ ձեւով։ Եթե կարգավորված չէ, այդ դեպքում ի՞նչ տրամաբանություն կա խաղաղապահ առաքելություն բերել, տեղակայել ընդամենը 4 տարով, 5 տարով, եթե նույնիսկ այդ ժամանակահատվածում նույնպես կարգավորված չի լինելու հիմնախնդիրը։ Հետեւաբար պետք է պարզապես աշխատենք, ճիշտ աշխատենք, հնարավորինս նվազեցնենք էմոցիաները, սառնասրտորեն մոտենանք, գործերին պրոֆեսիոնալ մոտենանք, որպեսզի կարողանանք մեզ համար ցանկալի ձեւով արդյունք ձեւավորենք», -այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության երկարաձգման հնարավորությանը։
Ադրբեջանի հայտարարությունը, թե հակամարտությունը կարգավորված է, եւ ռուսական զորակազմը ժամանակավորապես է տեղակայված Արցախում, Դավիթ Բաբայանի կարծիքով, ընդունելի չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության համար։
«Ե՛վ Ռուսաստանը, եւ՛ ԱՄՆ, եւ՛ Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով իրենց հայտարարություններում խոսել են Արցախի կարգավիճակի մասին տարբեր համատեքստերում եւ նշել են, որ կարգավիճակի հարցը դեռեւս լուծված չէ՝ սրանով իսկ ուղղակիորեն ընդգծելով, որ Արցախը Ադրբեջան չէ, որ կարգավիճակի հարցը դեռ պետք է լուծվի», – ասել է Արցախի ԱԳ նախարարը։
Նա, սակայն, ակնհայտ է համարել, որ երկար ժամանակ լուծման սպասող Արցախի կարգավիճակի բարդ խնդիրը 2-3 տարում լուծվել չի կարող՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի անփոփոխ քաղաքականությունը։ Այս պայմաններում միջազգային հանրությունը, Դավիթ Բաբայանի խոսքով, պետք է նաեւ հստակ պատկերացնի, որ Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակով պարզապես անհնար է։
«Միջազգային հանրությունն էլ պետք է լավ պատկերացնի, որ սա այն կարմիր գիծն է, որը չի կարելի խախտել։ Այսինքն՝ եթե միջազգային հանրությունը մտածում է, որ Արցախը կարող է գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում ինչ-ինչ կարգավիճակով, ապա դա ունի միայն երկու հետեւանք. մեկը՝ նոր պատերազմ, մյուսը՝ Արցախի բնակչության մասսայական լքում՝ հայաթափում. այլ տարբերակ չկա», – ասել է Դավիթ Բաբայանը։
Նա հավելել է, որ թեպետ Ադրբեջանում չափազանց ցանկալի կլիներ այդ տարբերակը, սակայն եթե այնտեղ մտածում են, որ դա հնարավոր է իրականացնել, չարաչար սխալվում են։
ԽԱԽՏԵԼ Է «ՏԻՄ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքը եւ այդ տարածաշրջանի Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեւան, Դովեղ, Բերդավան գյուղերը միավորող Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները կայացել են 2016թ. սեպտեմբերի 18-ին։ Նույն օրը տեղի են ունեցել նաեւ Այրում քաղաքը եւ Հաղթանակ, Արճիս, Լճկաձոր, Դեղձավան, Պտղավան, Բագրատաշեն, Դեբեդավան գյուղերը միավորող Այրում խոշոր համայնքի ղեկավարի ու ավագանու, Կողբ եւ Զորական գյուղերն ընդգրկող Կողբ խոշոր համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ։
Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի պաշտոնական լիազորությունների ժամկետն ավարտվել է 2021թ. սեպտեմբերի 18-ին, Այրում խոշոր համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի եւ Կողբ խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի պաշտոնական լիազորությունների ժամկետն ավարտվել է 2021թ. սեպտեմբերի 24-ին։ Այդ պաշտոնյաները հիմա շարունակում են պաշտոնավարել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր նշանակել այդ խոշոր համայնքների ժամանակավոր պաշտոնակատարներ, սակայն ցայսօր չի կատարել։ Դա «ՏԻՄ մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1 մասի խախտում է. այդտեղ նշված է. «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»։
Սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշանակել է Իջեւանի տարածաշրջանի Կիրանց, Վազաշեն, Սեւքար եւ Գետահովիտ համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ, այդ պաշտոններում նշանակվել են մինչեւ այդ որպես համայնքի ղեկավար պաշտոնավարած անձինք։ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, մարզպետ Հայկ Ղալումյանը համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հարցում ավելի օրինապահ է եղել, քան իր սանիկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկություններ կան, որ նախկին Նոյեմբերյանի շրջանի 3 խոշոր համայնքները՝ Նոյեմբերյանը, Կողբը եւ Այրումը, կմիավորվեն, եւ դեկտեմբերի 5-ին կկայանան 19 բնակավայար ընդգրկող այդ խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ