ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիում երեկ գրեթե երեք ժամ տեղի է ունեցել ռուս-թուրքական բանակցությունները. Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում էին ոչ միայն երկկողմ հարաբերություններին, Սիրիային վերաբերող հարցեր, այլեւ հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում։

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ճանապարհելիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասել է, թե բանակցությունները շատ արդյունավետ էին եւ բովանդակալից:

Այցից առաջ Էրդողանը հրապարակավ նշել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը՝ ընդգծելով, որ առաջընթացի համար Հայաստանը պետք է տեսանելի քայլեր ձեռնարկի «Զանգեզուրյան միջանցքի» բացման ուղղությամբ։

Ընդունելով հյուրին՝ Ռուսաստանի նախագահն, ի դեպ, չի արտաբերել Լեռնային Ղարաբաղի անունը։ Խոսելով Աղդամում տեղակայված, հրադադարի պահպանմանը հետեւող ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի մասին՝ Վլադիմիր Պուտինն այն ներկայացրել է որպես կենտրոն, որը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին։

«Արդյունավետ գործում է կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը՝ հայ-ադրբեջանական սահմանին», – ասել է Պուտինը։

Պուտինը Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե այդ կենտրոնի ակտիվ գործունեությունը կայունության եւ հակամարտող կողմերի հնարավոր հաշտեցման լրջագույն երաշխիք է:

Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը սկսելիս Ռուսաստանի նախագահն ընդգծել էր, թե երկկողմ բանակցությունները երբեմն բարդ են անցնում, սակայն միշտ հաջողվում է դրական լուծումներ գտնել։ «Բանակցությունները հեշտ չեն լինելու, բայց հաստատ՝ դրական արդյունքով։ Կառույցները սովորել են գտնել փոխզիջումային տարբերակներ», – ասել է Պուտինը։

Վլադիմիր Պուտինը  նաեւ ասել է, որ ռուս-թուրքական բազմաբովանդակ հարաբերություններն ակտիվ զարգանում են՝ չնայած համավարակի։ Այսպես, ռուսական ներդրումները թուրքական տնտեսությունում այսօր կազմում են շուրջ վեցուկես միլիարդ դոլար, երկու երկրները հավակնոտ մի շարք համատեղ ծրագրեր են իրականացնում՝ «Ակկույու» ատոմակայանի կառուցումը, որի առաջին բլոկը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, կսկսի գործել արդեն եկող տարի, «Թուրքական հոսք» գազատարը, որին Պուտինն էր հատուկ անդրադարձել։

Թուրքիայի նախագահը բանակցություններին կարեւորել է նաեւ համագործակցությունը միջազգային ասպարեզում՝ շեշտելով, թե խաղաղությունը Սիրիայում կախված է Ռուսաստանից եւ Թուրքիայից։

Բանակցությունները դեմ առ դեմ ձեւաչափով էին, բացի նախագահներից, ներկա էին միայն թարգմանիչները։ Բանակցություններից հետո էլ երկու երկրների ղեկավարները շարունակել են շփումը աշխատանքային ճաշի ժամանակ։

Հետաքրքիր է, որ, չնայած բանակցությունների այս ձեւաչափին, Սոչի Էրդողանի հետ ժամանել է նաեւ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը։

Բանակցությունների հիմնական հարցը, ըստ պաշտոնյաների, սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակն է, որի շուրջ Անկարան ու Մոսկվան լուրջ տարաձայնություններ ունեն։

Bloomberg-ն  հայտնել էր, թե Էրդողանը մտադիր է Վլադիմիր Պուտինից օգնություն խնդրել՝ Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ջոկատներին մեկուսացնելու համար։

Ըստ այդ աղբյուրների՝ Անկարան պահանջում է Կրեմլից կյանքի կոչել տարիներ առաջ՝ դեռ 2019-ին ձեռք բերված ռուս-թուրքական գործարքը, որի համաձայն՝ քուրդ զինյալները պետք է հեռանան Թուքիայի հետ սահմանակից Մանբիջ եւ Թել Ռիֆյաթ քաղաքներից. գրել է Bloomberg-ը։

Այն, որ կողմերը տարաձայնություններ ունեն, չեն թաքցնում ո՛չ Անկարայում, ո՛չ Մոսկվայում։ Դրանցից մեկն էլ Ղրիմի բռնակցումն է, որի շուրջ վերջին շաբաթներին թուրքական կողմը գնալով ավելի ու ավելի կոշտ հայտարարություններ է տարածում

Մյուս կողմից, թե՛ պաշտոնական Մոսկվան, թե՛ Անկարան հավաստիացնում են, որ Էրդողանն ու Պուտինը կկարողանան գտնել բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նախկինում։

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար ընդգծում է՝ ռուս-թուրքական հարաբերությունները շատ հարուստ են եւ բազմաբովանդակ։ Էրդողանն էլ ավելի վաղ հայտարարել էր՝ մտադիր է Պուտինի հետ բանակցություններում շատ կարեւոր որոշում կայացնել։ Թե կոկրետ ինչ որոշման մասին է խոսքը, Էրդողանը չի մանրամասնել։

Վերլուծաբանները գրում են, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, ռուսական սպառազինության ձեռք բերման շուրջ նոր համաձայնագրի մասին է։

Ն.Հ.

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾԸ ՆԱՄԱԿ Է ԹՈՂԵԼ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Կիեւյան կամրջից երեկ ինքնասպան եղած քաղաքացու դեպքից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ինքնասպան եղած 61-ամյա տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ է, ամուսնացած էր եւ ուներ մեկ երեխա: Վերջինս մարզում հայտնի է որպես տաղանդավոր նկարիչ, եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրա կինը տանը հայտնաբերել է նամակ, որը ինքնասպանությունից առաջ թողել է ամուսինը: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ նամակում ինքնասպան եղած տղամարդը գրել է, որ սա պետք է լիներ ավելի շուտ: Իր այս քայլի համար որեւէ մեկին չմեղադրեն, եւ նա իր ունեցվածքը կտակում է կնոջն ու որդուն: Նշենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիեւյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։ Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Մաշտոցի ոստիկաններն օպերատիվ տվյալներով պարզեցին, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 61-ամյա Ռաֆիկ Ք-ն էր։ Փաստի առթիվ Կ. Պոտոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԵՐԸ ԿՀԱՐԿՎԵՆ

Հաջորդ տարվա հունվարի 1-ից Էլեկտրոնային գրքերը, համացանցում վաճառվող ֆիլմերն ու երգերը կհարկվեն: Մինչ այդ նշենք, որ համացանցում կատարվող տարբեր գործարքները, օրինակ` էլէկտրոնային գրքեր կամ տարբեր համակարգչային ծրագրեր գնելը, համացանցում վճարովի ֆիլմեր դիտելն ու երգեր լսելը հարկման ենթակա չէին։ Գործադիրը որոշել է լիրաժեք վերահսկել ոլորտը։ «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ էլեկտրոնային հարթակ է գործելու, որի միջոցով, այցելելով Պետական եկամուտների կոմիտեի կայք, ոչ ռեզիդենտ ընկերությունը հնարավորություն է ունենալու գրանցվել, ստանալ հարկ վճարողի համար, ներկայացնել լիազոր անձի տվյալներն ու էլեկտրոնային հարթակի միջոցով հարկային մարմին ներկայացնել համապատասխան հաշվարկն ու կատարել վճարում։ Հարկային պարտավորությունները հաշվարկվելու են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ։ Ի դեպ, որոշման այս նախագիծը չի վերաբերելու համացանցով կատարվող նյութական գնումներին, արտերկրից դեպի Հայաստան տարբեր ապրանքների առաքումներին, սակայն «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում այս ոլորտում եւս վերահսկողություն կիրականացվի. խոսքը օնլայն առեւտրի մասին է։ Ինչպես հայտնի է, մեր օրերում օնլայն առեւտուրը լայն տարածում է գտել եւ էժան գնի պատճառով զարգանում է։

 

 

ՍՊԱՌՄԱՆ ԵԶՐԻՆ

«Ցավալին այն է, որ նոյեմբերի 9-ի դրությամբ ադրբեջանական կողմի հարձակողական ռեսուրսը գրեթե սպառման եզրին էր»,- նշել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: «Ալիեւը անկեղծ խոստովանում է: Ինքն իհարկե, փորձում է գունեղ ներկայացնել իրենց բանակի դերն այս պատերազմում, բայց իրենք առաջին օրը չեն ճեղքել մեր պաշտպանությունը: Մոտ մեկ շաբաթ հարավարեւելյան ուղղությամբ ռազմաճակատի գիծը եղել է բավական կայուն: Եթե նոյեմբերի 9-ին այստեղ իշխանափոխություն լիներ, եւ մենք մի փոքրիկ աջակցություն ստանայինք դաշնակից Ռուսաստանից եւ բարեկամ Իրանից, ես վստահեցնում եմ, որ պատկերը բոլորովին այլ կլիներ: Ողբերգությունն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն մարտի դաշտում է ստացել տարածքներ, այլ նոյեմբերի 9-ին, երբ Ադրբեջանը շնչահեղձ էր լինում, այդ պահին ստորագրվում է կապիտուլյացիա, եւ հանձնվում է տարածք, որը որեւէ հաշվարկով ադրբեջանական բանակը չէր կարող զավթել»,-ասել է նա:

 

 

ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ առաջիկայում պլանավորում Է այցելել Ադրբեջան ու Հայաստան, եւ հույս ունի, որ դրական դեր կխաղա հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում. այս մասին հաղորդել ՏԱՍՍ-ը: «Վաղը ես ուղեւորվում եմ Բաքու: Հանդիպում կունենամ նախագահ Ալիեւի հետ: Երբ վստահություն կա երկրների եւ ղեկավարների միջեւ, կարծում եմ՝ բոլոր հարցերը կլուծվեն հարկ եղած ձեւով: Ես նույն այդպիսի հարաբերություններ ունեմ Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ, ով մի քանի շաբաթ առաջ եղել Է Թբիլիսիում: Առաջիկայում ես նաեւ պլանավորում եմ այցելել Հայաստան: Կարծում եմ, որ կկարողանամ իմ ողջ Էներգիան ներդնել հարաբերությունների (Երեւանի եւ Բաքվի միջեւ.-խմբ.) կարգավորման գործում եւ դրական դեր խաղալ»,- ասել է Վրաստանի վարչապետը:

 

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻՑ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին։ Իբրահիմ Քալընը նշել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը դրական են նայում։ «Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցվել են 1992-ին Ղարաբաղի պատճառով։  Ղարաբաղի խնդրում դեռեւս չկարգավորված հարցեր կան։ Զինադադար է կնքվել, սակայն խաղաղության համաձայնագիր դեռ չի ստորագրվել։ Անհրաժեշտ է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։  Դա թե՛  Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի համար կարեւոր է»,-ասել է Իբրահիմ Քալընը։

 




Լրահոս