Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ աշխատողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել իր հաշվին կատարված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։
Հոկտեմբերի 1-ին ընդառաջ հանրակրթական դպրոցներում արդեն մեկնարկել են թեստավորումները։ Դպրոցների մեծ մասը կոլեկտիվ հայտեր է ներկայացրել տարբեր լաբորատորիաներ, որոնք ՊՇՌ թեստի համար որոշակի զեղչեր են արել՝ 8-11 հազար դրամ։ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության նախկին պետ Նարինե Հովհաննիսյան խոսքով՝ եթե թեստավորման պահանջը կա, ուրեմն ուսուցիչը պետք է թեստավորվի։ «Գուցե այդ ժամկետը երկարաձգել է պետք, ո՛չ 2 շաբաթը մեկ պայմանով, բայց նա պետք է թեստավորվի, որ տեսնի իր վիճակը, քանի որ այսօր վիրուսն իսկապես տարածված է, ու դա նախ իր եւ իր կոլեկտիվի համար է անհրաժեշտ։ Ես կարծում եմ՝ այդ ժամկետը կարելի է երկարացնել, նաեւ վճարի հարցը լուծել, որպեսզի դա լինի անվճար, եւ ուսուցիչներն անցնեն այդ թեստավորումը, մինչեւ պատվաստման խնդիրը լուծվի։ Որովհետեւ կան հղիներ, առողջական խնդիրներով մարդիկ, այդ բոլորը պետք է պարզաբանվի բժիշկների հետ, որպեսզի ինքը կարողանա այդ պատվաստումն անի։ Հետո՝ ուսուցիչն այն կատեգորիան է, այն հարկավոր դաշտն է, որ մենք պետք է նրանց հետ շատ զգույշ լինենք, եւ ոչ թե դրա պատճառով ուսուցիչն ազատվի աշխատանքից կամ անհարկի նկատողություն ստանա»,- ասում է նա։
Նարինե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ եթե թեստավորումն անվճար լինի եւ ոչ 2 շաբաթը մեկ, այլ ամիսը մեկ անգամ, գուցե այդ ժամկետի մեջ ուսուցիչը կարողանա կողմնորոշվել եւ գնա պատվաստման։ «Կարծում եմ՝ Առողջապահության նախարարությունն այստեղ խնդիր ունի ավելի ճիշտ պարզաբանումներ անելու, որովհետեւ այսօր ոչ միայն ուսուցիչները, այլ նաեւ սովորական քաղաքացիները չգիտեն, թե ինչ է տալիս այդ պատվաստումը։ Մի մասն ասում է՝ պատվաստվում ես, բայց վարակվում ես, մի մասը՝ այլ բան, տարբեր կարծիքներ կան, եւ դրա համար պետք է խոսել, քննարկել, համոզել»,- ասում է Հանրակրթության վարչության նախկին պետը։
Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանի կարծիքով էլ՝ այսօր ամբողջ աշխարհում է մարդու առողջության, անվտանգության խնդիրը դրված։
«Չմասնավորեցնենք իքս դպրոց, իգրեկ պետություն, զեթ նախարարություն, ես կողմ չեմ այդ ամենը քաղաքականացնելուն եւ մասնավոր դեպքեր քննարկելուն։ Օրինակ, իմ կոլեկտիվում, որտեղ ես հիմնադիր եմ, 60 տոկոսը պատվաստվել է, մնացածն էլ թեստավորվելու է։ Յուրաքանչյուր մարդ թող ինքը որոշի իր անելիքը, ես ո՛չ սպառնալիք եմ լսել, ո՛չ պարտադրանք։ Կոնկրետ մենք՝ բոլորս, ամսի 1-ին թեստավորվելու ենք, 14 օր հետո 2-րդ անգամ կթեստավորվենք, մնացածն էլ կպատվաստվեն։ Ես այստեղ որեւէ սպառնալիքի մասին չեմ ուզում խոսել եւ այդ բառն անտեղի եմ համարում։ Աշխատանքային օրենսգրքով որեւէ կետ չկա, որ առաջնորդվենք այդ կետով եւ մարդուն աշխատանքից զրկենք, դրա իրավունքը որեւէ մեկս չունենք, մենք պետք է հարգենք մեր օրենքներն ու խելացի մոտենանք այս հարցին,- ասում է Գ. Սողոմոնյանն ու հավելում, որ պատրաստ է այս հարցով տարբեր քննարկումների մասնակցել։- Սա այնպիսի հիվանդություն է, որ մինչեւ հիմա լիարժեք բացահայտված չէ, եւ այս պահին տարբեր մոտեցումներ ու կարծիքներ կան»։
Չնայած վտանգի գիտակցմանը՝ Գ. Սողոմոնյանը չի պատվաստվել, դեռ մտածում է, բայց պատրաստվում է հանձնել ՊՇՌ թեստ. «Ես էլ եմ ուզում հասկանալ՝ այսպես ուր ենք գնում, կարող է որոշում կայացնեմ, կարող է՝ ոչ, դեռ չեմ կարող հստակ ասել, որովհետեւ ինքս էլ անհանգիստ եմ եւ ուսումնասիրում եմ։ Առողջապահության նախարարի ելույթները պարտադիր լսում եմ ու ունեմ տարբեր կարծիքներ այդ ելույթների մասին, որովհետեւ ձեզ թվում է, թե ինքն ամեն ինչ անգիր գիտի՞, կամ ինչ ասում է՝ հավատո՞ւմ է իր ասածներին։ Նա էլ է մարդ, անընդհատ ուսումնասիրում է, տարբեր տեղերից ինֆորմացիա վերցնում։ Այնպես որ, չկա մոլորակի վրա մարդ, որ կարող է քովիդի կրկնավարակների, պատվաստումների մասին հստակ կարծիք հայտնել»։
Ն. Հ.
ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՔԿՀ-ՈՒՄ
Սեպտեմբերի 20-ին՝ ժ. 16.30-ից մինչեւ ժ.17.00-ն ընկած ժամանակահատվածում, «Արմավիր» ՔԿՀ-ի 4-րդ տեղամասի կալանավոր Կարեն Մելքոնյանը տաքսոֆոնից զանգելու պատրվակով դուրս է եկել խցից, դրսեւորել է ոչ ադեկվատ վարքագիծ, սեփական եսը կարեւորելու նպատակով դրսեւորելով բացահայտ ցինիզմ, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել տեղամասի կալանավորված անձանց ու դատապարտյալների հասցեին, որի ժամանակ չի ենթարկվել եւ հանդիմանել է տեղամասում հերթափոխային ծառայություն իրականացնող ԱԱԲ առաջատար մասնագետ, արդարադատության կապիտան Գեւորգյանին, խաթարել է տեղամասի բնականոն աշխատանքը, անհանգստություն պատճառել տեղամասում պահվող կալանավորված անձանց ու դատապարտյալներին, որի ընթացքում տեղամասում գտնվող եւ տաքսոֆոնից օգտվող կալանավորված անձինք` Ալյազ Ամոյանը, Գրիգոր Ստեփանյանը, Վանիկ Կիրակոսյանը, Գեւորգ Եղիազարյանը ծեծի են ենթարկել Կ. Մելքոնյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում: Նշանակվել է ԴԲՓ: Դեպքի առթիվ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում նախապատրաստվում են նյութեր:
ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու երկրների համար կառուցողական, անհրաժեշտ եւ օգտակար շփումներ են ունեցել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երեկ Սոչիում կայացած հանդիպումը: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղը, իրավիճակը Հարավային Կովկասում: Պուտինն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը: «Եվ, իհարկե, խոսվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին: Ռուսական կողմից ընդգծվել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանազատման եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ»,-ասել է Պեսկովը:
ՀԵՏ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վճարված ճանապարհային հարկի գումարները հետ կվերադարձվեն: Ինչպես հայտնի է, Հայաստանում գրանցված բեռնատար մեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը 2019 թվականի հունվարի 1-ից այլեւս չի համարվում ճանապարհային հարկով հարկման օբյեկտ, բայց այն 2019, 2020 եւ 2021 թվականների ընթացքում որոշ հարկ վճարողների կողմից շարունակվել է վճարվել: Եւ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այդ գումարները հետ կվերադարձնի Ֆինանսների նախարարությունը:
ԿՔՆՆԱՐԿԵՆ
Կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի սահմանամերձ շրջանների զարգացման 2022 թվականի ծրագիրը: Ընդունված որոշման հիմնավորման համաձայն՝ ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը, որով սահմանվում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 81 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 1 մլրդ 155 մլն 205.8 հազար դրամ։ Նախագծի ընդունմամբ՝ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:
ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ
Հայաստանի 2022 թվականի պետական բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 188.4 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27,8 տոկոսը: Այս մասին կառավարության նիստում ներկայացնելով բյուջեի նախագիծը՝ նշեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ավելացնելով, որ սա 2021-ի համեմատ ավելի է 18,2 տոկոսով: «2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվող տնտեսական ենթակառուցվածքային, կրթական եւ սոցիալական միջոցառումներն ընտրվել են այնպես, որ հանրային ֆինանսական ռեսուրսների մասով առկա սահմանափակումների պայմաններում լավագույն միջավայր ստեղծեն 2022-ին եւ հետագա տարիներին կառավարության կողմից սահմանված տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ունենալու թիրախին հասնելու համար»:
ԱԳՐԵՍԻՎ ԲՆՈՒՅԹ
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանական քարոզչական քաղաքականությունը հետպատերազմական փուլում առավել ագրեսիվ բնույթ է ստացել։ Մի կողմից՝ դա բխում է Ադրբեջանի՝ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության բնույթից, մյուս կողմից՝ Հայաստանից հակազդման քայլերի բացակայությունից։ Հակազդեցության բացակայությունն ակնհայտ դրսեւորվում է ոչ միայն քաղաքական, դիվանագիտական հարթությունում, այլ նաեւ տեղեկատվական/քարոզչական դաշտում։ Տեղեկատվական ռիսկերի կառավարման ճգնաժամը նոր՝ խորը բնույթի խնդիրների է հանգեցնելու, որը սուր դրսեւորումներ է ունենալու ամենատարբեր ուղղություններում»։