«ՊԱՊԱՅԻՍ ՇԱՏ ԵՄ ԿԱՐՈՏՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմն աննկատ չի անցել նաեւ արցախցի Բաբայանների ընտանիքի կողքով: Երկու եղբայրները՝ Վահագնը եւ Վանիկը, պատերազմի առաջին իսկ օրվանից եղել են առաջնագծում եւ մինչեւ արյան վերջին կաթիլը  կռվել եւ պահել են հարազատ Մարտունի քաղաքը: ArmLur.am-ն այցելել է զոհված զինվորների ծնողների համար սրբատեղի դարձած «X զորամաս» կոչվող վայրը, որտեղ զրուցել է սփոփանքի աղբյուր փնտրող հերոս Բաբայան եղբայրների ընտանիքի անդամների հետ:

 

Նշեք, որ պատերազմի սկզբում մայոր Վահագն Բաբայանն իր սխրագործությունների համար փոխգնդապետի կոչում է ստացել եւ  պարգեւատրվել «Մարտական խաչ» մեդալով, սակայն նոյեմբերի 9-ի հրադադարից ժամեր առաջ թշնամու անդադար կրակից Վահագնը զոհվել է, բայց պատվով է պահել եւ պաշտպանել իրեն վստահված դիրքն ու զինվորներին:

Հաճախել է գյուղի դպրոցը, բարձր դասարաններում սովորել Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Արցունքառատ աչքերով Վահագնի կինը՝ Սաթիկը, պատմում է, որ գեթ մեկ օր չի մտածել, որ հնարավոր է՝ այլեւս նրանք ետ չվերադառնան, որ անվերջ սպասելու են նրանց զանգին:

«Պատերազմի ընթացքում եղել են Ստեփանակերտում, իսկ  մինչ այդ ապրել ենք Մարտունի քաղաքում: Ամուսինս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո  յոթ տարի ծառայել է Մարտունի 3-ում որպես դասակի հրամանատար: Բոլորը գիտեն, թե ինչքան հոգատար սպա է եղել զինվորների նկատմամբ, մշտապես եղել է դիրքերում իր զինվորների կողքին, այնուհետեւ ստացել է մայորի կոչում, եւ տեղափոխվել ենք Ստեփանակերտ, որտեղ հասցրել ենք ապրել ընդամենը մեկ տարի՝ մինչեւ պատերազմի սկսվելը: Պատերազմից մեկ օր առաջ զորամասում հերթապահության է եղել, երբ սկսվել է պատերազմը, արդեն 27-ի առավոտյան զանգեց, ասաց, որ անհանգստանալու կարիք չկա, բայց վիճակը գնալով լրջանում էր, եւ պետք է շուտ դուրս գային Ստեփանակերտից: Ամեն օր խոսել ենք, անգամ եղել է, որ օրվա մեջ մի քանի անգամ ենք խոսել: Երբեք չենք մտածել, որ կարող է այլեւս չտեսնենք նրանց, միշտ վստահ ենք եղել, որ լավ է լինելու, բացի այդ, արդեն անցել էր մեկ ամսից ավելի, եւ հավատում էինք, որ ողջ-առողջ ետ են դառնալու:

Վահագնի դուստրը՝ փոքրիկ Եվան, աչքերը լայն բացած, ուշադիր լսում էր մայրիկին, եւ կարծես այդ փոքրիկ աղջկա մեջ էին ամփոփված մոր մխիթարանքն ու հույսը:

«Պապայիս շատ եմ կարոտում, չգիտեմ…Սպասում եմ, ոչ մի բանի մասին չեմ երազում»,- արցունքները աչքերից հոսելով՝ ատամների արանքից մի կերպ բաց է թողնում այս խոսքերը փոքրիկ Եվան:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս